Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի վիճակը վատ է

Սեպտեմբեր 30,2011 00:00

Եկող տարի մոտ 3000 դրամով կբարձրանան սոցիալական նպաստներն ու  թոշակները: Երեկ կառավարության նիստի ժամանակ 2012 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ հավատացնելով, որ թոշակներն ու նպաստներն այդքանով բարձրացնելը լուրջ սոցիալական խնդիր կլուծի: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեի նախագծին, նա առանձնացրեց հատկապես եկամտային մասը, որը կազմելու է 910 միլիոն դրամ, որից ավելի քան 96%-ը հարկերն են կազմում: Փոխնախարարը հիշեցրեց, որ նախորդ տարիներին հարկերը ընդհանուր եկամուտների ընդամենը 90%-ն էին կազմում: Պարոն Սաֆարյանին ուրախացրել է այն, որ հարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նախատեսվում է բարձրացնել մինչեւ 17,4%, ինչը 0,6%-ով կգերազանցի այս տարվա սպասվող կատարողականը:  Փոխնախարարի լավատեսությունը չկիսեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա. «Հայաստանի պատմության մեջ բյուջեի նման աճ, այն էլ հետճգնաժամային պայմաններում, չի նախատեսվել, մենք լուրջ անհանգստություն ունենք»: Պարոն Խաչատրյանը նաեւ նշեց, որ բյուջեի նախագծում հստակ նշված չեն, թե տնտեսության որ ճյուղերի հաշվին է ակնկալվում տնտեսության աճը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ  հետաքրքրվեց, թե առողջապահության ոլորտում ինչ է նախատեսվում: Պարոն Սաֆարյանը տեղեկացրեց, որ ոլորտին նախատեսել են մոտ  65 միլիարդ դրամ. «Սա եւս առաջնահերթ ոլորտներից է, պարո՛ն Քուշկյան»: 
Զրույցին միացավ նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը. «Օլիմպիական տարի է, որեւէ տարբերություն կա՞ բյուջեում ֆինանսների տրամադրման առումով: Էլ չեմ ասում, որ գրեթե յուրաքանչյուր ամիս մի ոսկե մեդալ ենք բերում, ու ֆինանսական որեւէ արձագանք չկա»: Վարչապետի այն հարցին, թե ո՞ր չեմպիոնին չեն պարգեւատրել, նախարարը շարունակեց. «Դե, այս 28-ին պետք է գայինք ընդունելության Ձեր մոտ, կառավարությունից  ասացին՝ հետաձգվում է»: «28-ին հետաձգվել է, 29-ին կգան, այ քեզ բան,- պատասխանեց վարչապետը՝ հավելելով,- եթե դուք կարող եք պլանավորել, թե քանի չեմպիոն եք տալու, կարող ենք ոչ թե պահուստային ֆոնդում, այլեւ բյուջեում ավելացնել գումարները, բայց խոստումը չկատարելու դեպքում պատասխանատվությունը կվերցնեք ձեր վրա»: 
Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ դժգոհեց մետրոյի սակագների բարձրացման հետեւանքներից. «Մենք հայտարարել էինք, որ սուբսիդիան չի պակասի սակագների բարձրացման դեպքում, բայց ֆինանսների նախարարությունը կրճատել է սուբսիդիան: Այսինքն՝ սակագին բարձրացնելը բերել է նրան, որ մետրոն ավելի լավ վիճակում չենք դրել: Մենք մեր փաստարկներն ենք ներկայացրել, որոնք նախարարությունը չի ընդունել»: Ֆինանսների փոխնախարարն էլ բացատրեց, թե լավ կյանքից չէ, որ սուբսիդիայի կրճատումներ են արվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել