Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՅԱԲԱԲԻ ՄԵՋ՝ ԱՓԻՈՆ

Հոկտեմբեր 01,2011 00:00

NEW

 Պաշտպան Գուրգեն Հարությունյանը պնդում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը խախտել է անմեղության կանխավարկածը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությունը` անփոփոխ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը:
Շուրջ 4 ամիս կալանավորման մեջ գտնվող վանաձորցի Աշոտ Էվոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրօր.-ի  266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ թմրամիջոցների,  հոգեմետ նյութերի եւ դրանց  պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու  նպատակով  կամ դրանց ապօրինի  իրացնելը ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում, առանձնապես խոշոր չափերով: Պաշտպանը պնդում է,  որ Աշոտ Էվոյանը որեւէ  առնչություն չունի կատարված  հանցագործության հետ: Աշոտը ցուցմունք է տվել այն մասին, որ ՔԿՀ ուղարկվող սննդամթերքի մի մասն իրեն է տվել ոմն անծանոթ եւ խնդրել իր հանձնուքի հետ ուղարկել Վիգեն Բաղդասարյան անունով մեկին:
«ՔԿՀ-ի աշխատակիցներն իմ պաշտպանյալի ներկայությամբ զննել են հանձնուքը եւ այնտեղ կասկածելի իրեր չհայտնաբերելով՝վերադարձրել են անձնագիրը: Աշոտն առանց խոչընդոտի հեռացել է ՔԿՀ-ի տարածքից»,- տեղեկացնում է պաշտպան Գ.Հարությունյանը:
Որոշ ժամանակ անց, սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները կրկին ստուգել են հանձնուքը եւ քյաբաբ սննդամթերքի մեջ հայտնաբերել առանձնապես խոշոր չափերով՝ 5,956 գրամ ացետիլացված ափիոն տեսակի տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը պաշտպան Գ. Հարությունյանն անհիմն է համարում` նշելով, որ դատավոր Եվա Դարբինյանը չի նշել որեւէ կոնկրետ փաստ` հիմնավորելու համար առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
«Ավելին, դատավորը խախտել է անմեղության կանխավարկածը`որոշման մեջ նշելով, որ նյութերով հիմնավորվել է, որ Աշոտ Էվոյանն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, եւ այն թաքցնելով քյաբաբ տեսակի սննդամթերքի մեջ` ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ:
Պաշտպանն ասում է, որ նման արտահայտություն անելով` դատավորն իր կայացրած որոշմամբ հիմնավորված է համարել Աշոտ Էվոյանին առաջադրված մեղադրանքը, այն դեպքում, երբ գործը դեռ նախաքննության փուլում է:

Նա հույս է հայտնում, որ Արդարադատության խորհուրդն այս հանգամանքը կդիտի որպես հաղորդում` կարգապահական վարույթ հարուցելով դատավոր Դարբինյանի նկատմամբ:
«Դատավորը կարող էր նշել, որ առկա է հիմնավոր կասկած, եւ ոչ թե նշեր, թե հիմնավորվել է մեղքը` այդկերպ խախտելով անմեղության կանխավարկածը»,-բացատրում է պաշտպանը:
Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը հաջորդել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով արդեն երկրորդ անգամ բավարարվել է քննիչ Մհեր Հարությունյանի` կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը:
Պաշտպանի խոսքերով` այս փաստը դրդել է իր պաշտպանյալին հացադուլ հայտարարել:
«Խեղճուկրակ դատարաններ են: Դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելուց հետո էլ ավելի են վախեցել: Այդ դեպքը նախադեպ եղավ, որ  մյուսները զգույշ լինեն: Այսօրվա դատարաններն ընդամենը կնիք խփող են: Եթե դատախազն ուզեց  գործը կալանքի միջնորդությամբ մտցրեց դատարան, ուզեն-չուզեն բավարարում են այդ միջնորդությունները: Խայտառակ վիճակ է»,-տարակուսում է Գուրգեն Հարությունյանը:                                                                            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31