Ըստ այդմ, ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ԲՀԿ-ում, գոնե հիմա, բացառում են Քոչարյանին երկրի նախագահի ընտրություններում պաշտպանելու հնարավորությունը:
Երեկ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո բացահայտեց Հայաստանում առաջիկայում սպասվող ընտրական պրոցեսներին իր մասնակցությանն առնչվող սեփական ծրագրերը՝ հայտարարելով, թե չի բացառում իր վերադարձը մեծ քաղաքականություն: Այդ մասին երեկ նա ասել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում. «Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները:
Առաջին. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը եւ, որպես հետեւանք, փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը: Երկրորդ. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ՝ մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը: Երրորդ. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը: Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում»:
Երեկ այս հայտարարությունը մեկնաբանել են թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները: Քոչարյանի հայտարարությունը ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ հասարակության շրջանում ընդունվել է համարյա գույժի պես: Այսօր մոտավոր ենթադրություններ կան, թե որ ուժն ու ովքեր կարող են պաշտպանել նախկին նախագահին. ՀՅԴ, ԲՀԿ եւ Վարդան Օսկանյանի թիմ, որը տակավին քաղաքական ձեւակերպում չունի:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում բնական համարելով Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկությունը՝ միաժամանակ հայտարարել է. «Դա բացառապես իր եւ իր կողմնակիցների կամ իր քաղաքական թիմի որոշելու խնդիրն է: Դրանից ՀՀԿ-ի որեւէ ծրագիր չի փոխվում: Հանրապետականը ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ ունի հստակ ծրագիր՝ բարեփոխումների կուրս, որը վճռական է՝ իրականացնելու իր նախագահի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Նա նաեւ դրական է գնահատել Քոչարյանի այն դիտարկումը, թե՝ վերադարձը պետք է կապել ոչ թե օտար պետության, այլ ՀՀ քաղաքական վերադասավորումների հետ:
Ինչ վերաբերում է Քոչարյանի մատնանշած դրդապատճառներին, մասնավորապես՝ «հասարակության շրջանում փակուղային տրամադրությունների առկայությանը», ապա Շարմազանովն ասել է, որ մեր երկրում «փակուղային վիճակ չկա». «Հայաստանում կան խնդիրներ, բայց դրանք լավագույնս կարող է լուծել գործող իշխանությունը»: ՀՀԿ խոսնակը անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ Քոչարյանը ՀՀԿ-ի միջոցով վերադառնա ակտիվ քաղաքականություն, պատասխանել է. «ՀՀԿ-ն նման հարց ո՛չ իր խորհրդի, ո՛չ էլ գործադիրի նիստում առայսօր չի քննարկել», եւ հնարավոր չի համարել, որ Քոչարյանի վերադարձը վերջինիս ու Սերժ Սարգսյանի միջեւ առճակատումների հանգեցնի:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց, թե Քոչարյանը հստակորեն պարզաբանել է, թե որ պարագայում եւ ինչից ելնելով չի բացառում իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալը: Նա հիշեցրեց նաեւ, որ նախագահական ընտրություններում առաջադրվելը կարգավորվում է ՀՀ օրենքներով եւ Սահմանադրությամբ: Ինչ վերաբերում է նախկին նախագահի մատնանշած հանգամանքներին, ապա, պատգամավորի ասելով՝ նման իրավիճակ չկա: «Անկախ իրավիճակային խնդիրներից՝ հայտնի է, թե մեր երկրի օրենսդրությամբ ովքեր կարող են հավակնել ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել որպես թեկնածու, որ ոչ ոք, առավել եւս՝ իրավական տեսանկյունից իրավունք չունի բացառելու որեւէ մեկի առաջադրումը նախագահի պաշտոնում»,- ասաց Բոստանջյանը: ԲՀԿ-ն չի բացառում, որ կարող է ԱԺ ընտրություններին որպես առանձին ուժ մասնակցել, իսկ հնարավո՞ր է, որ Քոչարյանի առաջադրման դեպքում պաշտպանի նրա եւ ոչ թե Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մեր այս հարցին ի պատասխան՝ կուսակցության ներկայացուցիչն ասաց. «Բոլոր պարագաներում գոյություն ունի ԲՀԿ-ի կողմից ստորագրված հուշագիր»: Սկզբունքորեն չբացառելով ԱԺ ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձեւի վերաբերյալ որոշակի ճշգրտումներ անելու հնարավորությունը՝ նա միաժամանակ ասաց, թե այդ «ճշգրտումներ ասվածը վերաբերում է բացառապես ԱԺ ընտրություններին»: