Խոստանում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը
– Նախորդ օրը տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել են այսօրվա հանրահավաքի հետ կապված հարցեր: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ կոնկրետ ի՞նչ որոշումներ են կայացվել: Վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց, որ ներկաներից յուրաքանչյուրն իր հետ հինգ մարդ բերի. եթե այսօր Ազատության հրապարակում «ասեղ գցելու տեղ» չլինի, հանրահավաքի մասնակիցների թիվն էլ աննախադեպ լինի, որոշում կա՞, թե ինչ պետք է անել:
– Ասեմ, որ ՀԱԿ-ը շատ լուրջ է նախապատրաստվել այսօրվա հանրահավաքին: ՀԱԿ կենտրոնական գրասենյակը, քաղխորհուրդը, տարածքային կառույցները, բոլորը լծված են այդ գործին: Խնդիրը հետեւյալն է. վերջին մի քանի ամիսներին, հաշվի առնելով, որ իշխանությունների՝ մեր կողմից առաջ քաշած երեք պահանջները կատարելուց հետո ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ ծավալվեց երկխոսություն, հասարակական լարվածությունն օբյեկտիվորեն նվազեց: Օբյեկտիվորեն, քանի որ հասարակությունը հետեւում էր երկխոսության արդյունքներին: Բայց այն բանից հետո, երբ ռեժիմը նորից անցավ իրեն հոգեհարազատ մեթոդներին՝ բիրտ ուժի գործադրմանը եւ, ըստ էության, հայտնի միջադեպից հետո ակնհայտ քաղաքական պատճառներով պահեց Տիգրան Առաքելյանին, մենք նորից ունեցանք քաղբանտարկյալ: Մինչդեռ Կոնգրեսը մշտապես հայտարարել է, որ քաղբանտարկյալը երկխոսության ճանապարհին խոչընդոտ է: Ուստի հիմա մեզ այլ բան չի մնում, քան դիմել հասարակությանը, ժողովրդին՝ նորից իր վճռական խոսքն ասելու, եւ ժողովուրդը պետք է հասարակական-քաղաքական գործընթացների ղեկը վերցնի իր ձեռքը: Դրանով էր նաեւ պայմանավորված նախագահ Տեր-Պետրոսյանի կոչը՝ նախորդ հանրահավաքին մասսայական մասնակցություն ապահովելու համար, եւ այս ուղղությամբ ՀԱԿ-ը լծված է աշխատանքի: Այսօրվա հանրահավաքը վերջին տարիների կարեւորագույն հանրահավաքներից մեկը կլինի եւ հասարակական ալիքի բարձրացման եւ հասարակության կողմից իր քաղաքական բողոքն արտահայտելու կարեւորագույն միջոցառում կլինի:
– Հանրահավաքի օրը թերեւս պատահական չէր ընտրված, քանի որ այդ օրը լրանում է երկխոսության շրջանակներում ՀԱԿ-ի կողմից իշխանություններին տրված վերջնաժամկետը: Հնարավո՞ր է, որ այլ ակցիաներ էլ հետեւեն հանրահավաքին:
– Այո, հանրահավաքը նշանակվել էր այսօր, այն պարզ պատճառով, որ ֆորմալ առումով այն ժամկետը, որը տրված էր իշխանություններին, ավարտվում է, թեեւ մենք սրանից առաջ էլ գիտեինք, որ իշխանություններն, ըստ էության, այլեւս հակված չեն երկխոսության, իսկ այս ալիքի բարձրացման ընթացքում ինչպիսի՞ քաղաքական միջոցառումներ կիրականացվեն՝ դրա որոշողը լինելու է ժողովուրդը:
– ՀԱԿ-ում հետագա քայլերի մասին որոշումներ չունե՞ն:
– Մենք ունենք գործընթացի զարգացման մի քանի տարբերակներ, բայց բոլորում էլ առանցքային է ժողովրդի մասնակցությունը: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, այն մարդկանց, ովքեր փոփոխություն են ուզում, ովքեր իրենց հույսը, ապագան կապում են Հայաստանի հետ, մասնակցել այսօրվա հանրահավաքին: Թե ինչպիսի՞ զարգացում կունենա հասարակական ալիքի բարձրացումը, թույլ տվեք հայտարարել հանրահավաքում: Բայց մի բանում վստահեցնում եմ՝ հասարակությունը հիասթափված չի գնա:
– Սեպտեմբերի 23-ի հանրահավաքից հետո ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական կոալիցիայի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը նախընտրական քարոզարշավ է վարում: Ի՞նչ կասեք:
– Ես չէի ցանկանա անդրադառնալ մի հայտարարության, որը միայն թիմի ներսում հանգստությունը պահելուն է միտված եւ չի բխում քաղաքական գործընթացների տրամաբանությունից:
– Ենթադրենք, ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվում, եւ իշխանությունն ընդառաջ է գնում արտահերթ ընտրությունների՝ ՀԱԿ-ի պահանջին: Կոնգրեսում պատրա՞ստ են արտահերթ ընտրությունների:
– Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ եք համարում ֆորս-մաժոր: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է, եւ մենք երբեւէ չպետք է զարմանանք նման բաների վրա: Ճիշտ է, ներկայիս իրավիճակում, հայաստանյան իրականությունը հաշվի առնելով, դա կարող է զարմանալի թվալ, բայց մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանում անցկացվեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ Կոնգրեսը պատրաստ է ընտրություններին: Կոնգրեսի տարածքային կառույցները նաեւ այս առումով մեծածավալ աշխատանք են կատարել, բայց ամեն ինչ՝ հերթով:
– Իսկ նախընտրական ցուցակը պատրա՞ստ է, մեզ մոտ այն սովորաբար կռվախնձոր է դառնում:
– ՀԱԿ-ը շատ հասուն քաղաքական կառույց է, եւ ես չեմ կարծում, որ մենք նման խնդիրներ կունենանք: Բայց, նորից եմ շեշտում, ամեն ինչ հերթով: