Երեկ եւ այսօր Հայաստանի Սյունիքի մարզի հարավային դարպասը` Մեղրին, սովորականից ավելի մարդաշատ ու տոնական կլինի: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հաստատված բարեկամության 20-ամյակին նվիրված «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագրի շրջանակներում Մեղրիում 2 օր կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, իսկ իրանականը՝ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի տեղակալ Համիդ Շահաբադին:
Երեկ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի եւ Իրանի ժողգործիքների անսամբլի համատեղ համերգն էր, այսօր կբացվեն հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանն ու պուրակը: Քանդակագործը Վան Սողոմոնյանն է, քանդակը՝ երկկողմանի քարքարոտ ճանապարհ ու մեջտեղում բաց պատուհան:
Սյունիքի համայնքապետերը մեր հյուրերի հետ կխոսեն միջսահմանային մշակութային փոխայցելությունների եւ համագործակցության հեռանկարներից, կցուցադրվեն հայկական եւ իրանական վավերագրական ֆիլմեր, կբացվի «Հայ-իրանական գրական կամուրջներ» գրքի ցուցահանդես: Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ Հայաստանի համար դժվարին տարիներին` 1990-ականներին, երկրի շրջափակման ժամանակ Իրանը բարեկամական ձեռք մեկնեց, Մեղրու կամուրջը միակ կապն էր աշխարհի հետ: