Գյումրեցի խանութպաններից գումարներ են գանձել Երեւանի քաղաքապե՞տի բլանկով
Հ. Մալխասյանը մեղադրում է քաղաքապետարանին, վերջինս էլ՝ նրան:
Գյումրիի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ վերահսկման բաժնի աղբավճարներ գանձող նախկին գործակալ Հենրիկ Մալխասյանը երեկ հայտարարեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են ապօրինաբար՝ գլխին գործ սարքելով: Հ. Մալխասյանը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում պատմեց իր գլխին եկածը: Ըստ նրա, պատճառը եղել է այն, որ ինքը հրաժարվել է աշխատավարձից 2000 դրամ տալ քաղաքապետարանի նորակառույց շենքի հարդարման համար: «Քաղաքապետարանում անընդհատ ապօրինի գումարներ էին հավաքում՝ պատճառաբանելով, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրահանգով է. կանչում էին բոլոր աշխատակիցներին ու հարկադրում իրենց մեկ տարվա արձակուրդայիններն ու մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել քաղաքապետարանի շենքի կառուցմանը: Իմ աշխատավարձը 62000 դրամ էր, ստացվում էր, որ ես 124000 դրամ պիտի նվիրաբերեի, սակայն հրաժարվել եմ փող տալ, որովհետեւ հոգնել էի. մեկ 5000 դրամ, մեկ 6000, 8000, 15000 դրամ էին պահանջում: Ես անձամբ մտել եմ քաղաքապետի մոտ ու ասել՝ պարոն Ղուկասյան, հարգելիս, ես քեզ տալու փող չունեմ: Հունիսի 21-ին առավոտ կանուխ աշխատանքի ներս մտնելս ու 2000 դրամ պահանջելները մեկ եղավ: Պահանջողն էլ գործակալներից մեկն էր՝ Արմինե Հարությունյանը: Հրաժարվեցի, ես ինքս պարտքերի մեջ եմ, որդուս գերեզմանը սարքելու համար բանկից 1 մլն դրամ վարկ եմ վերցրել: Գլխիս գործ սարքեցին. վազեցին ոստիկանություն, թե իբր ես սեռական հայհոյանքներ եմ հնչեցրել, փորձել եմ խփել Արմիկին, կռիվ եմ սարքել»,- պատմեց Հենրիկ Մալխասյանը: Այժմ նրա դեմ քրգործ է հարուցված Քրօրի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ու որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: «Քննիչը ինձ որակել է որպես հանդուգն հանցագործ: Քրգործում գրված է, թե ես 15-20 րոպե շարունակ հայհոյել եմ, ես պիտի փորձաքննություն պահանջեմ, հայերենում 15 րոպեանոց հայհոյանք կա՞, հայհոյանքների շարքն անգամ էդքան չի տեւում: Ոչ մի հայհոյանք չի հնչել, եղել է լեզվավեճ»,- նեղսրտեց Հ. Մալխասյանը: Նա պնդում էր, որ եկամուտների հաշվառման եւ վերահսկման բաժնի աշխատանքները համակարգող Հմայակ Փափազյանն աղբի համար գումար է հավաքագրում բնակիչներից, սակայն բյուջե չի մուտքագրում. «Չնայած ինձ միլիցիա տվեցին, բայց էդ նույն մարդիկ հորդորում են, որ ես չխոսեմ իրենց կատարած կեղծիքների մասին, քաղաքապետին անընդհատ խաբել են ու խաբում են, նա չգիտի գործակալների կատարած դրամաշորթությունների մասին, իսկ եթե գիտի ու լռում է, ուրեմն ավելի վատ իր համար»:
Նրա դեմ հարուցված քրգործից տեղեկանում ենք. «2011թ. հունիսի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրիի Օզանյան փող.1 հասցեում գտնվող իր նոր աշխատասենյակի հարդարման համար 2000 դրամ գումար հավաքելու պատճառով վիճաբանել է նույն բաժնի աշխատակցուհու՝ Արմենուհի Հարությունյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով վերջինիս եւ մյուս աշխատակիցների նկատմամբ, շուրջ 15-20 րոպե տեւողությամբ սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ է կատարել Ա. Հարությունյանի հասցեին, ցանկացել է բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ փորձել է հարվածել, սակայն վերջինս խույս է տվել, որից հետո բաժնի աշխատակիցների միջամտությամբ Ա. Մալխասյանը դադարեցրել է իր խուլիգանական գործողությունները»: Մենք այս թեմայի կապակցությամբ պարզաբանումներ ստացանք նաեւ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից: Նշենք, որ Հ. Մալխասյանի ներկայացմամբ, հենց Բ. Ալեքսանովն է «նպաստել», որ ինքն աշխատանքը կորցնի:
Բ. Ալեքսանովի խոսքերով, ինքը բազմիցս դժգոհություններ է լսել աշխատակիցներից այն մասին, որ Հ. Մալխասյանը իրեն աշխատանքի վայրում անպատշաճ է պահում. «վիրավորում, հայհոյում, նույնիսկ հարձակվում է աշխատողների վրա»: «Եղավ մի միջադեպ, իր աշխատանքային ընկերները հավաքվեցին, եկան՝ ասելով, որ ի վիճակի չեն նրա հետ աշխատելու, ես անձամբ գնացել եմ, հանդիպել եմ այս բաժնի աշխատակիցների հետ, եւ պարզվեց, որ նա մտնելով աշխատասենյակ, հայհոյում է աշխատողներին, նույնիսկ դանակ է նետել աշխատողներից մեկի վրա, որը, փառք Աստծո, էդ մարդուն չի կպել»: Ըստ Բ. Ալեքսանովի, դրամաշորթությամբ ու կեղծիքներով հենց Հենրիկ Մալխասյանն է զբաղվել, նա Գյումրիի խանութների տերերից աղբավճարներ է գանձել Երեւանի քաղաքապետի բլանկներով: Այժմ քննչական բաժնում քննվում են ինչպես Հենրիկ Մալխասյանի կոլեգաների թույլ տված խախտումները, այնպես էլ նրա: Ի դեպ, Բորիս Ալեքսանովը զրպարտություն է որակում քաղաքապետարանի նորակառույց շենքի հարդարման համար աշխատակիցներից գումարներ հավաքագրելը, սակայն նշենք, որ այս մասին հպարտությամբ հայտարարել էր նաեւ Գյումրիի քաղաքապետը՝ մանկավարժականի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին էլ խրատելով իրենից օրինակ վերցնել ու լսարանները սարքել աշխատակիցների հաշվին: Նշենք, որ Հ. Մալխասյանի որդին սպանվել է բանակում՝ ԼՂՀ-ում ծառայելիս: