Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆԻ «ԵՐԴՎԱԾ» ԱՎԵՏԱՐԱՆԸ

Հոկտեմբեր 01,2011 00:00

\"\"Սկեւրայի Սուրբ գիրքը հանգրվանեց Մատենադարանում ու Հայաստանում չարժանացավ պատշաճ ուշադրության

\"\"Լեհահայ համայնքի ներկայացուցիչ, ճանաչված նկարիչ Գագիկ Պարսամյանը վերջերս համայնքի եւ Լեհահայոց մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի անունից իբրեւ ընծա Մատենադարանին է հանձնել 1197թ. Սկեւրայի Ավետարան՝ մագաղաթե ձեռագիր մատյան, որի բնօրինակը ստեղծվել է Կիլիկիայում, ծաղկողը մանրանկարիչ Գրիգոր Սկեւրացին է:
Կիլիկիայի Լեւոն 2-րդ թագավորը, ըստ պատմական տեղեկությունների, գահ բարձրանալիս հենց այս Ավետարանի վրա է երդվել: Սկեւրայի ավետարանի կրկնօրինակը կամ նմանահանությունը, որը, հավատարիմ բնօրինակին՝ արտացոլում է Ավետարանի տեսքը, վիճակը, ինչպես նաեւ կազմը, իրականացվել է Պելպինից «Bernardinum» հրատարակչության կողմից: Գ. Պարսամյանը պատմում է, որ 5 տարի շարունակ երազել է ու ջանք չի խնայել, որ Սուրբ գիրքը հայտնվի հայաստանյան ձեռագրատանը. այն բազմաթիվ գաղտնագրեր է պարունակում, որոնք արժանի են ուսումնասիրման:
Զանազան փորձությունների միջով անցած Ավետարանը մի քանի դար շարունակ պահվել է Լվովի հայկական տաճարի գանձատանը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ հայերը լեհերի հետ ստիպված լքել են այն քաղաքը, ուր իրենց նախնիները ապաստան էին գտել դարեր առաջ, որպես անգին գանձ տարել են նաեւ Ավետարանը: Ձեռագիրը (բնօրինակը) մի քանի տասնամյակ խնամքով թաքցվել է, մինչեւ 1970-ականները այն կորած է համարվել, այժմ էլ պահվում է Վարշավայի ազգային գրադարանում. հանձնված է ժամանակավոր ցուցադրության, սեփականատերը լեհահայ համայնքն է:
Գ. Պարսամյանի ասելով, 2005-2006
թթ. Լեհաստանի մշակույթի նախարարությունը միջոցներ է տրամադրել՝ «Bernardinum» մասնագիտացված տպարանում ավետարանի 5 բացառիկ կրկնօրինակ պատվիրելու համար: Ըստ մեր զրուցակցի, տպարանի տնօրեն Տադեւուշ Սերոցկին խնամքով եւ հոգածությամբ է կատարել պատվերը: Ավետարանի կրկնօրինակը դժվար է տարբերել բնօրինակից. ոսկեզօծ կազմը ձեռքի աշխատանք է:
Գ. Պարսամյանն ասում է, որ 5 կրկնօրինակից մեկը իբրեւ բացառիկ ընծա ժամանակին նվիրվել է ծննդավայր Լեհաստան այցելած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին, մի օրինակն էլ Մայր աթոռում է:
Գ. Պարսամյանի խոսքով, եղել են մեծահարուստներ, ովքեր ցանկություն են հայտնել Ավետարանը ձեռք բերել եւ սեփական միջոցներով ուղարկել Հայաստան, սակայն ինքը եւ համապատասխան ներկայացուցչական հանձնաժողովը դեմ են եղել, քանի որ համարել են՝ ճիշտը լեհահայ համայնքի անունից նվիրելն է: Մեր զրուցակիցը փաստում է, որ Ավետարանը Հայաստան բերելու հարցում մեծ է եղել նաեւ Լեհահայոց մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի նախագահ Էվա Աբգարովիչի եւ պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի դերը: Գ. Պարսամյանը հավելում է, որ հոգին փառավորվել է՝ Ավետարանը Մատենադարանին հանձնելիս, հիացած է Արթուր Մեսչյանի նախագծով կառուցված նոր մասնաշենքով, բայց մյուս կողմից էլ գտնում է, որ իր սպասելիքները, տարիների ամբարած սերն ու ոգեւորությունը անպատասխան են մնացել. ուրիշ վերաբերմունք էր ընկալում, քանի որ ընծան սովորական չէր: Իսկ կատարվածը Հայաստանում գրեթե չի լուսաբանվել, նախկին հայաստանցի նկարիչը զանգեր էլ չի ստացել իր երբեմնի ծանոթներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել