Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵՆ

Սեպտեմբեր 30,2011 00:00

Երեւանում մի շարք հարձակումներ իրականացրած բանդայի անդամներն այս պահին ձերբակալված են: Երեկ հայտարարեց  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որեւէ պաշտոնյա, պաշտոնյայի ազգական բանդայի կազմում ներգրավված չէ եւ որեւէ առնչություն չունի:  Ոստիկանապետն, անդրադառնալով լրատվամիջոցներով շրջանառվող տարբեր պաշտոնյաների անուններին, ասաց, որ արդեն մտածում է  ոստիկանության պաշտոնյաներին արգելել  որեւէ լրատվամիջոցի  նույնիսկ հեռախոսով տեղեկություն տրամադրել. «Որովհետեւ արդեն դրա վնասները զգում եմ»: Ինչ վերաբերում է իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե բանդայում ներգրավված են իրավապահ մարմինների նախկին  աշխատակիցներ, Ա. Սարգսյանն ասաց, որ Ոստիկանության համապատասխան կարկառուն դեմքերի կողմից արդեն քննադատվել է նման հայտարարության համար, «բայց պետք չէ մարդուն թերագնահատել, մենք էլ ենք հասկանում ամեն ինչ»: Պարոն Սարգսյանը մեկնաբանեց նաեւ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե բանդայի հետ առնչություն ունի նաեւ գործարար Սուրիկ Հակոբյանը. «Նրան  բոլորն են ճանաչում, կարկառուն դեմք է ու շատ հնարավորություններ ունի»: Ինչ վերաբերում է գործարարի հայտարարությանը, թե  իրեն ձերբակալել են բիզնեսը  խլելու  նպատակով, ոստիկանապետը վստահեցրեց. «Դա բիզնեսի հետ կապ չունի, ընդհակառակը՝ կողջունենք, եթե հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները զբաղվեն բիզնեսով ու ուրիշի ունեցվածքի վրա աչք չդնեն»: Գործի քննության շահերից ելնելով՝ ոստիկանապետն առանց մանրամասնելու միայն տեղեկացրեց, որ բանդան ունեցել է 2 պարագլուխ, մեկը ուղեղն էր, մյուսը՝ բռնություններ իրականացնելու մասով պատասխանատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել