Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 01,2011 00:00

Երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ: ԱԱԽ աշխատակազմում համատեղ ջանքերով մշակվել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ազգային ծրագիրը, որը հավանության է արժանացել ԱԱԽ-ի կողմից եւ հաստատվել ՀՀ նախագահի հրամանագրով: Արդյունքում ստեղծված հանձնաժողովն այսօր քննարկել է կատարված աշխատանքները եւ նախանշել ապագա ծրագրերը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է: Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2011թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի գրանցվել է այս ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4% աճ, սակայն առկա է նաեւ հանցագործությունների բացահայտման դրական միտում՝ շուրջ 10%-ով: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս ոլորտում Հայաստանը արդյունավետորեն համագործակցում է ՀԱՊԿ շրջանակներում, եւ ընդգծել է այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Եվրամիությունը նույնպես շահագրգիռ է այս ոլորտում խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ Արեւելյան գործընկերության անդամ մյուս երկրների հետ: ԱԱԽ քարտուղարի համոզմամբ՝ այս հանցատեսակի դեմ պայքարը պետք է ընթանա երեք հիմնական ուղղություններով՝ կանխարգելում, պատժի անխուսափելիություն նման հանցագործություն կատարողի համար եւ բուժման կարիք ունեցող անձանց արդյունավետ վերականգնում: ԱԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ ավարտին է մոտենում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը: Այս ուղղությամբ համակարգված փաստաթուղթ ստեղծելու նպատակով ԵՄ-ի հատուկ փորձագետը արդյունավետորեն համագործակցում է մեր իրավապահ մարմինների հետ:
:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել