Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԵՍԻ ՍԱՀՄԱՆԸ

Սեպտեմբեր 30,2011 00:00

Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաեւ երեւույթների չափանիշը, միեւնույն է, տերեւաթափը սկսվում է առանց մարդու կամքը հարցնելու: Մարդը հաստատ չգիտի՝ ինչ է մտածում ձուկը իր մասին կամ մտածու՞մ է արդյոք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա միեւնույն է՝ իրեն համարում է ձկների տիրակալ՝ միակը, որ ունի ես, իրեն շրջապատող, իր կարծիքով, անես աշխարհում: Ես գիտեմ, որ ճշմարտությունը որոնելը վտանգավոր բան է, բայց միեւնույն է՝ դժվար է կանգնեցնել մարդկային հետաքրքրասիրությունը՝ անհայտ սահմանն անցնելու… Չնայած, որ զարմանալի Թումանյանը երազում էր հասնել եւ միանալ անեսին, երբ ասում էր. Դու Աստվա՛ծ ես, դու անո՛ւն ես, անանունես ու անես: Ուրեմն որտե՞ղ է գտնվում ու ձեւավորվում մարդու եսը, եւ ինչո՞ւ է Աստված մահկանացուին ներշնչել եսով, երբ ինքը՝ Աստված, անես է…
Թերեւս եսը ձեւավորվում է մարդու մարմնում, ցանկություններում կամ անսանձ երեւակայության մեջ, որ նրան հրահրում է տիրելու, տիրապետելու, ուրիշներին իրեն ենթակա դարձնելու իր թաքուն, հաճախ չգիտակցված մղումներին:
Տեսնես հիմա որտեղ է, ինչ եզերքներում է թափառում մեր գյուղացի, երեւելի իմաստուն Իսոյի Անդրեասի անհանգիստ եսը, ում գերեզմանի հետ կատարվածը իմ մանկության թերեւս ամենամղձավանջային պատկերն է, որ մինչեւ հիմա էլ այցելում է ինձ հիվանդագին տեսիլքի պես: Երբ նա մահացավ, նրան թաղեցին ժամանակավոր, այսինքն՝ հող չլցրին դագաղի վրա, գերեզմանափոսը ծածկեցին տախտակներով, նոր միայն հողով, որպեսզի Ռուսաստանի հեռավոր խորքերում ծառայող նրա թոռնիկը տեղ հասներ, վերջին հրաժեշտը տար իր պապին: Աշնանային զրնգուն օր էր, երբ գյուղի տղամարդիկ թոռնիկի համար բացեցին պապի գերեզմանը: Մենք, երեխաներին հատուկ հետաքրքրասիրությամբ, խցկվեցինք մեծերի արանքներում, որ տեսնենք, թե ինչպես են բացում դագաղը: Բայց առաջին պահին ոչ ոք չհասցրեց տեսնել մահացածի դեմքը, հաստատ պապի դեմքը չտեսավ նաեւ լացող զինվոր թոռնիկը, քանի որ տեղի ունեցավ աներեւակայելի մի բան. բացված դագաղից միանգամից դուրս հորդեցին հազարավոր սեւ գլխով, սրճագույն թիթեռներ եւ մի պահ ամպի պես կախվելով հավաքվածների գլխին՝ անմիջապես էլ անշնչացած թափվեցին գետնին: Ի՞նչ էր դա, մինչեւ հիմա էլ չգիտեմ, գուցե այդ տարաշխարհիկ թիթեռների մեջ էր մահացածի եսը, որոնք, սակայն, նույնպես հող դարձան: Եվ հիմա, վերհիշելով այդ սարսռեցնող տեսարանը, մտածում եմ, որ թերեւս եսի գոյատեւը միաժամանակն է, ինչպես եւ անգոյի գոյատեւը՝ անեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել