«Առավոտն» ու Կոտայքի մարզպետարանը ինֆորմացիայի ազատության հարցում ամենաակտիվն են:
Երեկ Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությամբ ավարտվեցին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպության հայտարարած «Ինֆորմացիայի ազատության օրերը»: Ամփոփիչ հավաքին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
2001 թվականին ստեղծված ԻԱԿ-ը 2002 թվականից կազմակերպում է «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխություն. խրախուսվում են թափանցիկ եւ տեղեկատվության ազատություն ապահոված կառույցները, տեղեկատվության ազատության հարցում հետեւողական լրագրողները, հ/կ-ները, քննադատվում՝ փակ աշխատածները:
Այս տարի ԻԱԿ-ի տասնամյակի կապակցությամբ շնորհակալագրեր տրվեցին այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք անցած 10 տարում տեղեկատվության ազատության եւ հասանելիության հարցում անտարբեր չեն եղել: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» շնորհակալագրին արժանացավ «Առավոտը», քանի որ, բացի նրանից, որ տեղեկատվության ազատության հարցերը մշտապես կարեւորել եւ լուսաբանել է, նաեւ 2002-ից այսկողմ անցկացված 9 մրցանակաբաշխություններից երեքում Ոսկե բանալիի է արժանացել: Նման այլ լրատվամիջոց չկա: Տեղեկատվության մատչելիության եւ հասանելիության հարցում ավանդի համար շնորհակալագրեր ստացան նաեւ ՀՀ կառավարությունը, դատախազությունը, քաղծառայության խորհուրդը, տարածքային կառավարման նախարարությունը, ԵԱՀԿ-ն եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Երեւանի գրասենյակները, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
2006 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս կիրառելու համար ոսկե բանալի ստացած Կոտայքի մարզպետարանը երեկ երկրորդ Ոսկե բանալին ստացավ տեղեկատվության ազատությանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնության՝ մարզպետարանում մամուլի կենտրոն բացելու համար: Երկու Ոսկե բանալի ստացած պետական այլ կառույց չկա: Երեկ Ոսկե բանալի ստացան նաեւ ՀՀ կրթության եւ գիտության, արդարադատության նախարարությունները, «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ն, լրագրող Արման Ղարիբյանը, www.panarmenian.net եւ www.hra.am կայքերը: Վերջինիս պատասխանատու Թամարա Հովնանյանը, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, ասաց, որ դեռ շատ անելիքներ կան, բազում հարցումներ են ուղարկվել բազում հաստատությունների ու մնացել անպատասխան: Ստացած հարցումը անպատասխան թողնելու կամ զավեշտական պատասխան տալու համար ժանգոտ կողպեք ստացան ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ «Համալսարանականներ» համատիրությունը:
Թամարա Հովնանյանը հույս ունի, որ իր ակնկալած պատասխանները մի օր կստացվեն: Մինչ այս՝ ՀՀ վարչապետը ասել էր, որ կառավարությունը կարեւորում է տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը, գովելի է, որ ԻԱԿ-ը մշտապես հսկում է, թե որքանով են թափանցիկ ու մատչելի աշխատում պետական կառույցները, ցույց տալիս այն թույլ օղակները, որոնք խանգարում են գործին: Հայաստանը այն եզակի պետություններից է, ուր պետական բյուջեի ծախսերին կարելի է on-line ծանոթանալ կառավարության պաշտոնական կայքում: Մնում է, որ այլոք ազատ, թափանցիկ աշխատելու հարցում հետեւեն կառավարությանը: