Լրահոս
Օրվա լրահոսը

Բազազների եւ Գիքորների ժամանակը

Սեպտեմբեր 29,2011 00:00

Սփյուռքահայը հիասթափված է հերթական «գալոչկայից»

«Թող տպավորություն չստեղծվի, որ մենք գալիս ենք Հայաստան՝ Հայաստանի թերությունները մատնանշելու: Դուք մեզանից լավ գիտեք եւ թերությունները, եւ ձախողումները: Մենք ձեզ նոր բան ասելու եւ սովորեցնելու չունենք: Սփյուռքը ցանկանում է, որ Հայաստանում լավ լինի, բայց միայն ցանկությունը բավարար չէ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ սփյուռքի կազմակերպությունների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովին, որտեղ սփյուռքի ներկայացուցիչների կողմից բավականին սուր գնահատականներ հնչեցին, ասաց Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Սարդարապատ» նախաձեռնության համակիր Արամայիս Միրզախանյանը: Ընդհանրապես, մեր զրուցակիցն այնքան էլ տպավորված չէ համաժողովից ու Հայաստանի հասցեին հնչած քննադատությունից: Նախ, ըստ նրա, համաժողովին ներկա չէր սփյուռքն իր ողջ ներկապնակով, այլ միայն դասական ձեւով՝ հնչակյան, ռամկավար, դաշնակցական կուսակցություններ, բարեգործական կազմակերպություններ, եկեղեցական ներկայացուցիչներ, ինչը մի տեսակ նախկին նմանատիպ հավաքների կրկնողություն է: Արամայիս Միրզախանյանին զարմացրել է մեծ թվով հոգեւորականների ներկայությունը համաժողովին եւ նաեւ համաժողովի ավարտից հետո էլ անհասկանալի է մնացել, թե ի՞նչ դեր ունեն նրանք մեր այսօրվա պետականության մեջ, հայրենիք-սփյուռք կապերի մեջ: «Մենք ապրում ենք երկրագնդի վրա, եւ մեր խնդիրները երկրի վրա են, ոչ երկնքում»,- եզրակացնում է մեր զրուցակիցը՝  հավելելով, որ համաժողովի ժամանակ հնչած բարձրաստիճանների ելույթները, առանց որեւէ բացառության, դեկլարատիվ բնույթ ունեին, ինչը դեկլարատիվ է դարձնում նաեւ համաժողովը:
«Ի՞նչ անել» հարցի պատասխանն այդպես էլ չերեւաց, մինչդեռ Արամայիս Միրզախանյանը հույս է ունեցել, որ գոնե այս համաժողովի հիմնական նպատակը թերեւս դա պետք է լիներ: Իսկ հայաստանյան իրականության իշխանական գովերգումը կամ սփյուռքյան քննադատությունը, նրա կարծիքով, ոչ միայն որեւէ խնդիր չի լուծում, այլեւ արդեն հետաքրքիր էլ չէ: «Այսօր Հայաստանում Թումանյանի «Գիքոր»-ի պատմությունն է՝ բազազ Արտեմը շահագործում է Գիքորին այնքան, մինչեւ հասցնի մահվան: Թումանյանը շատ տիպիկ է ներկայացրել դասակարգի իրական դեմքը: Այսպիսի անտագոնիստական տարբերությունների պարագայում խոսել մեկ ազգի, մեկ մշակույթի, մեկ լեզվի եւ այլ բաների մասին՝ անիրատեսական է: Հայ բուրժուազիան՝ մոնոպոլիստները իրենց դասակարգն ունեն եւ իրենց պաշտպանության բոլոր լծակները, որոնք բերում են հակասությունների, եւ որն էլ առիթ է մեծ դժբախտության՝ մեկ միլիոն արտագաղթի»,- ասում է մեր զրուցակիցը:
«Ի՞նչ անելու» առումով էլ հենց Շվեդիայի օրինակն է վկայակոչում՝ պետականացնել գերակա ճյուղերը եւ թույլ չտալ մասնավորին շահագործել պետության քաղաքացուն. «Ես չեմ տեսել աշխարհում մի երկիր, որտեղ սրճարանների, ռեստորանների աշխատողները ապրում են թեյադրամով: Սա մարդու իրավունքի եւ արժանապատվության կոպտագույն ոտնահարում է եւ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Թե ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում կյանքի կոչել «պետության կարգավորիչ դեր»՝ իր իսկ հռչակած կարգախոսը, մեր զրուցակիցը չի ցանկանում ավելորդ անգամ բարձրաձայնել, առանց այդ էլ տեղացիները շատ լավ գիտեն: Բայց իշխանության նման անտարբերությունը 21-րդ դարում, այն էլ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պարագայում, Արամայիս Միրզախանյանի կարծիքով, չի բացառում արաբական հեղափոխությունների սցենարի կրկնություն Հայաստանում:
Մեր զրուցակիցը նաեւ անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի եւ Սարգիս Հացպանյանի քաղաքացիության հարցին, ինչի առիթով, ի դեպ, տվյալ համաժողովի ժամանակ ինքը ստորագրահավաք էր նախաձեռնել. «Չգիտեմ՝ ով ինչ է անում, ով ինչ հաշիվ ունի, բայց մեզ համար՝ սփյուռքի պարզ մարդու համար, սա ամոթի նման մի բան է: Սարգիս Հացպանյանի հետ ես տասնյակ անգամներ եղել եմ Ղարաբաղում՝ տարբեր առիթներով եւ տարբեր գործերով: Ինքս Արցախի Հանրապետության երախտագիտության մեդալի շքանշանակիր եմ. սա նշում եմ, որ «անտեղի խոսող» չանվանեն, մի բան արել եմ: Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի ազատագրման հատուկ ջոկատի հրամանատար է եղել. ավելի բարձր զոհողություն մի՞թե կարելի է: Մատների վրա կարելի է հաշվել, թե քանի մարդ եկավ սփյուռքից եւ ինչ արեց: Օր առաջ այդ մարդկանց պիտի քաղաքացիություն տային, մինչդեռ այս համաժողովում ամպագոռգոռ, մեծ-մեծ խոսեցին, թե սփյուռքին պետք է երկքաղաքացիության իրավունք տանք, որ նաեւ հայաստանյան քաղաքական կյանքին մասնակցեն, վերին պալատներ եւ այլն: Եթե այս պարզ խնդիրը լուծել հնարավոր չէ, այն մեծերը ոչ ոք չի կարողանալու լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել