Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՏԱԿՎԱԾ ԱՆՈՒՐՋՆԵՐ

Հոկտեմբեր 01,2011 00:00

\"\"Չմարված վարկեր, տապալված հույսեր ու կուրացող երեխա

Օթար Սիրեկանյանը Արագածոտնի մարզի Արտենի գյուղից է: Խրճիթ հիշեցնող մի տնակ ունի, կին ու 2-րդ կարգի հաշմանդամ երեխա: Գյուղաբնակ աղքատ ընտանիքը թեեւ հազար ու մի խնդիր ունի հոգալու, բայց առաջնայինը՝ կուրանալու սպառնալիքի տակ հայտնված երեխայի բուժումն է: Հենց այդ նպատակով էլ Օթար Սիրեկանյանը երեք տարի առաջ որոշեց ռիսկի դիմել եւ հողի մշակության համար գյուղատնտեսական վարկ վերցնել: Որոշեց, վերցրեց ճակատագրական գումարն ու…
Ձմերուկ եւ բանջարանոցային այլ մշակաբույսեր ցանեց՝ հուսալով, որ եւ վարկը կմարի, եւ երեխայի բուժման հարցը կհոգա: Սեփական աշխատանքին եւ բնության բարեհաճությանն ապավինած ընտանիքի համար, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. կարկուտը սրբեց-տարավ Սիրեկանյանների ապրուստի միակ հույս բանջարանոցը՝ սառցե գնդիկների տարափի տակ ոչնչացնելով նաեւ երեխայի բուժման հույսը:
Երեխայի առողջությունից ոչ այնքան կարեւոր, բայց մի խնդիր էլ բաց մնաց. վարկի մարման գումարը: Հուսալով, որ կրկնակի ցանքս կատարելով դեռ կհասցնի բերք ստանալ ու վաճառել, Օթարը երկրորդ անգամ ռիսկի դիմեց՝ երկրորդ անգամ վարկ վերցրեց: Բայց բնությունը հերթական անգամ չար խաղ խաղաց՝ այս անգամ ոչ միայն կարկուտի, այլեւ ցրտահարության տեսքով: Բանկի պարտքը հասավ 5000 դոլարի, իսկ երեխայի բուժման հույսը նվազեց զրոյի:
Հասկանալով, որ բանկի նկատմամբ կուտակած պարտավորությունները չկատարելով ընտանիքը կարող է նաեւ տանիքից զրկվել, Օթարը տոկոսով գումար է հայթայթում՝ փորձելով այդկերպ մարել վարկը: Մի կողմից բանկի, մյուս կողմից՝ վաշխառուի գումարները փակելու համար, Սիրեկանյանները վաճառում են ձմերուկի բանջարանոցը՝ չնահանջելով, սակայն, իրենց փոքրիկ տնտեսության մեջ նոր ներդրումներ անելու մտքից: Բայց այս անգամ հույսները կապում են ոչ թե բանջարանոցային կուլտուրաների, այլ ծիրանի հետ: Վաճառած բանջարանոցի գումարից մասհանում են անում նաեւ ծիրանի այգին բուժելու, պարարտացնելու վրա: Բայց դարձյալ բախտները չի բերում: Ինչպես նախորդ երկու դեպքում, այս անգամ էլ ցրտահարությունից ու գերխոնավացումից տուժում է ծիրանի այգին:
Բազմակի պարտքի տակ հայտնված ընտանիքի դրությունն ավելի է ծանրանում, երբ ամիսներ առաջ տեղեկանում են, որ գրավադրված՝ Արտենի գյուղի իրենց փոքրիկ հյուղակը 5000 դոլար պարտքի դիմաց անցել է բանկին:
Ամեն ինչ կորցրած ընտանիքն ահ ու դողով սպասում է այն օրվան, երբ հարկադիր կատարողները կգան ու իրենց տնից դուրս կհանեն: «Միակ ունեցածս՝ ծիրանանոցս եմ հանել վաճառքի, որ պարտքս տամ, գոնե տունը պահեմ: Բայց չգիտեմ՝ կկարողանա՞մ ետ ստանալ, թե՞ տունն էլ կկորցնեմ, այգին էլ»,- ասաց Օթարը:
Վախի ու անորոշության մեջ ապրող Սիրեկանյան ամուսինները, երբ քարքարոտ հողը մեկ-մեկ քարերից մաքրում՝ մշակության համար պիտանի էին դարձնում, մեծ հույսեր էին կապում դրա հետ: Ի՞նչ իմանային, որ իրենց ձեռքով կյանք ստացած հողը, ընկրկելով բնության քմահաճության առաջ, ոչ միայն տուն ու տեղից, այլեւ՝ հույսերից ու երազներից էր զրկելու իրենց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել