Նստացույցին զուգահեռ՝ ՀԱԿ-ը պատրաստ է վերսկսել երկխոսությունը իշխանությանն առաջարկած իր օրակարգի շուրջ
Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերյան վերջին հանրահավաքը հիրավի մարդաշատ էր, բայց 2008-ի փետրվարյան հանրահավաքները դեռեւս անգերազանցելի են: Թեեւ թե հանրահավաքի նախորդ օրը, թե երեկ մարզերից տարբեր ահազանգեր եղան՝ մայրաքաղաք եկող տրանսպորտի երթեւեկությունը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին, այնուհանդերձ՝ երեկ Ազատության հրապարակ էին եկել նաեւ ՀԱԿ մարզային կառույցներից: Այդ էին վկայում պաստառները: Երեկ, ժամը 17-ից սկսած, արդեն մայրաքաղաքի տարբեր փողոցներում կարելի էր հանդիպել ՀԱԿ ակտիվիստների եւ համակիրների, ովքեր Հայաստանի պետական դրոշներով անցնում էին Երեւանի փողոցներով դեպի Ազատության հրապարակ: Հանրահավաքին լավ էին պատրաստվել նաեւ ոստիկանները: Երեկ հրապարակում էին նախորդ տարիների հանրահավաքներից ու բողոքի տարատեսակ ակցիաներից հանրությանը լավ ծանոթ գրեթե բոլոր բարձրաստիճան ոստիկանները՝ Արայիկ Պետրոսյան, Ռոբերտ Մելքոնյան (Բազազ) եւ այլոք: Կարմիր բերետավորների պակաս նույնպես չէր զգացվում: Մարդիկ հանրահավաքի էին եկել «Անժամկետ նստացույց» եւ «Իշխանափոխություն՝ առանց զոհերի» պաստառներով: Մինչ Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը ելույթներ էին ունենում՝ անողոք քննադատության հերթական բաժինը թափելով իշխանավորների գլխին, անցած մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ իրենց հանդիպումների ու դրանցից ստացած տպավորությունների մասին էին պատմում, հրապարակում հավաքվածները չէին դադարում վանկարկել՝ «հի-մա, հի-մա»: Ոգեւորությունն այն աստիճանի էր հասել, որ անգամ այն բանից հետո, երբ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց յոթօրյա նստացույցի եւ շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին, հանրությունը սկսեց վանկարկել՝ «հի-մա, հի-մա»: Առաջին նախագահը նույնիսկ հումոր արեց՝ «մենք հիմա՝ հիմայի մեջ ենք»: Մինչ վերջնական որոշումն ընդունելը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ի ցույց դրեց կոալիցիոն կուսակցությունների անդամների՝ ՀԱԿ-ին հանձնած կուսակցական տոմսերը: Ասաց, որ գերակշռողը հանրապետականների տոմսերն են: Նա նույնիսկ կշռել էր դրանք՝ եթե երկու շաբաթ առաջ հանձնվել էր 3,5 կիլոգրամ կուստոմս, անցած շաբաթ՝ 4 կիլոգրամ, ասաց, որ մի 0,5 կիլոգրամ էլ հանրահավաքից առաջ են բերել: Ըստ Արամ Մանուկյանի, մարդիկ պատրաստակամություն են հայտնել մասսայաբար տոմսեր հանձնելու, եթե ՀԱԿ-ը խոստանա, որ դրանք ոչնչացվելու են: Պատասխանելով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարություններին, թե դրանք 2008-ից մնացած կուստոմսեր են, Մանուկյանը հակադարձեց, որ 2008-ի տոմսերը «ԿԳԲ-ն տարել էր, դրանք իշխանությունների մոտ են»:
Իր ելույթում ՀՀ առաջին նախագահը կրկին անդրադարձավ անցած քաղաքական իրադարձություններին, գերտերությունների կեցվածքին, ասաց, որ Արեւմուտքն իներցիայի ուժով դեռ շարունակելու է պաշտպանել Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությունը, սակայն ՀՀ քաղաքացիներն իրենց սկզբունքայնությամբ եւ ազատ ապրելու համառությամբ պետք է ազդեն գործընթացների վրա: Ելույթի ավարտին Տեր-Պետրոսյանը դիմեց ժողովրդին՝ «ի՞նչ անել»: Այդ ընթացքում տեղացող անձրեւը չխանգարեց «նստացույց», «շուրջօրյա հանրահավաքներ» վանկարկում-պահանջներին: Այնուհետեւ հարթակում անցկացված մինի-քաղխորհրդի նիստից հետո առաջին նախագահը հայտարարեց մեկշաբաթյա նստացույցի եւ շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին: Բողոքի ակցիայի շրջանակներում ՀԱԿ-ը հայտնի 10 պահանջներն է դնում իշխանությունների առջեւ՝ մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններից առաջ ՀՀ «Ընտրական օրենսգրքում» կատարել փոփոխություններ՝ ընդգրկելով ՀԱԿ-ի ներկայացրած հայտնի առաջարկները, առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը, օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորների եւ ՏԻՄ մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելու պրակտիկան: Ամենօրյա հանրահավաքների ընթացքում կառաջադրվեն նաեւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ սկսած ապամոնտաժվող կրպակներից, փողոցային առեւտրի արգելումից մինչեւ Խնայբանկի ավանդների վերադարձը, մանր ու միջին գործարարներին, Երեւանի ճարտարապետությանը, արտաքին տեսքին առնչվող հարցեր եւ այլն: Նկատի առնելով, որ ամենաբարդն առաջին երկու պահանջների կատարումն է, առաջին նախագահը կրկին հնչեցրեց նախորդ հանրահավաքում արդեն արված հայտարարությունը. «Մենք մաքսիմալիստ չենք: Մաքսիմալիստ չենք եղել նաեւ իշխանության ժամանակ: Մենք ենք եղել այն իշխանությունը, որը միշտ պատրաստ է եղել թե հարեւանների հետ, թե հակառակորդների հետ գնալու փոխզիջումների, հաշտության, խաղաղության ճանապարհով: Այսօր էլ նույնն ենք եւ չենք փոխվել ու չենք փոխվելու եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ երկու պահանջների առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման: Ավելին, նկատի ունենալով, որ ՀԱԿ-ին նամակով դիմել է Տիգրան Առաքելյանը՝ խնդրելով, որ իր ազատազրկումը խոչընդոտ չդիտվի երկխոսությունը շարունակելու համար, մենք փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով պատրաստ ենք նաեւ թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, սկսել երկխոսություն իշխանությունների հետ: Այսինքն՝ լինելու է երկու պրոցես՝ մեկը՝ այս հրապարակում, մյուսն էլ՝ որեւէ դահլիճում՝ երկխոսելով իշխանությունների հետ»: ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորվեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանը: Կախված իրադարձությունների հետագա զարգացումից, կորոշվի՝ դադարեցնե՞լ, թե՞ շարունակել բողոքի ակցիան:
Առաջին նախագահը, այնուհետ նաեւ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարեցին եւ պահանջեցին խստագույնս պահպանել վարքի կանոնները՝ երկաթյա կարգապահություն՝ բացառելով ինքնագործունեության որեւէ դրսեւորում: Ազատության հրապարակում կարգուկանոնի պատասխանատուները հասարակական կարգադրիչներն են, չի թույլատրվում ալկոհոլային խմիչքներ օգտագործած մարդկանց մուտքը հրապարակ, բնակչության հանգիստը չխանգարելու համար ժամը 22-ից հրապարակում դադարեցվում են աղմուկն ու երաժշտությունը, խստիվ արգելվում է որեւէ շփում, վիճաբանություն ոստիկանության աշխատակիցների հետ կամ նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ: Կանոնները խախտող անձինք կհամարվեն սադրիչներ եւ կարգադրիչների կողմից դուրս կհրավիրվեն հրապարակից: Նաեւ հատուկ նշվեց, որ ակցիան երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին ՀՀ օրենքին համապատասխան է, եւ ոստիկաններն իրավունք չունեն միջամտել նրա ընթացքին: «Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է եւ օրինականության սահմաններում գործելու ունակությունը: Քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել, երբեք նպատակ չենք հետապնդել ու այսօր էլ մտադիր չենք երկիրը ցնցումների ու քաոսի մատնելու, իսկ Ղարաբաղում պատերազմի վերսկսման պարագայում պատրաստ ենք անմիջապես դադարեցնել մեր բոլոր քաղաքական գործողությունները եւ միահամուռ կերպով լծվել հայրենիքի պաշտպանության գործին»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հ. Գ. Ավելի ուշ «Առավոտին» հայտնի դարձավ, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձել է հեռախոսով կապվել ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, որպեսզի ճշտեն երկխոսությունը վերսկսելու հնարավորությունները: Վերջինս անհասանելի էր: Ժամը 23-ի դրությամբ Հանրապետական Գագիկ Մինասյանն էր փորձում «այո»-ն կամ «ոչ»-ը ճշտել: Ի դեպ, վրանների տեղադրման ժամանակ ոստիկանները չեն փորձել խոչընդոտել, ավելին՝ իրենց բավականին կոռեկտ են պահել: