ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կարող է պառակտել կառավարող կոալիցիան, եթե Քոչարյանի թեկնածությունն առաջադրի կոալիցիոն կուսակցություններից մեկը: Երեկ մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: «Եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում, ապա ինտրիգը քաղաքական դաշտում կտրուկ կմեծանա»,- «ԱրմԻնֆոյի» մատուցմամբ, հայտարարել է Պետրոսյանը: Նրա ասելով, ըստ գործող օրենսդրության, նախագահի թեկնածուներին առաջադրում են քաղաքական ուժերը, իսկ Քոչարյանին ոչ ոք չի առաջադրի: «Ստորագրված կոալիցիոն հուշագրի համաձայն, կոալիցիայի անդամներն առաջիկա ընտրություններում կսատարեն գործող նախագահ Սերժ Սարգսյանին»,- նշել է պատգամավորը:
Մեկնաբանելով ՀՅԴ կողմից Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությունը՝ Պետրոսյանն ասել է, թե ՀՅԴ անդամները կարողանում են վերլուծել եւ, համապատասխանաբար, հաշվարկել, որ կոալիցիոն հուշագրի այսօրվա ձեւակերպումների պարագայում իրենց թեկնածուի շանսերը մեծ չեն: