Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օր` Կապանի տոն

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\"

NEW

Շաբաթ եւ կիրակի օրերին Կապանը նշելու է քաղաքի օրը

Հոկտեմբերի 1-ին եւ 2-ին Կապանը կնշի քաղաքի կարգավիճակ ստանալու 73-րդ տարեդարձը: Սովորաբար Կապանի օրը նշվում է սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, սակայն այս տարի անկախության տոնակատարությունների պատճառով հետաձգվեց հոկտեմբերի սկիզբ:
Քաղաքի օրվա առթիվ հայտարարված են «Կապանյան օրեր», կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, հանդիսավոր նիստ, պարգեւատրումներ, կլինեն հյուրեր արտերկրից եւ հանրապետության այլ մարզերից, քաղաքի թաղամասերում կլինեն տոնական սեղաններ: Նախատեսվում է նաեւ Կապանի քույր քաղաք Գլենդելի պատվիրակության այցը, Կապանի ամենախոշոր «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերության սեփականատերը նույնպես կլինի քաղաքում:
Տոնակատարությունը կմեկնարկի  միջնադարյան վանական համալիր Վահանավանքից, որն այս տարի նշում է իր 1100-ամյակը, հոգեւոր երգերով հանդես կգա Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Իսկ երեկոյան արդեն քաղաքում կապանցիներին կներկայանա Հայաստանի պարի պետական ասամբլը:
Առավել հագեցած է լինելու հոկտեմբերի 2-ը. այցելություն ու  ծաղկեդրում զոհվածների հիշատակին` Բաղաբուրջի հուշահամալիրում, պատարագ Սուրբ Մեսրոպ Մաշտոց  եկեղեցում, մատաղ՝ դպրոցների երեխաների համար: Մատաղի գաղափարը ծնվել էր հունիսին, երբ քաղաքի թիվ 2 ավագ դպրոցը փլվ ու, բախտի բերմամբ՝ ոչ ոք չզոհվեց, չվիրավորվեց: Շահումյան փողոցում կբացվի ,Խաղաղության պուրակե: Երեկոյան քաղաքի մարզադաշտում տոնին կմիանա երգիչ Արման Հովհաննիսյանը՝ իր մենահամերգով: Վերջում՝ հրավառություն:
Քաղաքի մշակութային օջախներն էլ են նախապատրաստվում տոնին: Կապանի երկրագիտական թանգարանում կներկայացվի «Հիշողություն» ցուցադրությունը՝ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Կապանի պատմությունը՝ հայ-թաթարական բախումներ, եզակի փաստաթղթեր, վավերագրեր, անձնական իրեր, «Մշակ», «Արշալույս», «Գավառ», «Հայրենիք» եւ այլ պարբերականների հրապարակումներ, այն ժամանակների դպրոցը, կրթությունն ու գիտությունը: Կազմակերպիչները մտադիր են ներկայացնել այդ ժամանակաշրջանի Կապանի իրական հերոսական պատմությունը, հաշվի առնելով, որ Նժդեհից  հետո  այդ շրջանը անտեսվել է:
«Առանձին ներկայացնելու ենք բարեգործներին: Պողոս Նուբարին` Նուբար Նուբարյանի զավակին, հայտնի է, որ նրանք ծագում են Շիկահող գյուղից: Այս մասին անգամ բրիտանական հանրագիտարաններում է գրված: Մենք ունենք նաեւ բարեգործներ գյուղերից, կային հարուստ գյուղացիներ, ովքեր ավելի լավ բարերարներ են եղել, քան հայ-բուրժուազիայի ներկայացուցիչներ, գյուղի հարուստները իրենց ունեցածքը տվել են հանուն կրթության: Մենք փորձում ենք քաղաքականության զոհեր չլինել եւ ներկայացնել դաշնակցականների կողմից  գնդակահարված կոմունիստներին եւ վերջիններիս կողմից բռնադատված ու գնդակահարված դաշնակցականներին: Թանգարանի այցելուներին կպատմենք 19-րդ դարավերջի եւ  20-րդ դարասկզբի անվանի եւ հերոսների , եւ գործիչների մասին` Պողոս Տեր-Դավթյանի, Սմբատ  Թորոսյանի, Գուրգեն Տեր-Մովսիսյանի, Մեսրոպ մագիստրոս Տեր-Մովսիսյանի եւ այլն», – տեղեկացնում է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:  Ցուցադրության կդրվեն հանքարդյունաբերության մասին պատմող նյութեր, որոնք կպատմեն կապանյան բանվոր դասակարգի դժվար վիճակի, մեծահարուստների շատ լավ ապրելակերպի, Բաքվի կապանցի, սյունեցի բանվորների մասին:  Բարերար նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանցին առանձին տեղ է հատկացվելու:
Իհարկե կներկայացվեն Սմբատ Մելիք Ստեփանյանի ու նրա քրոջ` Վարսենիկի մասին պատմող  նյութեր, եզակի վավերագրեր, Գերմանիայից բերված դաշնամուրը: «Իրականում ներկայացնում ենք մեր աստիճանաբար խամրող եւ կորչող հիշողությունը», – նշում է Գրիշա Սմբատյանը:
Տոնը պատեհ առիթ է հպարտանալու կապանյան արմատներ ունեցող անվանի մարդկանցով. Նուբար փաշա Նուբարյանը, որդին`  Պողոս Նուբարը, Անուշավան Արզումանյանը` գիտնական, տնտեսագետ, աշխարհահռչակ քիմիկոս Հմայակ Մելիք Աղամիրյանը, ով մեր քիմիական արդյունաբերության հիմնադիրներից մեկն է, Լեոնիդ Կոստանդովը` Խորհրդային միության փոխվարչապետ, անվանի գիտնական Արտաշես Մելիք Քարամյանը, Սմբատ Մելիք Ստեփանյանը, Սուլթան Տեր-Գեւորգյանցը` Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի շրջանավարտ, Արամ Մանուկյանը,  Գասպար Տեր- Մարգարյանցը` արդյունաբերող, Մովսես Տաթեւացին, Պողոս Տեր-Դավթյանը եւ շատ ուրիշներ:
                                                                             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930