Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾ

Սեպտեմբեր 30,2011 00:00

Էրեբունիում բնակիչների կողմից ստեղծված այգիների ցանկապատերը հանում են ու խոստանում, որ կրկին կանաչապատելու են այգին:

\"\"

\"\"Սակայն մինչ կկանաչապատվեն այդ տարածքները, բնակիչները, մեղմ ասած, սթրես են տանում՝ տեսնելով, թե ինչպես են իրենց տասնյակ տարիների քրտինքով ստեղծած ծառերն ու բույսերը մեկ ժամում արմատախիլ արվում: Խոսքը վերջերս մայրաքաղաքում մեկնարկած բանջարաբոստանային տարածքների վերացման եւ դրանց փոխարեն ավելի քաղաքակիրթ կանաչ տարածքներ հիմնելու՝ Երեւանի քաղաքապետարանի ծրագրի մասին է: Օրերս Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներն այցելել են Ազատամարտիկների թիվ 87 եւ 89 շենքերի բակ ու սկսել քանդել շենքերի բնակիչների կողմից հիմնած այգու ցանկապատը եւ արմատախիլ արել ծաղիկներն ու խաղողի վազերը: Նրանք իրենց գործողություններն արդարացրել են՝ հայտարարելով, որ կատարում են քաղաքապետի հրահանգը, ըստ որի՝ մայրաքաղաքի բոլոր բակերից պետք է վերացվեն բոստան-այգիները: Նշենք, որ քաղաքապետը նման հրահանգ տվել է 3 ամիս առաջ, եւ դա վերաբերում է առաջին հերթին այն բոստան-այգիներին, որոնք բռնազավթված են բակի որեւէ բնակչի կողմից եւ արդեն ծառայում են որպես հողամաս: Ինչ վերաբերում է Ազատամարտիկների թիվ 87 եւ 89 շենքերի դիմացի կանաչապատ տարածքին, ապա, ինչպես «Առավոտին» հավաստիացնում էին շենքերի բնակիչները, դա իրենք հիմնել են համատեղ ուժերով, ջուր են անցկացրել, ջրաչափ են տեղադրել, ծառեր, ծաղիկներ ու թփեր են տնկել, ցանկապատն էլ դրել են, որպեսզի վնաս չհասցվի այգուն, խաղողի վազերի համար էլ վերեւ մագլցելու հնարավորություն լինի ու տարածքում աղբ չթափվի:
Էրեբունի վարչական շրջանի աշխատակիցներն իրենց «կոտորածի» ժամանակ հայտարարել են նաեւ, որ իրենք տարածքի վերաբերյալ նաեւ դժգոհություններ ունեն. իբրեւ թե հարեւանությամբ գտնվող մանկական ատամնաբուժական պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքել են, որ այգին փակում է իրենց լուսավորությունը, սակայն մեզ հետ զրույցում պոլիկլինիկայի աշխատակիցները վստահեցրին, որ իրենք ոչ մի դժգոհություն էլ չեն հայտնել, այլ մի բան էլ ուրախ են, որ իրենց հարեւանությամբ նման գեղեցիկ այգի կա: Պոլիկլինիկայի բժիշկներից մեկի խոսքերով էլ. «Մենք անգամ ցանկապատը կտրելու համար մեր էլեկտրականությունից նրանց թույլ չտվեցինք օգտվել, իրենք այլ տեղից բերեցին: Հասկանում ենք, որ հրահանգ կա, պետք է մայրաքաղաքը գեղեցկացնել, բայց ոչ այսպես ավերելով: Այս մարդիկ ամեն օր խնամում էին իրենց ծառերն ու ծաղիկները, ջրում էին, մաքրում տարածքը, ինչպե՞ս կարելի է նրանց 15 տարվա աշխատանքը ջուրը գցել, մանավանդ որ՝ սա որպես բոստան չի ծառայել, ուղղակի գեղեցկացրել է տարածքը»:
Այս տարածքի բնակիչներն արդեն բողոք-նամակներով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին՝ խնդրելով չկտրել բազմամյա ծառերը: «Ներքեւի հարկի բնակիչները պատուհանները բացում էին ու մեր ծաղիկների հոտը վայելում, մենք էլ վատառողջ, մեծ մարդիկ ենք, գալիս էինք հանգստանում այստեղ: Ոչ ոք չի ուզում, որ մեր այգին վերանա»,- ասում էր թիվ 89 շենքի բնակիչ տիկին Կարինեն:
Երեկ Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուներից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ են այդպես անխնա քանդել նշյալ այգին: Վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի տեղակալ Արամ Մաճկալյանը «Առավոտին» պարզաբանեց, որ համաձայն «Համատիրությունների մասին» եւ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքների, այդ տարածքը համարվում է ընդհանուր օգտագործման. «Իսկ բնակիչները ցանկապատել էին: Ըստ օրենքի, այն պետք է բաց լինի: Մենք այդ տարածքը բարեկարգելու ենք ու կանաչապատելու»: Մեր այն դիտարկմանը, որ այդտեղ մինչ այդ էլ կանաչապատ էր, նա պատասխանեց. «Բայց փակ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել