Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 01,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ առաջին

ԹՈԹԱՓՎԱԾ ՎԱԽԵՐ

Ես էս տասներեքերորդիցս էդքան վախենալուց ու խուսափելուց հետո, ահա, թեթեւորեն սկսում եմ էս տասներեքերորդս, եւ էսքան թեթեւորեն սկսելս միանգամայն հիմնավոր պատճառ ունի. բանն այն է, որ երեկ՝ երկու հազար տասը թվականի մայիսի քսանիննին վախս չափել տվի, եւ, ինչպես տեսնում եք, արդյունքն ակնհայտ է, եւ չնայած արդեն հիմնավորապես վազն անցած վախս տասներեք թվի հետ որեւէ առնչություն չուներ, այդուհանդերձ, ութսունամյա Վարդանուշը զանազան վախերս միջիցս էնպես դուրս շպրտեց, որ տասներեքն էլ հետները դուրս թռավ, եւ եթե ձեր ներսերում էլ ինչ-ինչ ավելորդ վախեր ու կասկածելի զգացողություններ գոյություն ունեն, խորհուրդ կտամ դիմել տիկին Վարդանուշին, ընդ որում՝ կարող եք առանց նախազգուշացնելու գնալ, որովհետեւ միշտ տանն է, եւ որպեսզի ավելորդ ժամանակ չկորցնեք, ասեմ, որ տիկին Վարդանուշը մարդկանց վախերը հանում է շաբաթվա բոլոր օրերին՝ կիրակի ու երկուշաբթի օրերից բացի, ընդ որում՝ առավոտվա իննից ցերեկվա հինգը, այսինքն՝ բոլոր էն ժամերին, երբ արեւն աչքներիս առաջ է, իսկ ինչ վերաբերում է տիկին Վարդանուշի բնակության վայրին, դա ընդհանրապես որեւէ բարդություն չի ներկայացնում. Փափազյանով Արամ Խաչատրյանը հատում եք եւ Մալականի այգի չհասած՝ հենց այգու բերանից աջ եք թեքվում, եւ աջից երրորդը՝ թիվ 115 տունը տիկին Վարդանուշինն է. սկզբում, իհարկե, ձեզ տեսնելով՝ տիկին Վարդանուշը գլխի չի ընկնի, որ իր կլիենտն եք, եւ գլխի չընկնելով ու ձեզ գազի մարդու տեղը դնելով՝ չափազանց սիրալիր կժպտա ու հազար ներողություն կխնդրի, որ գազի վարձն ուշացնում է, բայց քիչ անց գլխի ընկնելով, որ վախի գործով եք, ավելի սիրալիր կժպտա: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:
Երբ էս ինքնակենսագրական վեպս սկսեցի, ինձ թվում էր՝ ամենաշատը երկու հատոր կգրեմ, էն էլ՝ մեծ դժվարությամբ, որովհետեւ նախապես պատկերացնելով՝ մտածում էի, որ, այնուամենայնիվ, ապրածս էնքան էլ մեծ բան չի, որ երկու հատորների մեջ չտեղավորվի, եւ, ըստ ամենայնի, էս վեպիս սկզբներում դուք էլ էիք ապրածիս ու էս վեպիս մասին նույնը մտածում, եւ էդպես մտածելու ու էդպես կարծելու համար միանգամայն լուրջ հիմքեր ունեինք, որովհետեւ ինձանից առաջ ինձանից անհամեմատ մեծ մարդիկ են ինքնակենսագրական վեպեր գրել, եւ, որ ամենակարեւորն է, ինձանից անհամեմատ հարուստ ու բովանդակալից կյանք ապրածներն են էս տեսակ ինքնակենսագրական վեպեր գրել, ընդ որում, ինչքան ձգել են՝ երկու հատորից չի անցել, եւ ամենասկզբում կարծում էի, որ իմն էլ դժվար թե երկուսից անցնի, բայց ահա տասներկուերորդն ավարտելով ու էս տասներեքերորդն սկսելով՝ տեսնում եմ, որ ամբողջ տասներկու գիրք բերնեբերան լցնելով՝ ընդամենը հասել եմ հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականի սեպտեմբեր, եւ հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականի սեպտեմբերի մեկից վերսկսելով՝ պիտի տեղեկացնեմ, որ հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականի սեպտեմբերի մեկից սկսած՝ Շառոյան Ռոլանդն ու ես արդեն «Ծիծեռնակում» էինք, ուր արդեն եղածները երկուսիս էլ գրկաբաց ընդունեցին՝ ոչ միայն էն պատճառով, որ մենք գրկաբաց ընդունողներից տարիքով անհամեմատ փոքր էինք, այլեւ էն պատճառով, որ էդ պահի դրությամբ՝ ես ու Ռոլանդն արդեն «Գարունում» տպված հեղինակներ էինք, եւ չնայած երկուսս էլ երջանիկ էինք, որ չնայած մանկական՝ բայց արդեն հանրապետական նշանակության ամսագրի աշխատողներ ենք, այդուհանդերձ, մեզ գրկաբաց ընդունողները մեզնից մի քիչ ավելի էին երջանիկ, որովհետեւ ես ու Ռոլանդը շատ ջահել լինելով՝ արդեն «Գարունում» տպված ու գրական աշխարհ մուտք գործած տղերք էինք, ու երկուսս էլ հավասարապես հասկանում էինք, որ եթե մեզ համար «Ծիծեռնակ» աշխատանքի ընդունվելը երջանկության պես բան էր, էդ մասին մեզնից բացի ուրիշ մեկը չպիտի իմանար, եւ առաջին հերթին էդ մասին չպիտի իմանար էդ նորաբաց «Ծիծեռնակի» գլխավոր խմբագիր Ժենյա Ղուկասովնա Մադոյանը, որը գեղեցկադեմ դուստրն էր Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյանի եւ սիրունատես կողակիցը՝ ՀԿԿ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Գուրգեն Աշոտովիչ Առաքելյանի, որի զորավոր պաշտոնի շնորհիվ ութսունյոթին «Ծիծեռնակը» «Պիոներից» անջատվելով ու անկախանալով՝ միանգամայն նոր ու միանգամայն առանձին ամսագիր դարձավ՝ գլխավոր խմբագիր Ժենյա Ղուկասովնայով, գլխավոր նկարիչ Գյուլանյան Ֆելոյով, պատքարտուղար Տաթեւիկով, բաժնի վարիչ Կատյայով, տեխխմբագիր Ասյայով, ինչպես նաեւ՝ ինձնով ու Ռոլանդով, եւ չնայած ես ու Ռոլանդը մեր անակնկալ երջանկությունը շրջապատից խնամքով թաքցնում էինք, ներքուստ բացարձակ երջանիկ էինք, որովհետեւ ես «Ապագա բժշկից» ու անձամբ Դարբինյանից էի պրծել, իսկ Ռոլանդը՝ «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայից, եւ չնայած Ռոլանդն առ էսօր էլ աջուձախ գլուխ է գովում, որ յոթանասունվեց ու յոթանասունյոթ թվականներին ինքը Փելեշի մոտ ֆիլմի տնօրեն է աշխատել, ես հենց Ռոլանդի պատմելով գիտեի, որ Փելեշի մոտ ֆիլմի տնօրեն է աշխատել, ես հենց Ռոլանդի պատմելով գիտեի, որ Փելեշի մոտ ֆիլմի տնօրեն աշխատելը սեւագործ բանվորի աշխատանքից էլ ծանր աշխատանք է, եւ քանի որ Փելեշը Ռոլանդին Ստեփան Պողոսյանի խնդրանքով էր ֆիլմի տնօրեն նշանակել, Ռոլանդը հոգու խորքում դժգոհ էր, որ ինքը Փելեշի մոտ բարեխոսությամբ էր, փաստորեն, տնօրեն աշխատում, որովհետեւ Ստեփան Կարպիչ Պողոսյանն էն թվերին Հայկական ռադիոյի, հեռուստատեսության եւ համայն սասունցիների շեֆը հանդիսանալով՝ Ռոլանդի հաշվով անձամբ էր Փելեշին խնդրել, եւ Փելեշն էլ, բնականաբար, համաձայնվել էր, որովհետեւ Փելեշն ազատ ու ինքնիշխան մարդ ու կինոռեժիսոր լինելով՝ հոգու խորքում լավ էլ հասկանում էր, որ եթե Ստեփան Կարպիչը չլիներ, ինքը երբեւէ որեւէ ֆիլմ չէր հաջողացնի նկարահանել, եւ չնայած էդ նրբությունը Կարպիչն ու Ռոլանդն էլ էին հասկանում, այդուհանդերձ, ամեն ինչ Փելեշյանից էր կախված, եւ, փաստորեն, Փելեշն առանց դույզն-ինչ ուշադրություն դարձնելու Ռոլանդի կինոկենսագրությանը՝ Կարպիչի խաթեր համաձայնվել էր, որ Ռոլանդն իր մոտ ֆիլմի տնօրեն աշխատի. բանն այն է, որ հիսունութից սկսած՝ Աշնակի միակ ու անփոխարինելի կինոմեխանիկն ու կինոգետը եղել ու էդ պահին էլ հանդիսանում էր Ռոլանդի Դանիկ Շառոյան հայրը, եւ չնայած Փելեշն էդ փաստի վրա առանձնապես ուշադրություն չէր դարձրել, Ռոլանդն ինձ ու բոլորին փորձում էր համոզելով հավաստիացնել, որ Դանիկի հանգամանքը Փելեշի մոտ ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան՝ նույնիսկ Կարպիչինը, եւ էդ հանգամանքը Ռոլանդի համար չափազանց էական էր, եւ Ռոլանդն էն ժամանակ էլ ու միշտ էլ ու մանավանդ մշակույթի նախարար աշխատած տարիներին հպարտանում ու պարծենում էր, որ ժամանակին Փելեշի մոտ ֆիլմի տնօրեն է աշխատել, եւ եթե Աստծո կամոք էս վեպս մի քիչ էլ շարունակվի ու ձգվի, ես անպայման ձեզ համար կպատմեմ Փելեշի ու Ռոլանդի էդ միամյա համատեղ աշխատանքային կենսագրության առավել հետաքրքրական արկածներից մի քանիսը, որովհետեւ Ռոլանդը Դաշնակցության կյանքին ու կենսագրությանն անմնացորդ տրվելով՝ լրիվ աչքաթող է արել իր իսկ կյանքն ու կենսագրությունը, եւ եթե ես իր իսկ կենսագրության առավել հետաքրքրական մանրամասները հիշելով չպատմեմ, ինքը երբեւէ չի հիշի ու չի հիշեցնի, որովհետեւ, ի տարբերություն ինձ, Ռոլանդն էն մարդկանցից է, ովքեր շարունակաբար ու հետեւողականորեն իրենց իսկ կյանքի ու կենսագրության գլխավոր ու կարեւորագույն իրադարձությունները մոռանալով՝ ավելի շատ ու ավելի հաճախ երկրորդական, պակաս կարեւոր ու ոչ էական իրադարձություններն են հիշելով հիշեցնում, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ոչ միայն իմ կյանքի գլխավոր, հիմնական ու ամենաէական դրվագներն եմ հիշելով առանձնացնում, այլեւ՝ Ռոլանդինն ու իմ մյուս ժամանակակիցներինը, ու երեւի հեչ էլ պատահական չի, որ անձամբ ինձ է վիճակվել գրել իմ ու բոլորիդ կյանքի հիմնական ու գլխավոր իրադարձություններին վերաբերող էս գիրքը, ու նաեւ հեչ պատահական չի, որ ինքս եմ հանձն առել գրել էս անվերջանալին, եւ, որ շատ կարեւոր է, հանձն եմ առել շարունակել՝ քանի դեռ կամ, եւ, որ ամենակարեւորն է, եթե ես ինչ-որ տեղ կանգ առնեմ ու դադարեմ, էդ տեղից շարունակողներ հաստատ կգտնվեն, որովհետեւ բազում են նրանք՝ ովքեր համարում են, որ էս արածս կարելի էր անել շատ ավելի լավ, քան ես եմ արել ու անում, եւ ես ինքս էլ եմ իրենց հետ համաձայն, բայց իրենց ու բոլորիդ հետ համաձայն լինելով՝ չեմ կարող անտեսել էն հանգամանքը, որ իմ, Ռոլանդի ու շատերի կյանքում լիքը դեպքեր կան, որ միայն ես եմ ի վիճակի հիշելով պատմել՝ ոչ միայն էն պատճառով, որ իմ ու շատերի կյանքերին առնչվող հիմնական ու կարեւորագույն դրվագներն եմ հիշելով մտապահել, այլեւ էն պատճառով, որ սկսնակ ու ինքնուս արձակագիր լինելով՝ սկսնակի ու ինքնուսի ոգեւորությամբ ու խանդավառությամբ եմ վրա տվել ինձ ու ձեզ ուղղակիորեն վերաբերող էս անսպառ նյութին, որը պայմանականորեն անվանում ենք կյանք, բայց ես էս նյութը նաեւ հայկական ժամանակ եմ անվանում, որովհետեւ հայկական ժամանակը մյուս ժամանակներից էնքան է տարբեր՝ ինչքան որ հայի կյանքն ու հայի բախտն են մյուսների կյանքից ու բախտից տարբեր, եւ ինքնուս ու սկսնակ արձակագրի ոգեւորությամբ շարունակելով վրա տալ կյանք կոչվող էս նյութին՝ շարունակում եմ անցյալը, ներկան եւ նույնիսկ ապագան միեւնույն ժամանակի մեջ պատկերացնել ու տեսնել, եւ չնայած էդ միասնական ու ամբողջական ժամանակը պայմանականորեն հայկական ժամանակ եմ անվանում, ինչպես ընթացքում կարդացիք ու տեսաք, էդ հայկական ժամանակի մեջ լիքը ռուսական եւ այլ ժամանակներ կային, որոնք հավասարապես վերաբերում էին իմ ու ձեր անցյալին, ներկային եւ նույնիսկ ապագային, եւ հատկապես իմ ու ձեր անցյալին էին վերաբերում, որովհետեւ հատկապես իմ ու ձեր անցյալն է շարունակում ապրեցնելով ոգեւորել ինձ, եւ քանի որ իմ ու ձեր ներկան մշտապես ու հենց էս պահին էլ ակնթարթորեն փոխակերպվում, վերամարմնավորվում ու անցյալ է դառնում, ես ի վիճակի չեմ կանգ առնելով բնութագրել ու պատկերել իմ ու ձեր ներկան, որովհետեւ էն ամենը՝ որ տեղի է ունենում տվյալ պահից սկսած ու տվյալ պահին, ակնթարթորեն փոխակերպվում ու դառնում է անցյալ, ընդ որում՝ անդառնալի ու անզուգակա՛ն անցյալ է դառնում, եւ եթե իմ ու ձեր ներկան անմիջապես ու ակնթարթորեն անցյալ է դառնում, իմ ու ձեր անցյալն էլ ներկայից ու տվյալ պահից սկսվելով ու շարունակվելով՝ իմ ու բոլորիդ ապագան է սկզբնավորելով կանխորոշում, ու էս երեք ժամանակներն էնքան են իրար մեջ ամփոփված ու տարրալուծված, որ ինքնուս ու սկսնակ արձակագրի եռանդս ու տարերքս ոչ մի ակնթարթ չեն դադարում ու չեն ընդհատվում, եւ մեջս կուտակված էս եռանդն էնքան բուռն ու էնքան ինքնաբավ է, որ ոչ միայն ի՛մ կյանքը պատմելու համար կբավարարի, այլեւ՝ Ռոլանդի ու մյուսների կյանքերը, որոնք, բարեբախտաբար, իմինի հետ հանդիպեցին, ագուցվեցին եւ նույնիսկ խարսխվեցին, եւ սա ինքնուս ու սկսնակ արձակագրի իմ բարի բախտն է, որից կախված ու կառչած՝ ահա իմ ու ձեր կյանքերի ու բախտերի միջեւ եմ տարուբերվում ու ճոճորվում, եւ սա ինքնուս ու սկսնակ արձակագրի իմ անվերջանալի ճոճքն է, որի լայնքով ու երկայնքով ոչ միայն իմ ու ձեր հեռավոր ու մոտավոր անցյալն է տարածված ու սփռված, այլեւ՝ ապագան, եւ ահա՝ բախտի էս անզուգական ու շարունակական ճոճքի մեջ են համատեղվում ու համակերպվում նախկին ճոճավոր եւ ճոճավար պոետն ու ներկայիս ինքնուս ու ինքնավար արձակագիրը, եւ չնայած շատերի կարծիքով էս երկուսը նույն մարդն ու նույն անձնավորությունն են, իմ աչքին էս երկուսն ամեն տեսակետից են տարբեր, ավելի ճիշտ՝ ոչ թե ընդամենը տարբեր են, այլ ընդհանրապես իրար հետ որեւէ առնչություն չունեն՝ մեկն իր ջահել համարձակությամբ, սանձարձակությամբ ու նպատակասլացությամբ, մյուսը՝ տարեց ու տարիքավոր իր վեհերոտությամբ, փիլիսոփայությամբ, զսպվածությամբ, ինքնազսպվածությամբ ու հոգեւոր նպատակաուղղվածությամբ, եւ եթե ես իրականում երկու՝ բանաստեղծի ու արձակագրի կյանքեր եմ ապրել, եւ եթե մի անգամ իբրեւ ջահել, ինքնավստահ ու լիարժեք պոետ եմ ապրել, իսկ երկրորդ անգամ՝ իբրեւ վեհերոտ, տարեց, փիլիսոփա, ինքնուս ու ինքնավար արձակագիր, դա բնավ չի նշանակում թե՝ առաջին ապրածս էս երկրորդ ապրածիցս առավել լիարժեք ու առավել համոզիչ է, եւ եթե հանկարծ պարզվի, որ դա հենց էդպես է, ընդամենը կնշանակի, որ առաջին կյանքս էս երկրորդի համեմատ ընդամենն ավելի համոզիչ ու ավելի գեղեցիկ է եղել, այլ ոչ թե՝ հարուստ ու բովանդակալից, եւ եթե առաջինը երկրորդի համեմատ շքեղության առումով էլ է աչքի ընկել, դա եւս չի նշանակում թե՝ հարստության ու բովանդակության առումով երկրորդը զիջում է առաջինին, եւ ընդհանրապես՝ մեր կյանքում ընդհանրապես եւ իմ կյանքում առանձնապես ամեն ինչ հարաբերական է՝ ներառյալ հարստությունն ու բովանդակությունը, եւ նույնիսկ մեր առողջական վիճակն է հարաբերական, որովհետեւ ես ինքնուս ու սկսնակ արձակագիր հանդիսանալով՝ իմ էս երեսունտոկոսանոց թոքերով օրական ավելի շատ եմ գրում, քան՝ հմուտներն ու պրոֆեսիոնալները, եւ եթե իմ երեսունտոկոսանոց թոքերով հաջողացնում եմ անցյալը, ներկան եւ նույնիսկ ապագան էսպես թեթեւորեն շնչել ու արտաշնչել, պատկերացրեք՝ ինչե՜ր կանեի, եթե հրաշքով առողջությունս ու ջահելությունս վերադարձվեին. այսինքն, ուզում եմ ասել, որ իմ էս վիճակով ու երեսունտոկոսանոց թոքերով էնքան տանելի ու հանդուրժված եմ՝ ինչքան որ Աստված է իմ էս վիճակում հանդուրժում ու տանում ինձ, եւ հիմա էսպես՝ եւս երեսուն տոկոսով հանդուրժված, պարտավորվում եմ ոչ միայն իմ երեսուն տոկոսի համար Բարձրյալին երախտագիտությունս հայտնել, այլեւ՝ Ռոլանդի ու մյուսներիդ համար էլ, եւ չնայած Ռոլանդն ու մյուսներդ էլ կարող էիք էս նույնն անել, երբեւէ չեք անի, քանի որ էդ բանը ձեզնից շուտ կռահելով՝ ձեզնից առաջ ընկա, եւ, բնականաբար, որեւէ մեկդ չպիտի ցանկանա երկրորդել կակոյ նիբուձՖ ինքնուս ու սկսնակ մի արձակագրի, եւ հատկապես ու առանձնապես Ռոլանդը չի ցանկանա, որովհետեւ էն թվերին, երբ Ռոլանդն ու մյուսներն արձակ էին գրում, ես վանկից վանկ ու հանգից հանգ էի ցատկոտում, եւ հիմա, երբ իրենք արդեն հազվադեպ են իրենց արձակագիր ու վարպետ լինելը հիշում, ես ինքնուս սկսնակի իմ էս ոգեւորությամբ ու խանդավառությամբ արդեն ժամանակից ժամանակ եւ իրադարձությունից իրադարձություն եմ թռչկոտում եւ ճանապարհիս անխտիր բոլորիդ եմ հանդիպում, եւ էս պահին՝ Ռոլանդին, եւ առաջիկայում Ռոլանդին ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպելու, որովհետեւ ես իմ կյանքը պատմելով՝ եկել հասել եմ իմ ու Ռոլանդի «Ծիծեռնակի» ժամանակաշրջան ու անցյալ դարի յոթանասունյոթ թվական, եւ հիմա յոթանասունյոթը շրջանցելով՝ միանգամից ուզում եմ անցնել իմ ու Ռոլանդի յոթանասունութին:
Յոթանասունութին, երբ Սարոյանը Երեւան ժամանեց, ես ու Ռոլանդն արդեն «Ծիծեռնակի» մի տարվա աշխատողներ էինք, եւ առաջ ընկնելով ասեմ, որ Սարոյանի հետ կապված ամենահետաքրքիր իրադարձությունները հենց «Ծիծեռնակի» խմբագրությունում տեղի ունեցան, ավելի ճիշտ՝ Սարոյանի մասնակցությամբ ցանկացած միջոցառում էր իրադարձության վերածվում, բայց, այդուհանդերձ, քչերին էր բախտ վիճակված համեմատաբար մոտիկից առնչվել ու հաղորդակցվել Վիլյամ Սարոյան անվանյալ էդ ճերմակ ու խոշոր ժայռաբեկորի հետ, որովհետեւ ցանկացողներն անթիվ ու անհամար էին, իսկ Գրողների միության ու Համալսարանի դահլիճների աթոռների քանակությունը՝ չափազանց սահմանափակ, եւ միայն երջանիկ բացառիկներին բախտ վիճակվեց ներկա գտնվել էդ երկու հանդիպումներից մեկնումեկին, իսկ ամենաերջանիկները հաջողացրին ներկա գտնվել Սարոյանի երկու հանդիպումներին էլ, ավելի ճիշտ՝ երեքին, որովհետեւ նախապես պլանավորված Գրողների միության եւ Համալսարանի հանդիպումներից բացի՝ չնախատեսված երրորդն էլ տեղի ունեցավ, ընդ որում՝ էդ երրորդը տեղի ունեցավ Շառոյան Ռոլանդի անմիջական նախաձեռնությամբ եւ իմ անմիջական մասնակցությամբ, ու էդ օրերին ամենաբախտավորն ու ամենաերջանիկը Համալսարանի Խորենն էր, որովհետեւ Համալսարանի Խորենին բախտ վիճակվեց ներկա գտնվել ոչ միայն Համալսարանի ու Գրողների միության հանդիպումներին, այլեւ՝ Ռոլանդի նախաձեռնությամբ եւ իմ մասնակցությամբ կազմակերպված երրորդին, որի մասին քչերն իմացան, եւ իմացողներից էլ քչերն են էսօր ապրում ու շարունակում երեւանյան էս հարափոփոխ օդը շնչել՝ թեկուզեւ երեսունտոկոսանոց կիսատպռատ թոքերով։
Հազար ինը հարյուր յոթանասունութին, երբ Վիլյամ Սարոյանը Երեւանում էր, Համալսարանի Խորենն ամենուր կրնկակոխ հետապնդում էր մեծ գրողին։ Սարոյանին Պետանվտանգությունից ու Սփյուռքի կոմիտեից որոշակի մարդիկ էին կցված, բայց էդ կցվածներին համահավասար Համալսարանի Խորենն էլ էր, փաստորեն, ամենուր ուղեկցում ու հետապնդում մեծ գրողին, եւ ոչ ոք նրան չէր խանգարում, որովհետեւ Պետանվտանգության աշխատողները ենթադրում էին, որ Խորենը կամ Գրողների միությունից է, կամ էլ՝ Սփյուռքի կոմիտեից, իսկ Գրողների միության ու Սփյուռքի կոմիտեի ներկայացուցիչներն էլ համոզված էին, որ Խորենը Պետանվտանգությունից է։
Իրականում Խորենը ոչ մի տեղից էլ չէր, ավելի ճիշտ՝ Ախալքալաքից էր, եւ ընդամենն անհաջողակ գրող էր ու առավել անհաջողակ աբիտուրիենտ, եւ չնայած տարիքով մեզնից ահագին մեծ էր, դեռեւս որեւէ գործ չէր տպագրել, եւ քանի որ յոթ տարի անընդմեջ կտրվել էր Համալսարանի ընդունելության քննություններից, դրա համար էլ անունը դրել էին Համալսարանի Խորեն, եւ ես իր մասին էս մանրամասները Ռոլանդից էի լսել, որովհետեւ Խորենը, ի թիվս շատերի, ժամանակին Ռոլանդի հետ էլ էր Համալսարանում ընդունելության քննություն հանձնել, ու էդպես՝ անտիպ ու չընդունված, Խորենը համառորեն շարունակում էր ուժերը փորձել արձակում ու կրթության համակարգում՝ երկու դեպքերում էլ հավասարապես անհաջող, եւ եթե չեմ սխալվում՝ հենց Ռոլանդն էր անունը Համալսարանի Խորեն դրել, եւ Ռոլանդն էն քչերից էր, ումից Խորենը չէր նեղանում, եւ հատկապես յոթանասունութ թվականին չէր նեղանում, որովհետեւ, էդ պահի դրությամբ, Ռոլանդը Խորենին տղամարդու խոսք էր տվել, որ Խորենի պատմվածքներից մեկնումեկը «Ծիծեռնակում» կտպագրի, եւ առաջ ընկնելով ասեմ, որ Ռոլանդն իր խոստումը տղամարդու պես կատարեց, եւ ավելի առաջ ընկնելով ասեմ, որ էդ պատմվածքը տպագրելուց ընդամենը մի քանի ամիս անց Համալսարանի Խորենն ընդմիշտ անհետացավ Երեւանից ու մեր տեսադաշտից, եւ ոչ ոք նրան չէր հիշում, եւ միայն ես եմ, որ հիմա՝ էս պահին հիշում եմ, եւ հիշելով ու հետ վերադառնալով պիտի ասեմ նաեւ, որ Ռոլանդը Խորենին կատակով նաեւ Էռնեստ էր անվանում, որովհետեւ Համալսարանի Խորենն Աստծո չափ պաշտում էր Էռնեստ Հեմինգուեյին, եւ Խորենին մոտիկից ճանաչողներն էդ մասին շատ լավ գիտեին, իսկ չճանաչողները համոզված էին, որ Խորենը չափազանց կարեւոր անձնավորություն է, որովհետեւ Խորենը՝ փողկապով, խնամված մորուքով ու մշտապես հպարտ կեցվածքով, ամենուր ներկայանալի էր, ու էդ պահի դրությամբ արդեն ներկա էր գտնվել Գրողների միությունում ու Պետհամալսարանում տեղի ունեցած Սարոյանի հանդիպումներին ու երկու տեղերում էլ Սարոյանին հետեւյալ տհաճ ու անցանկալի հարցն էր տվել՝ «չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, Էռնեստ Հեմինգուեյն է հանդիսանում քսաներորդ դարի մեծագույն գրողը», եւ երկու դեպքերում էլ Սարոյանը չափազանց կարճ էր պատասխանել. Համալսարանում ասել էր՝ «չեմ կարծում», իսկ Գրողների միությունում ասել էր՝ «ինքը Ֆոլքներ չէ», եւ երկու դեպքերում էլ Սովետական Հայաստանի գրական ու մտավորական էլիտան ըմբռնումով էր մոտեցել Սարոյանի պատասխաններին, որովհետեւ Սովետական Հայաստանի գրական ու մտավորական էլիտան քաջատեղյակ էր քսաներորդ դարի էդ երկու մեծերի անձնական թշնամանքին ու նաեւ քաջատեղյակ էր, որ կողմերից մեկի մահը դեռեւս չէր վերացրել դույն թշնամանքի հետքերը, եւ մանավանդ Խորենն էդ բանը շատ լավ գիտեր ու էդ բանն իմանալով էր իր էդ տհաճ ու սեւեռուն հարցով ամենուր հալածում Սարոյանին եւ ամենուր Հեմի համար մաքառում ու դոշ էր տալիս, ու մենք, չնայած բախտ չէինք ունեցել ներկա գտնվել Սարոյանի էդ երկու հանդիպումներին, էդ երկու հանդիպումների ընթացքում հնչած բոլոր հարցերն ու բոլոր հարցերի բոլոր պատասխաններն անգիր գիտեինք, որովհետեւ հաջորդ իսկ առավոտ էդ հանդիպումներն ամենայն մանրամասնությամբ պատմվում ու քննարկվում էին գրողների, նկարիչների եւ մնացած բոլոր սրճարաններում։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել