Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ պայքարել եւ հաղթել

Հոկտեմբեր 01,2011 00:00

\"\"Ֆեդերացիայի հիմնադիր եւ առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված բազկամարտի երկու տարիքային խմբերի Հայաստանի առաջնություններում ընթացած համառ պայքարի արդյունքում հաղթած եւ մրցանակակիր դարձած բազկամարտիկներն արժանացան համապատասխան մեդալների, եւ առաջնության հովանավոր, ՀԱՕԿ նախագահ եւ ֆեդերացիայի պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած 12 մլն դրամ մրցանակային ընդհանուր գումարը համամասնորեն բաշխվեց նրանց միջեւ:
Գագիկ Ծառուկյանը, որ բազկամարտի աշխարհի չեմպիոն է, պայքարի ավարտից հետո տվեց առաջնության իր գնահատականը: «Ինձ գոհացրեց, որ առաջնությանը մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի շուրջ 350 բազկամարտիկներ: Սպորտի մասսայականացումն իմ նպատակն ու ցանկությունն է բոլոր մարզաձեւերում: Ու ես, որպես մեր երկրի քաղաքացի ու ՀԱՕԿ նախագահ, ամեն ինչ արել եւ անելու եմ, որպեսզի հատկապես երիտասարդությունը նախապատվությունը տա սպորտին: Այս առաջնության կազմակերպվածությունը, որակն ու բարձր մակարդակը ինձ համար հատկապես կարեւոր էին, որովհետեւ Աշոտ Սարգսյանը նաեւ իմ մարզիչն է եղել, ու ես պարտավոր եմ նրան հիշել ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Բազկամարտի Հայաստանի առաջնությունը ամեն տարվա հոկտեմբերին այսպես կազմակերպվելու է միշտ, որտեղ ուժեղագույն ճանաչված մարզիկները կկազմեն Հայաստանի հավաքականը եւ կմասնակցեն Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Իսկ այդ կարգի մրցաշարերում մենք միշտ էլ արժանապատիվ ենք հանդես եկել»:
«Դուք այս մարզաձեւում աշխարհի չեմպիոն եք եղել: Հիմա, հետեւելով պայքարին, մրցասեղանին կրկին մոտենալու ցանկություն ունեի՞ք»,- «Առավոտի» հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե, պայքարելու եւ հաղթելու կրակը չի մարել: Բայց հիմա ինձ ուրախացնում է, որ իմ գործը շարունակողներ կան: Այսօր էլ մենք ունենք աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ: Իսկ ինչ վերաբերում է իմ մարզավիճակին, ես ամեն օր մարզվում եմ: Ավելին, ի զորու եմ անել ավելին, քան ներկայիս մեր լավագույն ու առաջատար մարզիկներից շատերը»,- պատասխանեց պարոն Ծառուկյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել