Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլուբաղը մոռացված է

Սեպտեմբեր 30,2011 00:00

Մառնեուլյան հայաբնակ գյուղը կամաց-կամաց հայաթափվում է

\"\"
Գյուլուբաղի դպրոցի շենքը:

Մի քանի տարի առաջ հայաստանյան մի հեռուստաալիքից այցելեցին Վրաստանի Մառնեուլի շրջանի Գյուլուբաղ գյուղ`տեղի կենցաղի մասին հաղորդում պատրաստելու: Այն ժամանակ Արայիկը 17 տարեկան էր: Իրենց հաղորդման համար նրան էլ նկարեցին մոշ հավաքելիս, անգամ Ռուսաստանի իր բարեկամները տեսել էին նրան ու մի լավ ուրախացել: Թերեւս դա վերջին դեպքն էր թե գյուղի մասին հաղորդում պատրաստելու եւ թե Արայիկի` անտառից մոշ բերելու: Արդեն 6 տարի է, ինչ Հայաստան-Վրաստան` Շամլուղ-Բրդաձոր սահմանը հստակեցվել է, եւ մոտակա գյուղերի բանկիչները զրկվել են, կարելի է ասել, ապրուստի միակ միջոցից` անտառից: Գյուլուբաղի լիազորված անձ Մանվել Ղարիբյանը նշում է. «Ժողովուրդը անտառից հոն, մոշ, սունկ էր բերում ամռան սեզոնին, վաճառում, կարիքները հոգում: Փայտ էին բերում, որ ձմռանը տաքանան: Անտառը փակեցին` իրենց համար սահման գծելով: Գիտեն լա՞վ արեցին. մարդկանց զրկեցին ապրուստի միջոցներից: Է, մեր պապերը հո հիմա՞ր չէին, որ տները անտառին մոտ են կառուցել»:
 Այստեղ ջրի հիմնական մասը գալիս է Լալվար սարից, ու եթե, Աստված մի արասցե, վթար է լինում, մարդիկ ստիպված Բագրատաշեն-Սադախլո մաքսակետով անցնում են սահմանը ու Ալավերդիով, Ջիլիզայով Լալվար բարձրանում, խողովակ քարշ տալիս, որ ինչ-որ բան կարողանան անել: Մանվել Ղարիբյանը, բացի Գյուլուբաղից, նաեւ հարեւան 3 գյուղերի լիազորված անձն է` Ծոփի, Բրդաձորի, Խոժոռնիի: Այս 3 գյուղերում կան եւ հայեր, եւ թուրքեր, միայն Գյուլուբաղն է հայաբնակ: Օրինակ` Խոժոռնիում շուրջ 200 տնտեսություն կա, որից 170-ը հայ են, 30-ը` թուրք: Հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս են կողք կողքի ապրում այս 2 ժողովուրդները, գյուղապետը պատասխանեց. «Առանց որեւէ մի խնդրի»: 
Գյուղի խնդիրները կարծես քիչ էին, դեռ անցած տարի էլ վրաց կառավարությունը օրենք ընդունեց, ըստ որի` օտարերկրյա քաղաքացիություն ունեցող աշակերտները դպրոց հաճախելու համար պետք է որոշակի գումար վճարեն: Իսկ այս 4 գյուղերի հայազգի ընտանիքները հիմնականում Հայաստանի քաղաքացիություն ունեն: Գյուլուբաղ համայնքի դպրոցի տնօրեն Մորիս Թունյանը նշում է. «24 աշակերտ կա դպրոցում, որոնցից 13-ն ունի Հայաստանի քաղաքացիություն, եւ հավանականությունը շատ քիչ է, որ կկարողանան վճարել մոտ 580 լարի` մեկ աշակերտի համար, որպեսզի աշակերտը կարողանա շարունակել կրթությունը գյուղում: Իսկ եթե այդ ընտանիքներն էլ դպրոցի պատճառով գյուղը լքեն, պարզ է` 11 աշակերտի համար վրաց կառավարությունը դպրոց չի պահի: Իսկ ո՞ւմ է պետք առանց դպրոցի գյուղը»: Տնօրենի խոսքերով` հայոց լեզվի դասաժամերը քչացրել են, երեխաները անցնում են վրաց պատմություն, գրքերի մի մասը տրամադրում է ՀՀ ԿԳՆ-ը, մի մասը` վրաց կրթության նախարարությունը: «Հայաստանի կառավարությունը գոնե էս երեխաների համար պահանջվող գումարը վճարեր, որ երեխաներն առանց կրթության չմնային ու դպրոցի պատճառով իրենց ծննդավայրը չլքեին»,- ասում է Մանվել Ղարիբյանը:
Գյուղի տարեցները հիշում են` ինչպես 1937 թ.-ին «վերեւներից» հրաման եկավ, թե գյուղում պետք է վերաբնակվեն մի քանի թուրքական ընտանիքներ: Բայց այն ժամանակվա գյուղի ղեկավար Բորիս Թունյանի նախաձեռնությամբ որոշվեց, որ «վարդի այգում» (թուրքերենից այդպես է թարգմանվում գյուղի անվանումը) բացի հայից՝ երբեք այլազգի չի բնակվելու: Անցել են տարիներ, եւ գյուղը պահպանել է իր համար որդեգրած սուրբ պայմանը. գյուղի շուրջ 70 ընտանիքներն էլ հայեր են: Բայց, Մանվել Ղարիբյանի խոսքերով, Հայաստանը գրեթե ուշադրություն չի դարձնում այս ընդգծված հայկականությունը պահպանած գյուղին. «Չեն մտածում, որ մենք էլ կանք, գոյություն ունենք: Հենց մի առիթ է լինում Հայաստանում ներկայանալու` որպես վրացական սփյուռք, շեշտը միայն Ախալքալաքի ու Ախլցխայի վրա են դնում: Դեռ չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ մեր տարածաշրջանն էլ ներառվի մի որեւէ հայկական ծրագրում»: Գյուղացիները ոչ մի օժանդակություն չունեն հայրենիքից, միայն մի տարի է գյուղի դպրոցը թիթեղյա տանիք ստացել ու էլ ոչինչ: Նրանք տեխնիկա չունեն հող մշակելու համար: Ու նման պայմանններում պարզ է, որ այս հայկական համայնքը եւս հայաթափվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել