Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՍՊԱՍԻ՝ ՆՍՏԱՑՈՒՅՑ-ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՆ

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"Հետո կլինի որոշում՝ երկխոսությունը շարունակելու հարցում

Կոնգրես-կոալիցիա երկխոսության համար ձեւավորված կոալիցիոն աշխատանքային խումբը երեկ երեկոյան քննարկեց ՀԱԿ-ի՝ երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը: Քննարկումը տեւեց մոտ երկու ժամ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեկոյան, մոտ քսանն անց տասը րոպեին, կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները՝ Գագիկ Մինասյանը, Վարդան Բոստանջյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Մհեր Շահգելդյանը դուրս եկան եւ հայտարարեցին, թե ՀԱԿ-ի շուրջօրյա, կոալիցիայի անդամների որակմամբ՝ «անօրինական» հանրահավաքների դադարեցումը նախապայման է երկխոսության վերսկսման համար: Կոալիցիան կսպասի մինչեւ նստացույց-հանրահավաքների ավարտը, որից հետո որոշում կկայացվի երկխոսության շարունակության հարցում: Գագիկ Մինասյանը հարկ համարեց ասել, թե ՀԱԿ-ի ողջախոհությանն է թողնվում երկխոսության շարունակման հարցը:
Մինչ այդ կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հայտարարել էր, թե արտախորհրդարանական ընդդիմության առաջարկը կքննարկվի բոլոր կողմերից, կդիտարկվի նպատակահարմարությունը՝ կախված որոշ գործոններից՝ ընթացող հանրահավաքներից, երկխոսության առկախման բնույթից. «Համակողմանի քննարկում կլինի, եւ կգանք հավասարակշիռ որոշման»: Գագիկ Մինասյանը նաեւ հարկ էր համարել շեշտել, որ հարցը Հանրապետական կուսակցության ներսում չի քննարկվել, քանի որ ՀԱԿ-ին տրվելիք պատասխանը լիազորված է ձեւակերպել կոալիցիոն աշխատանքային խումբը: Հիշեցնենք, որ կոալիցիայի վեց հոգիանոց խմբից երկուսը այս պահին հանրապետությունում չեն՝ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ԲՀԿ ներկայացուցիչներից՝ Նաիրա Զոհրաբյանը:
Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության առկախումից առաջ երկխոսության օրակարգում ՀԱԿ-ի առաջ քաշած խնդիրներն արդեն իսկ քննարկվել էին, եւ քննարկումները հասել էին այն փուլին, երբ կոալիցիայի աշխատանքային խումբը ներկայացնում էր հիմնավորումներ, թե ինչու տրամաբանական չէ Կոնգրեսի առաջարկների կատարումը, եւ համապատասխանաբար ներկայացրել էր իր հիմնավորումները. «Ցավոք, այդ փուլում, կարծում եմ՝ ոչ պատահական, առկախվեց երկխոսությունը, երբ մենք պետք է անցնեինք այդ հիմնավորումների պարզաբանմանն ու քննարկմանը՝ արդեն մասնագետների, փորձագետների ներկայությամբ: Աշխատանքային քննարկման ժամանակ մենք պետք է հասկանանք նաեւ, թե ինչով էր պայմանավորված այդ անհիմն առկախումը հենց այդ փուլում, եւ ինչով է պայմանավորված այս փուլում երկխոսության վերսկսումը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն կարծիքին է, որ ՀԱԿ-ի կազմակերպած մեկշաբաթյա ակցիան պարզապես նախընտրական հնարք է, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր ռազմավարությունը: «Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է ՀԱԿ-ի կողմից ճիշտ ընտրված այս ակցիայի անցկացման պահը, երբ մի քանի օրից Ֆրանսիայի նախագահն է այցելելու Հայաստան, արդյոք Ազատության հրապարակում ստեղծված վրանային քաղաքը հենց ա՞յն է, ինչ մենք պետք է ցույց տանք Ֆրանսիայի նախագահին, Գալուստ Սահակյանը խիստ «ժողովրդավարական» պատասխան տվեց. «Ես կարծում եմ՝ Ֆրանսիայի ցանկացած քաղաքում նման վրաններ կան, նման արտահայտչաձեւ կա, մենք ընդամենը ընդօրինակել ենք եվրոպական ավանդական արտահայտման ձեւերին. դա, կարծում եմ, Եվրոպայում ավելի ժողովրդավար է երեւում»: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ ընդդիմությունն այժմ ավելի քաղաքակիրթ է. «Քանի որ հրահանգներ են տրվում՝ բարեկրթության սահմանները չանցնել, օրենքները չխախտել, եւ դա շատ եմ կարեւորում, դա անհրաժեշտ է քաղաքական դաշտի համար, որպեսզի դաշտն ավելի կոռեկտ դրսեւորումներ ունենա: Եվ այս պայմաններում է, որ ընտրությունների մասնակից նոր դերակատարներ կառաջանան, եւ նման քաղաքակիրթ եղանակով ասելիքի առկայությունը հիմք կդառնա առաջիկա ընտրություններն ավելի լավ անցկացնելու համար»:
Հ. Գ. Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ նպատակով են ուզում վերսկսել երկխոսությունը, Տեր-Պետրոսյանն ասաց. «Երկխոսությունը սկսելու նպատակը ի սկզբանե պարզ էր. մենք էլ, այս իշխանությունն էլ գիտի, որ այս երկրում կան լրջագույն խնդիրներ, մենք առաջարկեցինք այդ խնդիրները լուծել քաղաքակիրթ ձեւով, երկխոսության, բանակցությունների միջոցով, փոխզիջումների միջոցով, որպեսզի խուսափենք արաբական երկրների իրադարձություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել