Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ժողովրդի բոլոր ուժերն անուժ են

Սեպտեմբեր 30,2011 00:00

Քաղաքական դեժավյուների շղթան՝ 2004-ից ցայսօր

Քաղաքականությունը կրկնությունների արվեստ է: Սա առավել շոշափելի է զգացվում հատկապես ընդդիմության հանրահավաքներից առաջ, թվում է, թե քաղաքական միտքը տեղում դոփելու պես մի գործողություն է անում, որը ամենեւին առաջ գնալու մասին չի խոսում:
Այսօր կրկին հանրահավաք է լինելու: Տարիներ շարունակ մասնակցելով ընդդիմության հանրահավաքներին՝ համոզվել եմ, որ մշտապես նույն դեմքերն են կանգնած շարքայինների մեջ, իսկ հարթակում, իհարկե, լինում են որոշ փոփոխություններ: Մարդիկ տարիներ շարունակ գնում են հրապարակ, վանկարկում «հեռացեք», «գնացեք» եւ այլ կարգախոսներ եւ ներքին կուտակված էներգիան սպառելով՝ ցրվում են իրենց տները:  Հանրահավաքները ավարտվում են նույն կոչերով, եւ մարդիկ հեռանում են՝ հրապարակում թողնելով նույն արեւածաղկի սերմերի մնացորդները եւ կոտրված հույսի պատառիկներ:
Շուրջ 7-8 տարի առաջ, երբ հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմություն էր Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը, մարդիկ կարծես առավել էին ոգեւորված եւ սպասումներով լի, հրապարակներից տուն չէին գնում, եւ պայքարի եւ ընդվզումի կոչերը չէին դադարում մինչեւ այն պահը, երբ «Արդարությունը» դարձավ խորհրդարանական ուժ: Այս «օրինականացման» արդյունքում ընդդիմադիրների կորովը պակասեց, եւ կոչերը դարձան առավել մեղմ: Իսկ այդ նույն շրջանում այսօրվա ընդդիմության կորիզը հանդիսացող ՀՀՇ-ական ուժերի ներկայացուցիչներն առիթը բաց չէին թողնում գրելու կամ հարցազրույցներում հայտարարելու, թե Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությունը գրավել է հրապարակը եւ իրենց տեղ չի թողել պայքարի համար: Կարծում եմ՝ քչերն եմ մոռացել «տանը բորշ ուտելու», «հյուր ընդունելու», «չայ խմելու» եւ այս կարգի այլ հայտարարություններ կամ հոդվածներ, որ գրվում էին ընդդիմության առաջնորդի հասցեին, փոխանակ գալու եւ նրա կողքին կանգնելու: Անցյալի մամուլը թերթելիս կարծես «դեժավյու» ապրեմ:
Երեկ, երբ թերթում էի 2004-ի մամուլը, աչքովս ընկավ ՀՀՇ վարչության եւ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանի հետ մի հարցազրույց, որը 2004-ի սեպտեմբերի 8-ին տպագրվել էր մեր թերթում: Նախապես ասեմ, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք այդ ժամանակ պարոն Աբգարյանը ուղղում էր այդ ժամանակվա ընդդիմության հասցեին, այժմ հանգիստ կարելի է ուղղել այլ հասցեատիրոջ՝ այսօր գործող ընդդիմությանը: Երջանիկ Աբգարյանը, մասնավորապես, ասել էր. «Գործող ընդդիմությունից դուրս առկա ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն անտարակույս ունի գաղափարական իր հետեւորդները եւ որոշակի ազդեցություն ժողովրդական զանգվածների մի մասի վրա, ամեն մեկն իր չափով՝ մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ: Բայց հարցն այն է, որ մեր հանրության մեջ կա մի բավական մեծ զանգված, որը շատ լավ իմանալով, թե ինչ է տեղի ունենում՝ ձայն չի հանում: Իմիջիայլոց, նաեւ շատ վճռական է, թե այդ զանգվածը ո՛ր պարագայում կարող է դրսեւորել իրեն: Խոսքն այն մասին է, որ այդ զանգվածը ո՛չ իր համակրանքն է ցույց տալիս, ո՛չ հակակրանքը, բայց լավ տեսնում է, թե ինչ է կատարվում: Ահա այդ մարդիկ «Արդարության» մեջ չտեսնելով իրական նպատակաուղղվածություն եւ գործունեություն՝ լռում են: Բայց հնարավոր է, որ գործող ընդդիմությունից դուրս գտնվող ուժերից որեւէ մեկի հայտնվելու դեպքում ակտիվանան այդ մարդիկ: Իսկ նրանք քիչ չեն, ու բացի այդ՝ բավական ազդեցություն ունեցող մարդիկ կան նրանց շարքերում»: Ըստ էության, կարծես հենց այսօրվա մասին է խոսքը, քանի որ գաղտնիք չէ, որ այսօր եւս կա մի «զանգված», որն ամեն ինչ տեսնում եւ հասկանում է, բայց դեռ ոչինչ չի ձեռնարկում, եւ այդ զանգվածը, չգիտես ինչու, այսօրվա ընդդիմության կողմից պիտակավորվում է ամենավերջին խոսքերով: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ մյուս ընդդիմադիր ուժերը չեն փորձում ակտիվացնել նշված զանգվածը, ինչո՞ւ չեն փորձում նույնպես հրավիրել հանրահավաքներ եւ տեսնել, թե իրականում որքա՞ն է իրենց կողմնակիցների քանակը, Երջանիկ Աբգարյանն ասել է. «Պարտադիր չէ, որ անպայման կատարվի նման ցուցադրում, թե ով ինչքան մարդ կարող է բերել հրապարակ: Եվ դա ցուցանիշ չէ՝ պարզելու, թե տվյալ ուժն իրենից ինչ է ներկայացնում կամ չի ներկայացնում: Հարցն այն է, որ կարող է նույնիսկ լինել մի ընդդիմադիր կուսակցություն՝ ոչ «Արդարությունից» կամ «Ազգային միաբանությունից», որն ի վիճակի է ընդամենը մի շաբաթում իրար խառնել ամբողջ հանրապետությունը, եթե այդպիսի նպատակ ցանկանա դնել: Այդ ուժը նկատել-չնկատելը միայն կարողությունների հարց է: Ինչո՞ւ են ուզում նախապես փորձարկել՝ թող ներքաշեն եւ պարզեն այդ ձեւով: Ես էլ կարող եմ ասել, թե ըստ երեւույթին վախենում են, որ կգան այդ նոր ուժերը, կկանգնեն գործող ընդդիմության գլխին, եւ ժողովուրդը կգնա արդեն նրանց ետեւից»: Այսօրվա՝ 2011-ի սեպտեմբերի 30-ի հանրահավաքում, ըստ էության, հենց այդ ուժերն են հրապարակում կանգնած լինելու, եւ, իհարկե, նրանց եւս հարկավոր է ժողովուրդ բերել հրապարակ, ինչի մասին խոսում էին մինչ հանրահավաքը հրավիրած բոլոր ասուլիսներում եւ հարցազրույցներում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել