Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռանկարներ եւ 20-ամյակ

Հոկտեմբեր 01,2011 00:00

Ամերիկյան համալսարանը տարեդարձ է նշում

Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «Զարգացման քսանամյակ» միջոցառումների շրջանակներում երեկ ՀՀ ԿԳՆ-ի եւ Կալիֆոռնիայի համալսարանի համահովանավորությամբ մեկնարկեց «Բարձրագույն կրթության հեռանկարները» խորագիրը կրող գիտաժողով:
ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի խոսքով, գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության գլոբալ միտումներն ու փոփոխությունները. «Հայաստանում միշտ հարգվել է բարձրագույն կրթությունը, տեղի գիտնականների մասին գիտե ամբողջ աշխարհը։ Այստեղ բոլորը գիտեն, թե ո՞ր գիտնականներն ու գիտական ձեռքբերումներն են հստակ եղել, դրանք արժեւորում են համապատասխանաբար: Այս շունչը դեռ չի կորել Հայաստանում, որը թույլ է տալիս այս ոլորտում հիմք ունենալ նոր նախաձեռնությունների: Հայաստանը կարող է բարձրագույն կրթության կենտրոն դառնալ, եթե կարողանա դրսի օրինակների հիման վրա փոփոխություններ իրականացնել»:
ՀԱՀ հիմնադիր ղեկավար, գիտաժողովի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի փոխանցմամբ, համալսարանը չցանկացավ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակել միայն հանդիսավոր տոնակատարություններով. «Այդ պատճառով կրթության ոլորտում բարձրորակ մասնագետներ հրավիրեցինք՝ բարձրագույն կրթության խնդիրների ու հեռանկարների մասին համատեղ քննարկումներ անցկացնելու համար՝ համոզված լինելով, որ մասնագետների ներկայությունն ու զեկույցները Հայաստանի կրթական համակարգին միայն օգտակար կլինեն: Զեկուցողները հիմնականում ԱՄՆ լավագույն համալսարանների դոկտորներ են, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորները, դասախոսներ, ոլորտի պատասխանատուներ»։
Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի Բարձրագույն կրթության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջադսոն Քինգը նշեց. «Ապրում ենք մի դարաշրջանում, երբ բարձրագույն կրթության ոլորտում այնպիսի նոր նախաձեռնություններ են սպասվում, որոնց հետեւանքով համալսարանների դերն ու կառուցվածքը մեծ փոփոխությունների կենթարկվեն։ Որոշ շարժիչ ուժեր արդեն ակնհայտ են՝ հաղորդակցության գերարագ միջոցներ, տնտեսության, հասարակության եւ բիզնեսի գլոբալիզացում, համաշխարհային մասշտաբով բարձրագույն կրթության ֆինանսավորման կրճատում, տեղական ուսումնական հաստատությունների մակարդակը բարձրացնելու նպատակով բարձրագույն կրթության լավագույն գաղափարների եւ նմուշների՝ ամբողջ աշխարհից ներմուծելու մեծ հետաքրքրություն, օրեցօր բարդացող հասարակական բարձրագույն կրթությունը մատչելի դարձնելու ջանքեր»:
Բերկլիի համալսարանի տեղեկատվության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Աննա Լի Սաքսենյանը գտնում է, որ բարձրագույն կրթության ապագան թվային տեխնոլոգիաներինն է. «Բարձրագույն կրթությունը հեռանում է արդեն հնացած մասսայական կրթության մոդելից եւ յուրացնում կրթության առավել անհատականացված, մատչելի, համացանցային մոդելը: Մենք այս փոխակերպումների սկզբնական շրջանում ենք, եւ տեղեկատվական դարաշրջանում բարձրագույն կրթության համակարգի եզրագծերը դեռ հստակ չեն երեւում, սակայն այդ ուղղությամբ ամբողջ աշխարհում փորձեր արվում են: Թեեւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները միակ եւ ամենակարող միջոցը չեն, բայց երբ տեղին են ընդգրկվում դասախոսների եւ ուսանողների ուսուցման գործընթացում, կարող են ընդլայնել նյութի մատչելիությունը, նպաստել ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական համագործակցությանը»: Գիտաժողովից մի քանի ժամ անց, համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ՀԱՀ-ն հյուրընկալեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ երեկոյան համալսարանի «Միհրան եւ Էլիզաբեթ Աղբաբյան» սրահում բացվեց ՀԱՀ 20-ամյա պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել