Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ՕՎԿԻԱՆՈՍ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ՝ ՄԵԾ ԿԱՄՔԻ ՈՒԺ

Սեպտեմբեր 29,2011 00:00

Հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին:

\"\"
Սեւակ Մխիթարյանն ու Մարգարիտա Հովակիմյանը
մարտական էին տրամադրված:

\"\"
Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանի հետ
կոմիտեն մեծ հույսեր է կապում:

Շուտով Լոնդոնում պետք է անցկացվեն 2012-ի Պարալիմպիկ խաղերը, եւ այդ խաղերին ընդառաջ՝ երեկ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարանային համալիրում կազմակերպվել էր հայ պարալիմպիկ մարզիկների լուսանկարների ցուցահանդես: Այդ լուսանկարներն արվել էին պարապմունքների ժամանակ եւ ներկայացնում էին, թե ինչ մեծ ցանկությամբ ու կամքի ուժով են նրանք հաղթահարում դժվարությունները: Մարզիկներից մեկը՝ Սեւակ Մխիթարյանն արդեն 6 տարի զբաղվում է առագաստանավային սպորտաձեւով. «Մի անգամ մասնակցել եմ աշխարհի առաջնությանը, այդ ժամանակ անփորձ էինք եւ այնքան էլ լավ արդյունքներ չունեցանք, իսկ առաջիկա մրցումներից մեծ ակնկալիքներ ունեմ, հավակնություն ունեմ մեդալի: Մրցակիցներս շատ ուժեղ են, դե, իրենք օվկիանոս ունեն, իսկ մենք՝ ընդամենը մի Սեւանա լիճ: Եղանակային պայմաններն այնպիսին են, որ ընդամենը 3 ամիս ենք կարողանում պարապել Սեւանում, իսկ նրանք տարվա 11 ամիսը պարապում են: Երբ գնացել էինք մրցումների, ասում էինք՝ Հայաստանից ենք՝ զարմանում էին, ասում էին՝ դուք ծով, օվկիանոս ունե՞ք: Բայց ես կասեմ՝ իրենք ունեն լավ պատրաստվածություն, մենք ունենք մեծ կամքի ուժ»: 16-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը վստահ էր, որ պարալիմպիկ խաղերում Հայաստանի պատիվը բարձր է պահելու. «Իմ մեծ երազանքն է, որ Հայաստանի հիմնը հնչեցնեմ ու վերադառնամ մեդալներով, ես հավատում եմ դրան»:
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեծ հույսեր է կապում հատկապես ծանրամարտիկների՝ Սամվել Ասատրյանի եւ Գրետա Վարդանյանի հետ. «Հաջորդ ամիս Միացյալ Էմիրություններում կայանալու է աշխարհի առաջնություն, որտեղ էլ հենց կորոշվի՝ մեր մարզիկները կստանա՞ն Լոնդոնի մրցաշարի ուղեգիր, թե՞ ոչ»: Հարցին՝ պարալիմպիկ սպորտով Հայաստանը մյուս երկրների համեմատությամբ ի՞նչ մակարդակի վրա է, կոմիտեի նախագահը պատասխանեց. «Երբ նոր էր սկսվել ամեն ինչ, մենք առաջին շարքերում էինք, բայց գնալով՝ մյուս երկրները, հասկանալով հաշմանդամային սպորտի կարեւորությունը, մեծ ֆինանսներ ներդրեցին ու առաջ գնացին, իսկ մենք դեռ տեղում դոփում ենք: Այս ֆինանսական միջոցներով մենք չենք կարողանա ինչ-որ բան անել, վարչապետից սպասելիքներ ունենք, խոստացել է, որ կօգնի»:
Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը Գյումրիից է, 25 տարեկան: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ պարապմունքների ժամանակ 100 կգ կշռող ծանրաձող է բարձրացնում, իսկ դա 46 կգ քաշ ունեցող մարզիկի համար լավ ցուցանիշ է. «Ես 2007-ին մասնակցել եմ Հունաստանում պարալիմպիկ մրցաշարի Եվրոպայի բաց առաջնությանը, արծաթե մեդալակիր եմ դարձել: Լոնդոնի խաղերին էլ մարտական եմ տրամադրված»:
Մարզիկներին ոգեւորելու էր եկել պատգամավոր Միքայել Վարդանյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր մարզիկները հոգեպես ուժեղ են, իսկ ֆիզիկական պատրաստվածությունը ժամանակի հարց է: Ես այն մարդն եմ, որ շատ արագ հուզվում եմ եւ ինձ համար մեծ նվաճում է, որ մեր երկրում կան այսպիսի մարդիկ, որոնք ունեն մեծ կամքի ուժ եւ կարողանում են դժվարություններ հաղթահարելով՝ հաջողությունների հասնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930