Լրահոս
Օրվա լրահոսը

Արդի մամուլի արժեզրկման պատճառները

Սեպտեմբեր 29,2011 00:00

Անառարկելի է այն ճշմարտությունը, որ մամուլը իբրեւ գրավոր խոսքի արտահայտչամիջոց, ավելի ազդեցիկ է մյուս լրատվամիջոցներից, քանզի այն պատմության կողմից դիտվում է որպես վկայություն՝ ժողովրդի կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության հավաստիությունն ընդունելու կամ ժխտելու համար: Եվ որքանով ճշմարտացի է մամուլը, այնքանով ընդունելի է՝ որպես հասարակական փոխհարաբերությունների եւ իրավահարաբերությունների բարոյական հենարան:
Խորհրդային Հայաստանում կոմունիստական հանրահայտ կոշտ գրաքննության պայմաններում հրատարակվող մամուլն ուներ 2 միլիոնից ավելի ընթերցող: Առաջատար թերթերը լույս էին տեսնում հարյուր հազարավոր տպաքանակներով: Իսկ անկախ Հայաստանի ազատ մամուլի առաջատար թերթերը լույս են տեսնում ընդամենը մի քանի հազար տպաքանակով, մշտական ընթերցողների թիվն էլ 10-20 հազար մարդ է: Մամուլի (այն է՝ ազատ ու անկախ) նկատմամբ հետաքրքրության այս շեշտակի անկումը փորձում են արդարացնել ընդամենը մեկ պատճառաբանությամբ՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, շատերի համար, իբր, մեկ թերթին 100 դրամ վճարելը մեծ շռայլություն է, իսկ ժամանակակից ունեւորների մեծ մասն էլ թերթ չի կարդում: Իրոք որ, մամուլի հիմնական սպառողը միջին խավն է եղել, որի շարքերը մեր երկրում անկախացումից հետո կտրուկ նվազեցին:
Սակայն մամուլի նկատմամբ հետաքրքրությունը զուտ ֆինանսական գործոնով պայմանավորելը չի համապատասխանում իրականությանը: Նախ մամուլ չի կարդում մտավորականության մեծ մասը: Մասնավոր ընթերցողներն էլ առնչվում են իրենց անձերին, ծանոթ-բարեկամներին ու հասարակական մեծ հնչեղություն ստացած քննադատական հրապարակումներին: Այնպես որ՝ մամուլի նկատմամբ հետաքրքրության կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է նրանում տեղ գտած նյութերի արժանահավատության նկատմամբ վստահության բացակայությամբ: Մի շարք առաջատար համարվող թերթերում ահավոր չափերի են հասնում լրագրական էթիկայի ոտնահարումները եւ նյութերի զազրելի մատուցումները:
Այսօրվա մամուլի որոշ միջոցներ ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ դրանցում նյութերի մատուցումը կրկնում է 11-20-րդ դարերի սահմանագծում հայ դասական գրողների նկարագրած ազգային մամուլի գրելաոճը՝ կատաղի կուսակցական անհանդուրժողականություն, գռեհկաբանություն, բամբասանք եւ ճամարտակություն: Առաջատար մամուլի հազվադեպ միջոցներ կան, որոնցում ամփոփվող նյութերում առկա է լրագրական էթիկայի կանոնների պահպանում, փաստորեն, հուսալիություն, մատուցման բարձր կուլտուրա, նյութերի բարձրարժեքություն, պետական մտածելակերպ, արդիականություն, նպատակասլացություն եւ ժամանակակից լրագրությանը ներկայացվող այլ պահանջների ապահովում: Իհարկե, մամուլի բուն արժեզրկման հիմնական պատասխանատուներից են նաեւ դրանց ֆինանսավորումն ապահովող այրերը: Հավանաբար, մամուլի որոշ միջոցների խոտան արտադրանքը վերջիններիս լիուլի բավարարում է եւ համապատասխանում նրանց մակարդակին ու ճաշակին:
Այսու՝ չորրորդ իշխանությունը ներկայացնող մեր հարգարժան խմբագիրներին արժե հիշեցնել երեք կարեււոր հանգամանք, որոնցով պայմանավորված է վերջիններիս հեղինակությունը.
ա) գրավոր խոսքի ազդեցությունը մեծանում է, երբ այն շարադրվում է հավաստի աղբյուրների հիման վրա, ձեւակերպվում է գրագետ եւ լույսի արագությամբ արձագանքում հասարակության հուզող հարցերին:
բ) դատական եւ այլ ատյաններում հանդիսանում է իրեղեն ապացույց՝ անբեկանելի ճշմարտացիությամբ, երկրում գործող օրենքների նկատմամբ դրսեւորված քաղաքացիական կեցվածքով եւ լրագրողական համարձակությամբ:
գ) բանավիճային հոդվածներում պետք է մոտեցումներն արտացոլվեն անկանխակալ, եզրահանգումները՝ արդարության պահանջներին համապատասխան:
Միայն այս դեպքում մեր գրավոր լրատվամիջոցները կդառնան շահութաբեր եւ մեծարժեք: Կարեւոր տեղ ու դեր կզբաղեցնեն մեր հասարակական կյանքում եւ իրենց կամքը կարող են թելադրել իշխանություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել