Արդեն 11-րդ տարին նշվում է Վանաձորի օրը: Տոնին նվիրված ծրագրերի շարքը սկսվել է սեպտեմբերի 28-ին, քաղաքի մարզամշակութային հաստատություններում միջոցառումներով:
Այս տարի տոնը կընդգրկի քաղաքի ամբողջ տարածքը` Վանաձորի հրապարակից կսկսվի թատերականացված ծրագիր քաղաքի պատմության մասին, հետո երեխաների հեղինակած դեկորատիվ կիրառական արվեստի, գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգում կկայանա պոեզիայի ժամ, իսկ Դուդուկի արձանի մոտ՝ «Հնչում է մեղեդին» ծրագիրը:
Վանաձորի կերպարվեստի թանգարանում միանգամից 2 ցուցահանդես կբացվի՝ «Ստամբուլի հայ ճարտարապետները» եւ «Վանաձորյան ներկապնակ»: Հայքի հրապարակից կմեկնարկի հեծանվավազք, մարզադաշտերում՝ ֆուտբոլային մրցաշարեր, ծանրամարտի մարզադպրոցում՝ ցուցադրական ելույթներ, քիմիագործների այգում` շախմատի մրցաշար: «Բոլոր միջոցառումները կազմակերպել ենք դրսում, որ տեղի խնդիր չառաջանա, բոլորը կարողանան մասնակից լինել, միայն լողն է մարզադպրոցում` դրսում ջուր չունենք»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի սպորտի բաժնի մասնագետ Սամվել Սաֆարյանը:
Վերջում՝ ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքի տոնի ավարտական ակորդ՝ մեծ համերգ եւ հրավառություն:
Այս օրերին պատասխանատուները քաղաքն են զարդարում-գեղեցկացնում, իսկ ահա գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք նախաձեռնողները դեռ մտածում են՝ ում օգնեն, ում նվիրեն ստացված եկամուտը: