Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընկեր Թումանյանը»

Հոկտեմբեր 01,2011 00:00

Ֆրանսիայի հասարակությանն արդեն ծանոթ են Թումանյանի ստեղծագործությունները: Ալիս Վառվառյան-Սապունջյանն է թարգմանել նրա 24 ստեղծագործություն ֆրանսերեն, եւ ժողովածուն վերնագրել «Իմ ընկեր Թումանյանը»: Ֆրանսիայում այն հայտնի է ապրիլից, հայ հանրությանը ներկայացվում է հիմա:  Երեկ  Հայաստանի Ֆրանսիական համալսարանում գրքի շնորհանդեսն էր: Թարգմանչուհին «Առավոտին» պատմեց, որ  գրքի թարգմանությունն սկսել է երկու տարի առաջ, մինչ այդ՝ նա արդեն ֆրանսերեն թարգմանել էր Թումանյանի հեքիաթները եւ այլ հեղինակների ստեղծագործություններ: Երբ լսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն հայտարարությունը, թե խրախուսվում էր տարբեր գրականությունների տպագրությունը, որոշել է. «Մտածեցի, որ Թումանյանն է այն հեղինակը, որ պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին»: Ալիս Վառվառյան-Սապունջյանը պատմում է՝ շատ է հուզվել Թումանյանին թարգմանելիս, վերնագրի՝ «Իմ ընկեր Թումանյանը»  ընտրությունն էլ բացատրում է. «Ինձ թվում էր՝ Թումանյանն իմ մեջ է: Երկու տարի անընդհատ իրար հետ ապրեցինք, իմ ընկերն էր, ես նույնիսկ զգում էի՝ ինքը գոհ չէ իմ թարգմանած այս կամ այն բառից: Ես էլ փնտրում էի ճիշտ համարժեքը: Ստեղծագործությունները թարգմանելիս նպատակ եմ ունեցել հայ գրականությունը Թումանյանի միջոցով ներկայացնել եվրոպական լսարանին»: Թումանյանին թարգմանչուհին այլեւս չի անդրադառնալու, հիմա աշխատում է «Սասնա ծռեր» էպոսի թարգմանության վրա: «Իմ ընկեր Թումանյանը» տպագրվել է SIGEST հրատարակչությունում: Հրատարակչության տնօրեն Վարուժան Սիրափյանը «Առավոտին» պատմեց, որ գիրքը Ֆրանսիայում լայն տարածում է ստացել: «Ցանկացած վայրում, ուր գրախանութ կա, գիրքը դրված է վաճառքի»,- ասում է Վ. Սիրափյանը՝ ավելացնելով, գիրքը կարդում են եւ՛ ֆրանսահայերը, ե՛ւ հենց ֆրանսիացիները: «Ֆրանսիացիները սկզբից վերցնում են գիրքը, որովհետեւ այն գեղեցիկ կազմով է, նկարազարդ, հետո արդեն բովանդակությունն է նրանց գրավում»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել