Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ Լեռնաձորում կրկին երեւացել են ուրան որոնողներ: Հիշեցնենք, որ անցած տարի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան գյուղից հանվեց դեկտեմբերի 23-ին: Իսկ դրանից առաջ՝ հոկտեմբերի վերջին, այրվեց ուրան որոնող առաջին մեքենան («Առավոտ» 23.12.2010 եւ 30.10.2010):
Այն ժամանակ հետախուզական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանն ասել էր, որ 2010-ին իրենք մեծ վնասներ են կրել՝ տեխնիկան են կորցրել, եւ գյուղի երկու տեղամասերում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել: Իսկ երեկ, ըստ լեռնաձորցիների, ուրան որոնողներն ասել են, որ անցած տարի բացված հորատանցքերը ծածկվելու են, նորերն են հորատվելու:
Լեռնաձորցիները զայրացած են՝ այնքան, որ հրաժարվել են անցանկալի հյուրերին վարձով տուն տրամադրել: Անկոչ հյուրերը հեռացել են՝
խոստանալով երկու օրից վերադառնալ: