Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղը վարակիչ չէ

Սեպտեմբեր 29,2011 00:00

\"\"Որոշ դեպքերում ժառանգական է

Կերեք լոլիկ, կարմիր խաղող, սոխ, սխտոր, խմեք կարմիր գինի՝ սեւ շոկոլադի համադրությամբ: Ընդհանրապես շատ օգտագործեք միրգ ու բանջարեղեն, թռչնամիս ու ձկնամթերք: Սա ձեզ կօգնի հնարավորինս զերծ մնալ քաղցկեղից: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Իսկ նույն կենտրոնի ուրոլոգիայի, տղամարդու առողջության եւ շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը կես կատակ, կես լուրջ ավելացրեց, որ սխտորը չի կարելի ուտել առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ, հանդիպումից առաջ, ինչպես նաեւ բժշկին ալցելելուց առաջ:
Ըստ Խ. Հակոբյանի, քաղցկեղով հիվանդներին մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել հատկապես տավարի միսը. «Ընդհանրապես, պետք է ճիշտ ապրել, նստակյաց կյանք չվարել, մարմնամարզությամբ կամ սպորտով զբաղվել, թեթեւ սնունդ ուտել: Եթե սեռահասունությունը ճիշտ է կատարվում, կինը ճիշտ ժամանակին է ծննդաբերում՝ մինչեւ 35 տարեկան, իր երեխային ավելի երկար կերակրում կրծքով, դա էլ է հանգեցնում նրան, որ պոտենցիալ քաղցկեղով հիվանդի մոտ այդ հիվանդությունը ուշ զարգանա կամ ընդհանրապես չզարգանա»:
Բայց ամենաառաջինը՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք տարին մեկ անգամ պարտավոր են այցելել բժշկի, անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն, որպեսզի, եթե կա նորագոյացություն, ապա ժամանակին հայտնաբերվի ու բուժվի: Կենտրոնի մասնագետները սա հատկապես կարեւորում են, քանի որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղի աճի միտում է նկատվում, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը բավական երիտասարդացել է: Ըստ Խաչանուշ Հակոբյանի, չնայած այս հիվանդությունն առավել տարածված է 40-60 տարեկան կանանց շրջանում, սակայն չարորակ ուռուցքներ սկսել են հայտնաբերվել նաեւ երիտասարդ աղջիկների մոտ. «1997 թվականից մինչ օրս կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է 0-29 տարեկան 60 աղջիկների մոտ։ Դա իսկապես մեծ թիվ է, քանի որ մինչեւ 29 տարեկան աղջիկը չպետք է իմանա, թե ինչ բան է քաղցկեղը: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառները սթրեսներն են եւ ժառանգականությունը»։ Ռ. Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այն ընտանիքներում, որտեղ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ է եղել, պետք է պարբերաբար հետազոտություն անցնեն ոչ միայն նույն ընտանիքի կանայք, այլեւ տղամարդիկ. «Եթե ընտանիքի կին անդամներից որեւէ մեկի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է եղել կամ կա, այդ ընտանիքի տղամարդու մոտ հնարավոր է զարգանա շագանակագեղձի քաղցկեղ, ուստի տղամարդիկ էլ պետք է հաճախ հետազոտվեն»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է, որ շագանակագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդը սեռական հարաբերությունների ժամանակ իր կնոջը «վարակի», պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Չարորակ ուռուցքներն ընդհանրապես վարակիչ չեն: Բայց քաղցկեղի զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում սեռավարակները»: Մեր այն դիտարկմանը, որ Անգլիայի մի խումբ բժիշկներ օրերս հայտարարել են, որ վերջին փուլի քաղցկեղով հիվանդին բուժելը անօգուտ է եւ շատ ծախսատար, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող դրան պատասխանել, որովհետեւ ամբողջ աշխարհի գիտնականներն էլ չեն կարող պատասխանել: Մենք ունենք մի դեպք, որ կինը քաղցկեղի 4-րդ փուլում եկել էր եւ նրան պրակտիկորեն անհնար է եղել հետազոտել ու վիրահատել, նա գնացել է ուռուցքաբանության կենտրոն, բուժում է անցել, դրանից անցել է 1 տարուց մի փոքր ավելի ու այդ կինը դեռ ապրում է եւ նրա երեխաները ուրախ են, որ իրենց մայրը կենդանի է: Չգիտեմ ինչքանով էր մարդասիրական այդ կնոջը տանջել եւ այդ ամենի միջով անցնել: Դա նման է այն մեր հայրենակցի արածին, որ ասում էր՝ հիվանդներին եկեք սրսկենք, որ չտանջվեն, մահանան (հավանաբար նկատի ունի ամերիկահայ «Դոկտոր Մահին»՝ Ջեք Գեւորգյանին-խմբ.)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել