Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՆԱ, ՈՐ ՏՈՒՆ ՉՏԱ՞Ն

Սեպտեմբեր 29,2011 00:00

\"\"Հակառակ դեպքում՝ ազատամարտիկը վաղուց տուն կունենար

Պաշտպանության նախարարությունը հայրենիքի համար առողջությունը կորցրած 2-րդ կարգի հաշմանդամ Սամվել Միքայելյանին, մեղմ ասած, տարիներով մոլորության մեջ է գցել: Մեկ նրան ճանաչել է որպես բնակարանային կարիքավոր եւ հաշվառել բնակարան ստացողների ցուցակում, մեկ էլ փոշմանել է եւ հանել այդ ցուցակից, պատճառաբանելով՝ գործը թերի է եւ որոշ փաստաթղթեր ուշացումով են ներկայացվել:
Դեռեւս 2008 թվականին ազատամարտիկը, Դավիթաշեն վարչական շրջանի կողմից ուղարկված՝ հաշվառվել է ՊՆ բնակարանի կարիքավորների ցուցակում: Մի քանի տարի սպասելով, թե երբ է բնակարան ստանալու իր հերթը մոտենալու, Ս. Միքայելյանը հարցում է կատարել նախարարություն, որտեղից նրան պատասխանել են, որ 532-րդ համարն է եւ առաջիկայում կքննարկեն նրա գործը: Սակայն, մինչ նախարարությունը «կգցեր-կբռներ», թե ինչպես վարվել ազատամարտիկի հետ, նրա առողջական վիճակը օր օրի վատթարանում էր: Սամվել Միքայելյանն անգամ ծայրահեղ քայլերի է դիմել՝ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Ֆրանսիական դեսպանատան, ապա՝ Ազգային ժողովի շենքի մոտ: Եվ քանի որ լուրջ հիվանդ է, հացադուլը երկար չտեւեց: Բացի այդ, պաշտպանության նախարարությունից նրան վստահեցրել էին, որ շուտով նրա խնդիրը կլուծվի, սակայն ազատամարտիկը մինչ օրս խնամակալի մոտ է բնակվում: Մոտ 2 ամիս առաջ էլ նախարարությունը ազատամարտիկին վերջնական պատասխան է տվել, որ կառավարության որոշման համաձայն, Երեւանում առնվազն 10 տարվա մշտական հաշվառում է անհրաժեշտ անօթեւանների ցուցակում ներառելու համար, իսկ Ս. Միքայելյանը, ըստ նախարարության տվյալների, ընդամենը 6 տարվա հաշվառում ունի: ՊՆ-ի պաշտոնական պատասխանում նաեւ նշված է, որ Դավիթաշենի համայնքապետը կառավարության որոշման խախտմամբ է ազատամարտիկին բնակհաշվառել. «Դուք բնակպայմանների բարելավման կարիքավոր կարող եք ճանաչվել եւ հաշվառվել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից՝ 2016 թվականին»:
«Առավոտի» հետ  զրույցում Ս. Միքայելյանի եւ նրա խնամակալ Ջուլյա Հովակիմյանի պատմելով՝ արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ Կապանի իր 1 սենյականոց բնակարանից նրան զրկեց սեփական կինը, ազատամարտիկը եկել  է Երեւան: Տարբեր կլինիկաներում բուժում ստանալուց հետո, Սամվելը բնակվել է հիվանդանոցների եւ այլ հիմնարկների պահակների մոտ. «1997-ին Մոնումենտի այգում հանդիպեցի Սամվելին. շատ ծանր հիվանդ էր, նրա խնդրանքն ընդունեցի եւ տարա իմ վարձով բնակարանը, հետո որտեղ որ բնակվում էի՝ այնտեղ էլ նա էր ժամանակավոր հաշվառվում: Խիղճս չէր տանի հաշմանդամ մարդուն դուրս գցեի»: Ջուլյայի ներկայացմամբ՝ վերջերս էլ հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը կրկին խոստացել է խնդրին լուծում տալ. «Նախարարի հանդիպումից հետո, սոցվարչության պետի հետ հանդիպեցի: Մեկ ասում էր իբր Սամվելը ազատամարտիկ չէ, մեկ ասում էր՝ մեր մոտ ձեր փաստաթղթերը չկան: Իսկ բոլոր անհրաժեշտ թղթերը ներկայացրի՝ թե պատերազմական որ գոտում է կռվել, որտեղ է վիրավորվել, որտեղ է պարբերաբար բուժում ստացել եւ այլն: Պատճառաբանում են՝ իբր ընդամենը 6 տարի է Երեւանում բնակվում, այնինչ՝ արդեն 14 տարի Սամվելը Երեւանում է: Ասում են՝ դուք հիմա չեք կարող բնակարան ստանալ՝ 2016-ին նոր միայն կընդգրկեն ցուցակում, իսկ թե երբ կստանա, Աստված գիտի»: Ազատամարտիկի խնամակալի խոսքերով՝  «Սպասում են մեռնի, որ բնակարանի հարց էլ չլինի: Սամվելն արդեն չի էլ կարողանում շարժվել, անկողնային պառկած է, հազիվ է շնչում՝ թոքի տուբերկուլյուզ ունի: Էս տանջանքները քիչ են, նախարարությունն էլ մյուս կողմից է տանջում խեղճին: Բժիշկները հույս չեն տալիս: Եթե նախարարությունը մտադրվել է Սամվելին արհամարհելով զրկել բնակարանից, ես էլ հայտարարում եմ՝ եթե Սամվելը մեռնի, ես դիակը տանելու եմ կառավարության շենքի մոտ դնեմ, ու մինչեւ բնակարան չտան, չեմ թաղելու: Սամվելին պիտի իր սեփական բնակարանից  թաղեն: Աստված չանի՝ Սամվելին մի բան լինի, խեղճի երեխան էլ անտուն կմնա»:  
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ վստահեցրին, որ առաջիկայում պարզաբանումներ կտրամադրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել