Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴՆԵՐԻ

Սեպտեմբեր 30,2011 00:00

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել կրոնական անվտանգության ապահովման եւ քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդեցության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ազգային անվտանգության ռազմավարության գերակայություններից է կրոնական անվտանգության ապահովումը, որը ներառում է հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երեւույթների կանխարգելումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մեր ժողովրդի հոգեւոր-կրոնական կարիքների ու ազգային ինքնատիպության պահպանումը: Աշխարհի առաջադեմ բազմաթիվ պետություններում, այդ թվում ԵՄ երկրներում, առկա է կրոնական անվտանգության ապահովման եւ քայքայիչ աղանդավորական կառույցների կողմից ծավալված գործունեության դեմ արդյունավետ հակազդեցության հարուստ փորձ, քանի որ դրանք դիտվում են որպես ազգային անվտանգության, մասնավորապես՝ անձի, ընտանիքի, հասարակության եւ պետության գոյության, կայուն եւ անվտանգ կենսագործունեության դեմ ուղղված սպառնալիք: ԱԱԽ քարտուղարը շեշտել է, որ մշակվող փաստաթուղթը չի կարող առնչվել խղճի, դավանանքի, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների սահմանափակման հետ կամ գնահատվել որպես  որեւէ կրոնական ուղղության նկատմամբ խտրականության դրսեւորում: Այն միտված է կանխարգելելու եւ զսպելու բացառապես այն աղանդավորական շարժումները, որոնք կրում են քայքայիչ բնույթ եւ կարող են կործանարար ազդեցություն ունենալ մարդու անձնական կյանքի, ընտանիքի, հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների վրա՝ խարխլելով պետականության հիմքերը եւ խաթարելով հասարակության համընթաց զարգացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել