Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

Հոկտեմբեր 01,2011 00:00

«Կամ էդ բժիշկը, որ իմ երեխու գլուխը կերավ՝ լավ փող ա տվել, կամ թե չէ՝ լավ բարեկամ ունի»

\"\"

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում վանաձորցի Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցված:
Արմանը մահացել է նախորդ տարվա ապրիլի 5-ին՝ սուր լյարդային անբավարարությունից, կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ ձեւ)՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
Նրա մայրը՝ 49-ամյա Սուսաննա Անտոնյանը, դժգոհ է ընթացող նախաքննությունից, ավելին՝ չի հավատում, որ նախաքննական մարմինը կհայտնաբերի որդու՝ հեպատիտ B-ով կայծակնային ձեւով վարակվելու պատճառը: Նա ասում է, որ իր որդին երեխա չունենալու պատճառով 2009 թ. նոյեմբերից մինչեւ 2010 թ. փետրվարի 27-ը եղել է Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, իսկ 2010-ի հունվարի 17-ից մինչեւ փետրվարի 27-ը բուժման կուրս է անցել նրա մոտ:
«Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոց»,- 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը:
Արման Անտոնյանն ապրիլի 1-ին արդեն կոմային վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է B հեպատիտ՝ կայծակնային ձեւով: «Գիտակցության չեկավ, մահացավ՝ աչքը մնալով երեխա ունենալու երազանքի վրա»,- ասում է մայրը, ով պնդում է, որ որդին վարակվել է բժիշկ Արթուր Բաղդասարյանի բուժումների արդյունքում: «Վարակն իրանք են անցկացրել, մինչ այդ իմ տղան կատարյալ առողջ է եղել, թե ոնց ա եղել, չգիտեմ, հավանաբար անզգուշություն են արել, ձեռքերը չեն ախտահանել, սրսկել են, արյան մեջ է անցել, ինչ-որ պատճառով վարակվել է, բայց իրենց մոտից է եղել»,- բացատրում է տիկին Սուսաննան: Նա դժգոհ է նախաքննական մարմնի աշխատանքներից, ասում է, որ նախաքննական մարմինը կանխակալ մոտեցում ունի բժիշկ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ, պաշտպանում է նրան:
«Նախաքննությունից ես ոչ մի լավ բան չեմ տեսնում. կամ էդ բժիշկը, որ իմ երեխու գլուխը կերավ, լավ փող ա տվել, կամ թե չէ՝ լավ բարեկամ ունի: Գործով դատախազը Արամ Գրիգորյանն էր, ինձ ասաց՝ էս գործի հետեւին էնպիսի մարդիկ կան, որ դժվար կարողանաս բացահայտել: 29 տարեկան մինուճար երեխուս կյանքը խլեցին: Էս մեկուկես տարի է արդեն, մի մահ չկարողացան բացահայտել: Ուրեմն իրենց պետք չի, որ չեն կարողանում»,-համոզված է մայրը:
Տիկին Սուսաննան բողոքում է ավագ քննիչ Ա. Պողոսյանի վերաբերմունքից, ով առաջին անգամ քննելով գործը, որոշում էր կայացրել կարճել քրեական գործով վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Գործի նախաքննությունը, սակայն, բազմաթիվ բողոքների արդյունքում վերսկսվել է:  «Այն ժամանակ ինչ արեց, որ հիմա ինչ անի: Քննիչին հարցնում եմ՝ գործը ի՞նչ ընթացքի մեջ ա, ոչ մի բան չի ասում, ասում ա՝ ես բան չգիտեմ: Շատ ժամանակ հեռախոսը չի էլ վերցնում: Ես իր պահելաձեւից զգում եմ, որ էս գործը չի բացահայտվի: Երեկվա երեխեն է, կարող է վախենում է՝ մտածելով, որ եթե մի բան բացահայտի, վաղն էլ իր գլխին կսարքեն»,- գործի հանգամանքների մասին տեղեկություններ չիմանալու համար է բողոքում Սուսաննա Անտոնյանը:
Սակայն տիկին Սուսաննայի միակ ցանկությունը որդու մահվան պատճառն իմանալն է՝ նշելով, որ եթե իր որդին մինչեւ բժշկի մոտ գնալը հիվանդություն ունենար, ինքը երբեք ուրիշների վրա այն չէր բարդի:
«Թող բացահայտեն վարակվելու պատճառն ու մեղավորին դատեն, ավել բան չեմ ուզում»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել