Լրահոս
Օրվա լրահոսը

Հակագովազդը կրկին գովազդ է

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\"PR անելիս գրագետ հնարքներ մտածեք

Երգչուհի Սոֆի Մխեյանը կռվել է Քրիստինե Պեպելյանի հետ, Հայ թիմի Հայկոն Սյուզիի պատճառով տղայական «ռազբորկաներ» է ունեցել ռեփփեր Միշոյի հետ, երգահան Վահրամ Պետրոսյանը հարցազրույց է տվել հայկական շոու- բիզնեսում «պոռնկության» ու հայերի արյան մեջ մտած պորտապարի մասին, երգչուհի Եվա Ռիվասն իր ատամնաշարի համար վճարել է 30 հազար եվրո ու դժգոհ է մնացել: Շոու-բիզնեսում տեղի ունեցող այս եւ այլ PR հնարքների մասին «Առավոտի» հետ զրույցում իր մասնագիտական գնահատականները տվեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: Վերջին շրջանում այս դաշտում ամենաաղմկահարույց միջադեպը դերասանուհիներից մեկի լուսանկարները տարածելն էր: PR մասնագետը համոզված է, որ «Սա սովորական սեւ PR է, որովհետեւ պահանջված, թանկ դառնալու ամենաուղիղ ճանապարհը հասարակության մոտ մերկանալն է, շորը՝ իբր միամտաբար պատռելը, նկարներ տարածելը: Եվ չնայած հիմա բոլորը խոսում են, թե հայերը չտես են, որ էս պատմությունից աղմուկ են բարձրացրել, բայց անկախ նրանից, թե այս դեպքը որտեղ կլիներ՝ ԱՄՆ-ում, թե Մոզամբիկում, միեւնույն է, նույն աղմուկն էր լինելու: Սեւ PR-ը պետք է կիրառել ինչ-որ կոնկրետ ակնկալիքներ ունենալու դեպքում, դա չպետք է ինքնանպատակ լինի»:
PR մասնագետը նաեւ հիշեց, թե ինչպես է Մադոննան իր «թեթեւ ձեռքով» տարածել կենսագրական տվյալներ, պատմություններ, որոնք մեծ PR են եղել իր համար. «Օրինակ, պատմում էին, որ Մադոննան փոքր ժամանակ առանց ներքնաշորի բարձրանում էր ծառի վրա, որ մարդիկ տեսնեին ու խոսեին իր մասին: Սա պարզապես իր իմիջն ընդգծելու տարբերակ էր»:
Մեր շոու-բիզնեսի՝ PR հնարքներ սիրող աստղերից է Սուպեր Սաքոն, որը տարածել էր իր սատանիստական նկարները: Հ. Կիրակոսյանի գնահատմամբ՝ «Այդ դեպքի ժամանակ իրեն արժանավայել պահեց Արվին Քոչարյանը, որը ջնջեց իր էջից այդ նկարները՝ հասկանալով, որ դա այլ կերպ է ընկալվում հասարակության կողմից: Մարդիկ եթե իրենց տաղանդով չեն կարողանում տարբերվել մյուսներից, փորձում են լուրեր տարածել, որ աղանդավոր են, հետո հերքում են այդ լուրերը, շրջանառում են ամուսնալուծությունների, ապօրինի զավակների թեման, այդ հնարքներն արդեն սովորական են դարձել մեր երկրում: Ի դեպ, «Կյանքի խոսք» աղանդի մեջ ընդգրկված մեծ թվով երգիչ-երգչուհիների անուններ են շահարկվում, օրինակ՝ Վահրամ Պետրոսյանի ու Լիլիթ Հովհաննիսյանի, իսկ, ինչպես գիտեք, այդ աղանդը քարոզում է հաջողության հասնել՝ ինչպես կարող ես, ուստի առաջիկայում այս ամուսնական զույգից կարելի է սպասել շատ սուր միջադեպեր, որովհետեւ նրանք պատրաստ են հնարքների: Նրանք իրենց ամուսնությունից արդեն շոու սարքեցին»: PR հնարքներ սիրող երգչուհիներից է Ջյուսը, որը զուգարանի թղթով ձայնասկավառակ էր թողարկել՝ հույս ունենալով, որ եթե երգերը չլսվեն էլ, իր «արտադրանքը» պետք կգա:
Ինչ վերաբերում է ՀՏ Հայկոյի ու Միշոյի վեճին, Հ. Կիրակոսյանի համոզմամբ՝ «Մեր երկրում պապարացցիների ինստիտուտն այնքան զարգացած ու կայացած չէ, որ մտածեինք՝ հետեւել են, իմացել են: Ակնհայտ է, որ սա դուրս է եկել հենց իրենցից՝ Հայկոյից ու Միշոյից: Նույնն էլ կարող եմ ասել Սոֆի Մխեյանի ու Քրիստինե Պեպելյանի վեճի մասին: Չի բացառվում, որ իրենց կռվի մասին պատմող երգչուհիները նույն օրը սրճարան գնան ու տոնեն իրենց հաջողությունը՝ պատմելով, թե ում մասին քանի թերթ է գրել, քանի հեռուստաընկերությամբ են լսել, սա նորմալ եւ ընդունելի հնարքներից է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում: Շպռօտին Հայաստանում, պարզ է, որ մոռացել էին, ու նա կիրառեց շարքային հնարքներից մեկը, սկզբում լուր տարածեց իր մասին, իբր ֆինանսական ծանր վիճակի մեջ է, աշխատում է ԱՄՆ-ի դիսկերի խանութում ու երդվել է այլեւս Հայաստան չվերադառնալ, հետո հերքեց այդ լուրերը՝ մի քանի ամիս մնալով ինֆորմացիոն դաշտում»: Վերջում PR մասնագետը մեր «աստղերին» խորհուրդ տվեց դիմել գրագետ ու ճիշտ մտածված հնարքների, որովհետեւ մի փոքր սխալ հաշվարկի դեպքում այն կարող է շրջվել քո դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930