Ծրագիրը հետեւորդներ ունի
«Մարդիկ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց». այս կոչը մոտ մեկ տարի առաջ հնչեցրեց Վարդան Վարդանյանը, այն ուղղելով բոլորին եւ հայտարարելով, որ պատրաստվում է ուխտագնացության Մեծն Սերվանտեսի գերեզման: Վ. Վարդանյանը, որը «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր տնօրենն է, «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով մանրամասներ, նշել էր, որ նպատակ ունի, ուխտագնացությունից բացի, սահմանել «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակ, աշխարհի խոշոր քաղաքներում կառուցել Դոն Կիխոտի արձանը եւ այլն: Այժմ Վ. Վարդանյանը դիմում է հայաստանաբնակ եւ սփյուռքում բնակվող հայրենակիցներին, համոզված լինելով, որ վերջիններս արժանվույնս կգնահատեն ներկայացվող ծրագիրը եւ հավաքական իմաստնությամբ կդրսեւորեն իրենց վերաբերմունքը:
Նրա խոսքերով՝ «Իմ նպատակն է դույզն-ինչ արգելակել համամարդկային եւ զուտ ազգային արժեքների այս գահավեժ անկման պրոցեսը, որ շատ-շատերիս համար աննկատելի, բայց համառ ու անշեղ տանում է մեզ դեպի փոխադարձ օտարացման եւ անտարբերության անդունդը: Մի վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, մի վախեցեք բարեկամներից, նրանք կարող են միայն դավաճանել, վախեցեք անտարբերներից, քանի որ նրանց լուռ համաձայնությամբ են կատարվում բոլոր սպանություններն ու դավաճանությունները: Այս նպատակին էլ հետամուտ լինելով էր, որ հիմնեցի «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամը, համոզված լինելով, որ Մեծն Սերվանտեսի անմահ հերոսի՝ բոլոր ժամանակների ասպետ Դոն Կիխոտի լուսավոր կերպարի օգնությամբ մարդկանց հայացքը կարելի է ուղղորդել դեպի բարությունը, ազնվությունը, գթասրտությունը եւ այլն: Հիշեցնելով, որ այդ զգացումները կան, ապրում են շատ-շատերիս մեջ, բայց քնել են, մոռացության մատնվել՝ համատարած նյութապաշտության, հարստանալու, շորթելու, կուտակելու այս մրցավազքում: Ավելին՝ մեզանից շատերը սկսել են նույնիսկ ամաչել այդ զգացումներից, համարելով դրանք թուլություն կամ ծիծաղելի անհեթեթություն: Կարծում եմ, ավելի կործանարար բան ազգի, հասարակության համար՝ դժվար է հորինել»:
Հիմնադրամի գործունեության առանցքում դրված է բարի գործերի, ազնիվ ու անշահախնդիր արարքների խրախուսումը, մարդկանց մեջ վաղվա օրվա հանդեպ հույս առաջացնելը: «Հիմնադրամի նպատակների իրականացման նախապայմանը, մեր խորին համոզմամբ, հիմնադրամի ճանաչումն է միջազգային հանրության կողմից»,- ասում է Վ. Վարդանյանը՝ հավելելով, որ հիմնադրամին եւ նրա նպատակներին միջազգային ճանաչում տալու եւ հանճարի գերեզմանին խոնարհվելու նպատակով, պատրաստվում է իրականացնել թատերականացված ուխտագնացություն Մեծն Սերվանտեսի գերեզմանին, նվիրելով այն վեպի առաջին հրատարակության 400- ամյակին: Միջնադարյան ասպետական հանդերձանքով (Դոն Կիխոտը՝ ձի, իսկ Սանչո Պանսան՝ ավանակին հեծած), Երեւանից մինչեւ Մադրիդ, շուրջ 30 000 կմ, խումբը կանցնի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքներով, ամբողջ ճանապարհին մարդկանց կոչ անելով՝ հանճարի գերեզմանը դարձնել սրբավայր՝ ուխտատեղի:
Վ. Վարդանյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ վրացիները «գողացել» են «մեր» Դոն Կիխոտին: Այսինքն՝ նախագիծը, որն իրականացնում է Վ. Վարդանյանը, սկսել են անել նաեւ վրացիները: «Մեր ծրագիրը արդեն ունի հետեւորդներ: Սույն թվականի օգոստոսի 6-ին Թբիլիսիի փողոցներում հայտնվել են երկու երիտասարդներ՝ Դոն Կիխոտի եւ Սանչո Պանսայի հանդերձանքով: Նրանք շրջել են քաղաքի փողոցներով, հայտարարել, որ Թբիլիսիում մնալու են 2 օր եւ փնտրում են Դուլսինեային ու հողմաղացներ…», – նշեց հիմնադրամի տնօրենը՝ ժողովրդից, պետական այրերից ակնկալելով աջակցություն եւ հովանավորներ ծրագիրն ամբողջովին իրականացնելու համար: Վ. Վարդանյանը համոզված է, որ ծրագրի իրականացումը հաջողություն ու նպաստ կբերի մեր պետությանը, ազգին ծառայելով մեր ճանաչելիության եւ հայի բարոյական կերպարի բարձրացման գործին:
Նշեմ նաեւ, որ ծրագրի վերաբերյալ մանրամասներ իմանալու եւ հեղինակի հետ կապ հաստատելու համար գործում է wwwdonkihot.org կայքը: