Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԸ ՄԻՇՏ ԴԺԳՈՀ ԵՆ»

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\"Ասում է Արարատի ասֆալտապատմամբ, բանավանի բարեկարգմամբ զբաղվող շինարարական ընկերության տնօրենը՝ ի պատասխան աշխատանքների ձգձգումից ծնված դժգոհությունների:

«Հանել են տրաս». յուրաքանչյուր երկրորդ բանավանցի այս նախադասությունն է ասում: Խոսքը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի բնակիչների մասին է: Համայնքային իշխանության գիտությամբ եւ թույլտվությամբ քանդվել են բանավանի երկու այգիների մայթերը՝ վերականգնելու նպատակով, բայց երկու ամիս է՝ ոչինչ չեն անում: «Շատ ուրախացանք, երբ տեսանք, որ այգուն հարող մայթերը քանդում են: Մտածեցինք՝ այգիները ինչ-որ չափով բարեկարգել են, \"\"հիմա էլ մայթերը կանեն ու էլ մտածելու բան չենք ունենա՝ մենք էլ դուրս կգանք ու գեղեցիկ, բարեկարգված տարածքներով այգու շուրջ ման կգանք, բայց հակառակը ստացվեց: Հիմա, ստիպված, քանդված մայթերի կողքով ենք քայլում, որտեղով մեքենաներն են անցնում»,- ասում է բանավանի 34-ամյա բնակչուհի Արմինեն: Նա մի պահ ուրախանում է՝ երկար տարիներ ամեն ինչից զրկված բանավանցին հազիվ ինչ-որ չափով ուշադրության արժանացել է, բայց տխրում է, երբ նկատում է թերությունները. «ասա որ պետք է ուշ վերականգնեիք, ինչի՞ շուտ քանդեցիք»:
18-ամյա Լուսինե Հովհաննիսյանն էլ ամեն օր որոշում է՝ տնից դուրս չի գա, բայց չի կարողանում: «Ախր ամբողջ օրը տանն ենք, ուզում ենք մի քիչ դուրս գանք, մաքուր օդ շնչենք: Ընկերներով գնում ենք այգիների շուրջը քայլում, ինչպես որ միշտ արել ենք, բայց դուրս ենք գալիս ճանապարհ, որտեղ չեմ հասկանում՝ մեքենաների՞ երթն է մեզ խանգարում, թե՞ մեր «երթը» մեքենաներին, փոշի-կեղտ եղած վերադառնում ենք տուն»,- ասում է նա ու ափսոսում, որ ամբողջ ամառ չկարողացան նորմալ, «մարդավարի» զբոսնել բանավանում: 21-ամյա Արտակը նկատել է՝ հիմա բանավանում մարդիկ ավելի շատ են տնից դուրս գալիս զբոսնելու, քան նախորդ տարիներին: «Քանդել են մայթերը, շատերը բողոքում են, բայց ամեն օր դուրս են գալիս եւ զբոսնում: Եթե քանդել են, ուրեմն կվերականգնեն, պիտի համբերենք, էլի»,- ասում է նա:
Արարատ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հրաչյա Դավթյանից տեղեկացանք, որ բանավանի այգու մայթերի բարեկարգման աշխատանքները կատարում է «Աջափնյակի վերելք» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Մհեր Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք Արարատի քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել մայթերը բարեկարգելու համար, քաղաքապետարանն էլ վերահսկում է իրենց աշխատանքները: Ըստ պայմանագրի՝ բարեկարգումը պետք է ավարտվի այս տարվա դեկտեմբերին: «Մենք պետք է նաեւ Արարատ քաղաքն ասֆալտապատեինք: Հնարավոր եղանակային փոփոխությունները հաշվի առնելով՝ ընդհատեցինք մայթերը բարեկարգելու աշխատանքները եւ ասֆալտապատումը սկսեցինք: Հիմա արդեն ասֆալտապատումն ավարտել ենք, կանցնենք այգիների բարեկարգմանը»,- ասաց Մհեր Սարգսյանը:
«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ քանդեցին, եթե նույն ժամանակում չէին սկսելու վերականգնելը՝ հարուցելով բնակիչների դժգոհությունը, Մհեր Սարգսյանը պատասխանեց. «Դե ես չեմ զարմանում բնակիչների դժգոհությունից: Արարատցիները միշտ դժգոհ են ամեն ինչից, նրանց դժվար է գոհացնելը»: «Աջափնյակի վերելք» ՍՊԸ-ի տնօրենը ավելացրեց՝ թեեւ այգու մայթերի բարեկարգման աշխատանքների վերջնաժամկետը դեկտեմբերն է, բայց իրենք ավելի շուտ կվերջացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել