Մամուլում տեղեկատվություն կար այն մասին, որ Հրազդան քաղաքի Մռավյանի անվան թիվ 4 դպրոցի անձնակազմը, ծնողներն ու երեխաները օրերս մի քանի ժամով փակել էին դպրոցին հարակից փողոցը` պահանջելով վերականգնել դպրոցի տնօրեն Ռուբեն Առաքելյանին իր պաշտոնում: Ըստ նույն աղբյուրի, ուսուցիչների ու ծնողների համար հասկանալի չէր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի այն որոշումը, որով Ռ. Առաքելյանին ազատել է աշխատանքից, տեղ բացելով իր յուրայինի համար: Նշենք, որ նախկին տնօրենը ունի ղեկավարման իրավունքի հավաստագիր:
«Առավոտը» մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարությունից, որտեղ կատարվածից առանձնապես տեղյակ չէին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ տնօրեն նշանակելը ԿԳՆ իրավասությունից դուրս է, եւ մարզպետն է համապատասխան թեկնածուի հետ կնքում պայմանագիր: Նաեւ հավելեց, թե տեղեկություն չունեն ոչ օրինական որեւէ մրցույթ անցկացրած լինելու մասին: Ի դեպ, մրցույթներին նախարարության ներկայացուցիչը պարտադիր մասնակցում է, բայց, ինչպես նշեց տիկին Հովհաննիսյանը, առանց ձայնի իրավունքի: