Նախօրեին Լոնդոն-2012-ի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարանային համալիրում կազմակերպվել էր հայ պարալիմպիկ մարզիկների լուսանկարների ցուցահանդես: Այդ միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լենսդեյլը եւ Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բըրդը: Լոնդոն մեկնելու մեծ ակնկալիքներ ունեցող մարզիկները շատ ոգեւորված էին, բացառությամբ տեսողական խնդիրներ ունեցող 60-ամյա շախմատիստ Յուրի Ավետիսյանի, ում լուսանկարը, ճիշտ է, փակցված էր ցուցահանդեսում, բայց նրան թույլ չէին տվել մասնակցել լոնդոնյան խաղերին: Պատճառն այն է, որ շախմատը չի ընդգրկվել պարալիմպիկ խաղերի ցանկում: «Առավոտի» հետ զրույցում Յուրի Ավետիսյանը համոզմունք հայտնեց. «Ես ակնկալիքներ ունեի, եթե մասնակցեի՝ անպայման կհաղթեի: Ինքս Խորհրդային միության վերջին չեմպիոններից եմ եղել, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետ եմ, ակնկալիքները մեծ էին, ցավում եմ, որ չի ընդգրկվելու»: Մեր հարցին՝ ե՞րբ իմացաք, որ շախմատն ընդգրկված չէ ու չեք կարող մասնակցել մրցաշարին՝ Յու. Ավետիսյանը պատասխանեց. «Հիմա դեռ աշխատանքներ են տարվում, որ ընդգրկվի, բայց առայժմ դա չի լինի: Դեսպանի հետ էի զրուցում (նկատի ունի Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լենսդեյլին,-Հ.Ջ.), ինքը այդքան խորը չի պատկերացնում, կարծում է, որ շախմատը սպորտ չէ»: Շախմատիստը դեսպանին բացատրել է, որ շախմատը սպորտ է, կա նույնիսկ շախմատային օլիմպիադա. «Ասացի՝ երեւի գիտեք, որ Հայաստանը եղավ չեմպիոն, աշխարհի առաջնություն է անցկացվում, ասում եմ՝ այդ ուղղությամբ պիտի աշխատանք տարվի, ինքն ասում է՝ հետաքրքիր հարց է, բայց…»: Մեր հարցին՝ այսինքն Եվրոպան չի՞ հասկանում, որ շախմատը սպորտաձեւ է, Յու. Ավետիսյանը պատասխանեց. «Երեւի: Դեսպանն ասում է՝ այդպիսի կարծիք կա, որ շախմատը սպորտաձեւ չէ, բայց ո՞նց կարող է, այն ոչ միայն սպորտ է, այլ նաեւ արվեստ է եւ գիտություն: Ուղղակի, եթե հաշմանդամը կարող է խաղալ, առավել եւս՝ տեսողության հետ խնդիրներ ունեցողը, որը կարողանում է տեսնողի հետ համահավասար ձեւով խաղալ, ուրեմն նրան պետք է հնարավորություն տրվի, որ նա դառնա հաղթող, մեդալ ստանա եւ բավականություն ստանա՝ ինչպես լիարժեք մարդը»: