Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԸ

Սեպտեմբեր 29,2011 00:00

Ահա եւ հերթական ինքնասպանությանն էլ անմիջապես հետեւեցին հրապարակումներ, թե կախվածի տանը հայտնաբերվել են Քրիստոսի՝ գետնին ընկած ու ջարդված նկարներ, թե ինքնասպան եղած կինը, Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ կրոնական մի կազմակերպության համակիր էր: ԶԼՄ-ներից մեկն էլ կատարվածը վերնագրել էր. «Աղանդավորների ընտանիքի ինքնասպանություն»:
Նույն պատմությունը եղավ նաեւ Արարատում իր 2 երեխաներին սպանած կնոջ դեպքում. ԶԼՄ-ներն էլի հեղեղվեցին պնդումներով, թե նա աղանդավոր է: Թեեւ առաջին իսկ պահից ավելի քան բավարար էին հիմքերը, որոնք վկայում էին, թե սեփական զավակներին խեղդամահ արածն ուղղակի հոգեկան խնդիրներ ունի՝ նրա աչքի առջեւ ժամանակին սպանել էին սեփական մորը: Եվ պատահական չէ, որ մեկուսարանում գտնվելուց կարճ ժամանակ անց այդ կնոջը տեղափոխեցին հոգեբուժարան: Սակայն այդ տեղեկությանն արդեն անդրադարձավ հազիվ մի լրատվամիջոց:
Նույն կերպ՝ ԶԼՄ-ներից մի քանիսն ընդամենը հետո հաղորդեցին, որ Դիլիջանում կատարվածը կապ չուներ կրոնական կազմակերպությունների հետ: Ինքնասպանի որդին՝ 25-ամյա երիտասարդը, որը տեսնելով ինքնասպան եղած մորը, 23-ամյա քրոջ հետ միասին փորձել էր կտրել երակները՝ հիվանդանոցում ուշքի գալուց հետո բացառել էր իրենց արարքի կրոնական շարժառիթը. «Մենք քրիստոնյա ենք: Ուղղակի մեզ կորցրել էինք: Մենք չէինք մտածում»: Եվ խոսել էր անարդարությունների մասին:
Այսուհանդերձ՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նախագահությամբ այսօր տեղի է ունենալու Հայաստանում քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:
Երկրում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ մամուլի ակումբներից մեկը հատուկ հայտարարություն է տարածում՝ ձերբազատվելով իրենց կազմակերպած ասուլիսի ընթացքում բանախոսների՝ հօգուտ կրոնական կազմակերպությունների արտահայտած մտքերի համար պատասխանատվությունից, եւ արդարանալով, թե մինչ ասուլիսը նրանք հակառակ տեսակետն էին արտահայտել՝ ընդդեմ աղանդների:
Առանց պատասխանի ակնկալիքի՝ մի քանի հարցեր ուղղենք այս կապակցությամբ: Արդյոք բոլորը վստա՞հ են, որ մեր երկրում ինքնասպան են լինում բացառապես կրոնական կազմակերպության անդամ լինելու եւ ոչ՝ սոցիալ-տնտեսական վիճակի կամ անձնական խնդիրների պատճառով:
Արդյոք պետական այն պաշտոնյաները, որոնք աղանդների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպում՝ տեղեկացվա՞ծ չեն, որ մեր երկիրը մշտապես հայտնվում է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցներում՝ կրոնական կազմակերպություններին «աղանդ» պիտակելու համար նաեւ:
Եվ վերջապես՝ արդյոք այլեւս չի՞ գործում ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք», որը ներառում է նաեւ սեփական կրոնը «քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել