Գերմանիայում բնակություն հաստատած հայազգի մարզիկներն իրենց հնարավորությունները լիովին բացահայտելու լավ հնարավորություն ունեն: Արթուր Աբրահամ, Սյուզի Կենտիկյան, Խորեն Գեւոր, Կարո Մուրադ, Դավիթ Գրաֆ անունները քաջ հայտնի են ինչպես աշխարհին, այնպես էլ հայ մարզասերներին:
Ներկայումս Գերմանիայում հայազգի նոր աստղ է ի հայտ եկել՝ ուժային էքստրեմալ մարզիկ Պատրիկ Բաբումյանը: Նրա անունն առայժմ հայաստանցի մարզասերներին ծանոթ չէ, բայց Գերմանիայում արդեն բոլորն են ճանաչում իրենց երկրի 2011 թվականի ամենաուժեղ տղամարդուն՝ «Srong Man»-ին: «Առավոտը» կապ հաստատեց նրա հետ ու Հայաստանում առաջինը հարցազրույց անցկացրեց:
– Քո անունը տակավին հայտնի չէ այստեղ: Ինչպե՞ս ես հայտնվել Գերմանիայում:
– Իմ ընտանիքը՝ տատիկս, մայրիկս եւ ես (հայրս մահացել է, երբ ես 4 տարեկան եմ եղել), 1986 թվականին Իրանից տեղափոխվել է Գերմանիա եւ բնակություն հաստատել Ֆուլդաում քաղաքում: Այստեղ շատ քիչ հայ կա: Դրա համար էլ Զատիկի տոնին եւ Ամանորին ընտանիքով գնում ենք մեծ քաղաքների հայկական միությունների հանդեսներին՝ մեր ծանոթներին եւ ընկերներին տեսնելու:
– Սթրոնգմանով մարզվելուց բացի, ինչո՞վ ես զբաղվում:
– Հիմա սովորում եմ համալսարանում: Մինչեւ տարեվերջ հոգեբանության դիպլոմ կստանամ: Իսկ դրանից առաջ «Amazon.com»-ի Գերմանիայի կենտրոնում էի աշխատում:
– Ի՞նչ մարզաձեւերով ես զբաղվել եւ ի՞նչ հաջողությունների ես հասել:
– Սկսել եմ պաուերլիֆթինգից եւ 15 տարեկանում դարձել եմ մեր քաղաքի ամենաուժեղ պատանի պաուերլիֆթերը: Հետո, արդեն 19-21 տարեկանում, զբաղվել եմ բոդիբիլդինգով եւ 1999-ին Գերմանիայի երիտասարդների չեմպիոնի կոչումն եմ նվաճել բոլոր դասերում:
– Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր սթրոնգման ուժային էքստրեմալ մարզաձեւում:
– Դա 2006 թվականին էր, երբ հանդիպեցի Գերմանիայի սթրոնգմանի ֆեդերացիայի նախագահին: Նա ինքն ինձ ասաց (հավանաբար, տեսնելով ֆիզիկական ուժս), որ անպայման զբաղվեմ այդ մարզաձեւով ու մրցումների մասնակցեմ: Սկսեցի ու 2007 եւ 2009 թվականներին մինչեւ 105 կգ քաշային կարգում ճանաչվեցի Գերմանիայի չեմպիոն: Երկու տարի առաջ նաեւ աշխարհի ռեկորդ եմ սահմանել: Դրանից հետո եւս երկու անգամ՝ 2010 եւ 2011 թվականներին եղել եմ Գերմանիայի չեմպիոն, իսկ այս տարի ճանաչվել Գերմանիայի ամենաուժեղ տղամարդ: Եվ, ի վերջո, այս տարվա փետրվարին Վիլնյուսում կայացած աշխարհի խաղերում ճանաչվել եմ չորրորդը:
– Մարզական ձեռքբերումներդ պատկառելի են: Իսկ ապագայի ի՞նչ ծրագրեր ունես:
– Կարելի է ասել, որ մեր մարզաձեւի այս տարվա մրցաշրջանն ավարտվել է: Բայց այժմվանից նախապատրաստվում եմ եկող տարվան: 2012-ին մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը եւ ցանկանում եմ հաղթել: Դա մոտավորապես հավասարազոր կլինի աշխարհում առաջինը լինելուն, որովհետեւ ամենաուժեղները եվրոպացիներն են:
– Գերմանիայում հայազգի հանրաճանաչ շատ մարզիկներ կան: Նրանք հիմնականում ներկայացնում են պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Նրանց հետ կապ կամ շփում ունե՞ս:
– Ցավոք, ոչ: Փորձել եմ Արթուրի (Արթուր Աբրահամի. Ա. Հ.) հետ ծանոթանալ, բայց մինչեւ հիմա չի ստացվել:
– Գերմանիա տեղափոխվել եք Իրանից: Իսկ դու Հայաստանում եղե՞լ ես:
– Բախտ չեմ ունեցել, որովհետեւ ժամանակը չի ներել. անընդհատ՝ մարզումներ, մրցումներ… Արդեն քանի տարի է՝ ուզում եմ: Հիմա հաստատ որոշել եմ՝ եկող տարվա առաջին ամիսներին անպայման գալ Հայրենիք: Անպայման հանդիպելու ենք: