Վերջերս Իջեւան է վերադարձել Արթուր Բաղրամյանը, ով առավել հայտնի է «Աբան» մականունով: Նա Իջեւանում գտնվող իր տունը հիմնանորոգել է եւ, ըստ լուրերի, մտադրություն ուներ Տավուշի մարզկենտրոնում ինչ-որ բիզնես ձեռնարկել: «Աբանը» օրենքով գող «Դեդ Հասանի»` 74-ամյա Հասան Ուսոյանի հետ 2010 թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Տվերսկոյե փողոցում վարձու մարդասպանի կրակից վիրավորվել էր:
Հայրենի Իջեւանում «Աբանի» սիրտը կարմրախայտ է ուզել եւ նա որդուն ուղարկում է իջեւանցի ազատամարտիկ, ձկնորս Սերյոժա Ստեփանյանի մոտ: Վերջինս 2 կգ գետի կարմրախայտ է տվել, սակայն «Աբանի» տղան չի վճարել ձկան փողը, ասելով, որ հայրը հետո կտա: Սեպտեմբերի 18-ին Սերյոժա Ստեփանյանը գնացել է «Աբանի» տուն` փողը ստանալու: Վերջինս խիստ զայրացել է, որ ազատամարտիկը ձկան գումարը պահանջում է: Սերյոժա Ստեփանյանը ձեռնունայն դուրս է եկել տնից ու այստեղ նրա վրա հարձակվել են «Աբանը», նրա որդին, ընկերները՝ 5 հոգի: Նրանք դաժան ծեծի են ենթարկել 60-ն անց ազատամարտիկին: Սերյոժային տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, որտեղ նրա դեմքին 7 կար են դրել: Այս գործին խառնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց միջնորդությամբ նույն գիշերը «Աբանը» իր ընտանիքի հետ Բագրատաշենում բարեհաջող հատել է սահմանը: Իջեւանում մնացել է միայն նրա դպրոցահասակ որդին: Ոստիկանությունում հրաժարվեցին այս առթիվ որեւէ տեղեկատվություն տալ: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ծեծի փաստի առիթով քրեական գործ հարուցված չէ, դեռեւս չեն ստացվել Սերյոժա Ստեփանյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները: