Լույս է տեսել «Արեգ» հրատարակչության նախաձեռնած «Հայաստանի հրաշալիքները» գրքի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները: Երեկ Արթ- Բրիջ գրախանութ-սրճարանում կայացավ գրքերի շնորհանդեսը: Ինչպես նշեց հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը, գիրքը նախատեսված է ինչպես մանուկների, այնպես էլ ավագ սերնդի համար. «Գիրքն արդեն ունեցել է հայերեն տարբերակ, որը շատ արագ սպառվել է: Հայերեն տարբերակից հետո տպագրեցինք ռուսերեն 700 օրինակ, որն ուղարկեցինք Մոսկվա, որտեղ կրկին շատ արագ սպառվեց: Տեսնելով գրքի հաջողությունը, որոշվեց անպայման հրատարակել նաեւ անգլերեն տարբերակը»:
Ըստ. Ս. Գասպարյանի, օտարալեզու տարբերակները հայերենից տարբեր են. «Ամեն նոր հրատարակության ընթացքում փոփոխություններ են լինում, քանի որ ամեն անգամ նոր հրաշալիքներ ենք գտնում: Օրինակ, վերջերս մի հայաստանյան հրաշալիք գտանք նաեւ Էրմիտաժում, դա կընդգրկվի հաջորդ հրատարակության մեջ, քանի որ նախատեսվում է գրքի ճապոներեն տարբերակը»: Ս. Գասպարյանի փոխանցմամբ՝ «գրքում զետեղված են տեղեկություններ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ հայերի կենցաղի, հայկական պատմամշակութային, բնության հուշարձանների եւ այլնի մասին: Ընդհանուր թվով՝ 80-ից ավելի հրաշալիք ենք ընդգրկել, եւ դա դեռ ամենը չէ»:
Գրքում հրաշալիքները ներկայացված են լուսանկարների միջոցով եւ դրանց կից վերլուծական հոդվածներով, որոնց հեղինակները համապատասխան ոլորտի մասնագետներ են:
Մտահղացման մասին էլ պարոն Գասպարյանն ասաց. «Ծիրանն է եղել գիրքը հրատարակելու առիթը. մի օր ծիրան ուտելիս ինքս ինձ ասացի, էս ինչ հրաշք է, հրաշալիք է: Ու այդպես մտքին զարգացում տվեցի ու սկսեցի ընկերներիս հետ փնտրել մյուս հրաշալիքները»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ «Հայաստանի հրաշալիքները» փնտրված գիրք է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում. «Այն օտարերկրացուն հնարավորություն է տալիս ծանոթանալ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի մշակույթին ու կենցաղին: Ցավոք, նման գրքերը քիչ են, եղածներն էլ մասնագիտական են եւ ոչ մատչելի օտարին»: