Անցյալ շաբաթ վարչապետը, հիմնվելով տնտեսական ակտիվության ինդեքսի դրական միտումների վրա, հայտարարեց, որ Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ:
Տնտեսական ակտիվության ինդեքսները համարվում են առաջանցիկ ցուցանիշներ եւ ցույց են տալիս տնտեսական գործակալների տրամադրությունները ապագայի նկատմամբ: Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը կառուցվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ հիմնվելով տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների հարցման պատասխանների վրա: Տնտեսական ինդեքսները օգտագործվում են ապագան կանխատեսելու համար, քանզի ենթադրվում է, որ սպասումները սովորություն ունեն ինքնահաստատվել: Սույն ենթադրությունը խարսխված է այն մտքի վրա, որ տնտեսական գործակալները գործում են իրենց սպասումներից ելնելով, այսինքն՝ ապագայում ավելի բարձր աշխատավարձ ակնկալող քաղաքացին հիմա ավելի հեշտությամբ է վերցնում վարկ եւ վերանորոգում բնակարանը՝ դրանով աշխատատեղեր ստեղծելով բնակարանների վերանորոգումով զբաղվողների համար, ապագայում պահածոների ավելի բարձր սպառում ակնկալող պահածո արտադրող ձեռնարկատերը հիմա արդեն կատարում է ավելի մեծ չափերով մթերում՝ ավելացնելով գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պահանջարկը եւ այլն:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ տնտեսական վիճակը միայն սպասումներով չի որոշվում: Կան տնտեսական գործոններ, որոնք տնտեսական գործակալների տրամադրություններով չեն կառավարվում: Հայաստանի դեպքում դրանք երկուսն են. արտաքին տրանսֆերտներ եւ արտահանվող ոչ թանկարժեք մետաղների գներ:
Ըստ Կենտրոնական բանկի կողմից հնչեցված գնահատականների՝ արտաքին տրանսֆերտները կազմում են ՀՆԱ-ի 10-11%-ը: Արտաքին տրանսֆերտներն ինքնին կախված են այլ երկրների (հիմնականում՝ Ռուսաստանի) տնտեսական վիճակից: Արտահանվող հիմնական մետաղները պղինձն ու մոլիբդենն են, որոնք, համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, 2010 թվականին կազմել են ամբողջ արտահանման 22 %-ը: Հետեւապես, տրամադրություններից զատ, գլխավորապես այս 2 փոփոխականներն են պայմանավորելու մեր տնտեսության ապագա վիճակը: Դժբախտաբար, ներկայում դրանք ցույց են տալիս անկման միտումներ: Այսպես. Արժույթի միջազգային հիմնադրամը սեպտեմբերին հրապարակած զեկույցում նվազեցրեց 2011 եւ 2012 թվականներին համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր հունիսին կատարած կանխատեսումը՝ 4.3 եւ 4.5%-ից մինչեւ 4.0 եւ 4.0%, համապատասխանաբար: Նույն զեկույցում Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումները նվազեցվել են 40-50 տոկոսային կետով: Մյուս կողմից, համաշխարհային շուկաներում նկատվում է ոչ թանկարժեք մետաղների գների անկում: Ըստ Բլումբերգ գործակալության տվյալների՝ վերջին շաբաթվա ընթացքում պղնձի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսի գները ընկել են մոտ 15%-ով, որն առավելագույնն է՝ սկսած 2008 թվականի հոկտեմբերի ֆինանսական անկման ժամանակ գրանցվածից հետո:
Իհարկե, թվարկված միտումները կործանարար չեն, սակայն, հաշվի առնելով պետական պարտքի ներկա ցուցանիշը եւ Կենտրոնական բանկի կողմից կառավարվող միջազգային պահուստների վիճակը, մեր կառավարությունը դեռեւս շատ լուրջ խնդիրներ ունի լուծելու: