Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերացնենք, երբ մեր «մուսկուլը» թույլ կտա

Հոկտեմբեր 01,2011 00:00

Բնակավայրերին վտանգավոր չափի մոտ գործող բենզինի լցակայանների մասին ասում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Դեռ օգոստոսի 20-ին էր «Առավոտում» հրապարակվել Արմեն Դուլյանի «Անվնասները հանում եք, բա վնասակարնե՞րը» ռեպլիկը, որտեղ մասնավորապես ասված էր. «Մամուլի կրպակն ինձ ոչ մի վնաս չի տալիս, ինձ վնաս է տալիս Սայաթ- Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկի մոտ՝ Չարենցի 59 տան տակ ու մայթի երկայնքով աշխատող, «ՌԱՆ օյլ» ընկերությանը պատկանող բենզինի ԲՈՒԴԿԱ-ն: «Թերթի կրպակները խաթարում են Հայաստանի մայրաքաղաքի դեմքը»՝ լսեցինք Երեւանի նոր իշխանությունների հիմնավորումը: Իսկ եվրոպական մայրաքաղաքներից որեւէ մեկում տեսե՞լ եք ԲԵՆԶԻՆԻ ԲՈՒԴԿԱ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»: Արմեն Դուլյանը նաեւ գրել էր. «Ամեն օր մտնում ես տուն ու մտածում՝ երեկ գիշերը սրանց մոտ կռիվ էր, հանկարծ չգան պայթեցնեն՝ ախր պատուհաններիցս ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՄԵՏՐԻ ՎՐԱ Է ԷԴ ԲՈՒԴԿԱՅԻ ՏԱՆԻՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ԼԻՏՐԱՆՈՑ ԲԵՆԶԻՆԻ ԲԱՔԸ: Այսինքն՝ Երեւանի քաղաքացիների անվտանգությունը ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ է, թերթի կրպակներն են խանգարում: Հա՛, պարոն Կարապետյան»:
«Շատ վատ է»,- «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս հրապարակմանը՝ նախ ասաց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Բայց եւ նշված բենզինի կրպակի մասին հավելեց. «Այն օրինական է: Իր հետ որ նստում-խոսում ենք՝ փոխհատուցման խնդիր է առաջադրում»: Մեր հարցադրմանը, թե քաղաքապետարանը պատրա՞ստ չէ նման փոխհատուցման՝ պրն Կարապետյանն արձագանքեց. «Ոչ, մենք պատրաստ ենք, բայց մենք դրա հնարավորությունը պետք է ունենանք: Պետք է գիտակցվի, որ երբ բնակիչը մեզնից պահանջում է՝ շատ լավ է, որ պահանջում է: Սա «պոզա» չի, որ ասում ենք, թե մենք շահագրգռված ենք, որ երեւանցու մեջ զարթնի սեփականատիրոջ իրավունքը, որ ինքն անընդհատ մեզնից պահանջի: Բայց նաեւ՝ բացի պահանջելուց, ինքը հասկանա, որ որպես քաղաքի բնակիչ ինքը պարտավորություն ունի: Ու դա նաեւ չի նշանակում, թե կախարդական փայտիկ ունենք, որ մի օրվա մեջ կուտակված հարցադրումները լուծենք, բոլոր անհրաժեշտ ներդրումները բերենք, դնենք: Չկա՛ նման բան: Մի բան պիտի հասկանանք, որ մեր երկիրը, մեր քաղաքը կառուցողը մենք ենք: Ու ինչպե՞ս դա պետք է անենք՝ մեթոդաբա՛ր, ամեն օր մեր պարտականությունները կատարելով: Հիմա գալո՞ւ է մի պահ, որ դրանք էլ են վերանալու: Գալո՛ւ է: Ե՞րբ: Այ, երբ որ մեր «մուսկուլը» թույլ տա»:
Մեր դիտարկմանը, թե մինչեւ սպասենք «մուսկուլների» բավականաչափ ամրանալուն՝ բացառված չէ, որ իրականանա չարագուշակ կանխատեսումը եւ պայթի ուղղակի տանիքում՝ մարդկանց տների առջեւ տեղադրված մի քանի հարյուր լիտրանոց բենզինի բաքը՝ Երեւանի քաղաքապետն այսպես արձագանքեց. «Հիմա ես կրպակներ եմ փակում, որոնք ապօրինի են՝ տեսեք, թե ի՜նչ աղմուկ է: Օրինականի դեպքում պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվելու: Ինչպես ասում են՝ քարշ կտան դատարաններով: Մենք ուղղակի դուրս չենք գա դատարաններից: Սա հիմա էմոցիոնալ աղմուկ է՝ դատարան չեն գնում, որովհետեւ ապօրինի են: Մենք մի մինի շուկա ունենք, որ մի զզվելի բան է, բայց մինչեւ 2024 թիվը օրինական է: Երբ տիրոջ հետ բանակցում ենք, ասում է՝ ես մինչեւ 2024-ը այսքան եկամուտ կունենայի, սա կունենայի, այն կունենայի: Մենք սիլի-բիլի անելով՝ ասում ենք, մի քիչ այսպես արա, այնպես արա, մի քիչ էլ «մուսկուլ» ենք ցույց տալիս, բերում ենք իրեն դաշտ: Հիմա եթե բենզալցակայանն օրինական է՝ դատարանից դուրս չե՛նք գա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել