Պարզաբանում է Կիրո Մանոյանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 26-ին քննարկելով Պաղեստինի Ինքնավարության՝ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության դիմումը՝ որոշել էր հայտը ներկայացնել համապատասխան կոմիտեի քննարկմանը: Փորձագիտական կոմիտեի առաջին նիստը Նյու Յորքում տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Կոմիտեում ներկայացված են ՄԱԿ-ի ԱԽ անդամ բոլոր 15 երկրները՝ մշտական ներկայացուցիչների (դեսպանների) մակարդակով: Կոմիտեի դրական որոշման դեպքում միայն ԱԽ-ն այն կքննարկի, եւ եթե 15 անդամներից առնվազն 9-ը կողմ քվեարկեն, եւ եթե ԱՄՆ-ն չօգտագործի իր վետոյի իրավունքը, ինչպես խոստացել է, նոր միայն Պաղեստինի Ինքնավարությանը՝ որպես ճանաչված պետություն ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու հայտը կքննարկվի ՄԱԿ-ի լիագումար նիստում:
Ու թեեւ Պաղեստինն իր նպատակին հասնելու համար ՄԱԿ-ում երկար ճանապարհ պիտի անցնի, եւ Հայաստանն էլ այդ հարցի առնչությամբ դեռեւս հստակ դիրքորոշում չի հայտնել, այդուհանդերձ, փորձեցինք պարզել՝ արդյոք Հայաստանը պե՞տք է ՄԱԿ-ում աջակցություն ցուցաբերի Պաղեստինի Ինքնավարությանը եւ արդյոք դա պիտի անի անշահախնդի՞ր, թե՞ որոշակի պայմաններ առաջադրելու պարագայում: Այս հարցում իր դիրքորոշումը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը. «Ակզբունքորեն ՀՅԴ-ի դիրքորոշումն այն է, որ մենք պետք է «կողմ» քվեարկենք Պաղեստինի անկախության ճանաչմանը: Իրավունք ունեն իրենք ունենալու անկախ պետություն, ուրեմն՝ կողմ պետք է քվեարկենք: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանի պաշտոնական կեցվածքին, կարծում եմ՝ Հայաստանը, ինչպես ցանկացած պետություն, եւ սկզբունքով պիտի շարժվի, եւ պետք է նայի, որ դիմացի կողմը համարժեք եւ համապատասխան կեցվածք ունենա: Այսինքն՝ դիմացի կողմն էլ պետք է որ սկզբունքային մոտեցումներ ունենա այն հարցերում, որոնք կվերաբերեն մեզ: Եվ, հաշվի առնելով պաղեստինյան իշխանության նախագահի՝ մի քանի ամիս առաջ Բաքվում կատարած հայտարարությունը, պետք է որ հստակ կեցվածք ցուցաբերի Պաղեստինի իշխանությունը նաեւ Ղարաբաղի հարցում, որպեսզի մենք էլ ակնկալենք, որ Հայաստանը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի Պաղեստինի հարցում»:
Կիրո Մանոյանի հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք հաջորդ համարում: