Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՓՈԽԴԵՍՊԱՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 29,2011 00:00

\"\"«Հայաստանի նոր կաբինետը. փոքր-ինչ թարմացած,  բայց շատ նման հնին»

Դեռ այն բանից հետո, երբ 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը եւ ձեւավորեց իր նոր կառավարությունը, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը ապրիլի 23-ին ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրած իր գաղտնի զեկույցում արձանագրեց՝ «Հայաստանի նոր կաբինետը. փոքր-ինչ թարմացած, բայց շատ նման հնին»:
Նրա այս մի cable-ը, ըստ WikiLeaks-ի գաղտնազերծած նյութի, վերաբերում է Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարությանն ու դրա անդամներին:
Իհարկե, առավել հետաքրքրական են փոխդեսպանի դիտարկումները Արմեն Գեւորգյանի եւ Հովիկ Աբրահամյանի նշանակումների առնչությամբ: Նրա մատուցմամբ, երկուսն էլ հավասարապես հակակրանք առաջացնող եւ ազդեցիկ դեմքեր են: Հովիկ Աբրահամյանի եւ Արմեն Գեւորգյանի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ վարչապետի տեղակալի պաշտոնների փոփոխությունը, նրա ասելով, պետք է գնահատել ավելի շատ «կրեմլինոլոգիական», որի հետեւանքները պարզ կդառնան ժամանակի ընթացքում: «Ընդհանուր առմամբ, սա լավագույն դեպքում որոշակիորեն բարելավում է՝ նախկին կառավարության համեմատությամբ»,- գրել է Փենինգթոնն ու հավելել, որ արած նշանակումներում «տեսնում ենք նաեւ նախկին նախագահների միջեւ ինտենսիվ բանակցությունների նշաններ»: «Ո՛չ լավ, ո՛չ էլ այնքան վատ» են բնութագրվել հենց այս երկուսի նշանակումները, որոնք նա «ավելի խնդրահարույց» է գնահատել՝ նշելով, թե «պարզագույն մակարդակում հասկանալի էլ չէ՝ նրանց նշանակումը պաշտոնի բարձրացո՞ւմ, թե՞ իջեցում էր, քանի որ ոչ մեկը նախորդ պաշտոնավարողից առավել կամ պակաս չէր»: Փոխդեսպանի մատուցմամբ, Արմեն Գեւորգյանը շատ հստակ նախկին նախագահ Քոչարյանի մարդն է: Աբրահամյանի առաջին հավատամքը ավելի ակնհայտորեն իր շահերն են: Երկրորդ հավատամքը ավելի մշուշոտ է, բայց նա համարվում է ավելի շատ Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի մարդը: Այս երկու նշանակումներն էլ, թվում է, Քոչարյանի եւ նոր նախագահի միջեւ ինտենսիվ բանակցությունների արդյունք են եղել: Քոչարյանը, հավանաբար, պնդել է իր հավատարիմներին նշանակել առանցքային պաշտոններում՝ իր շահերին հետամուտ լինելու համար:
Այն, որ այս նշանակումներից շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Միքայել Մինասյանը խոստովանել էր, որ ինքն ու Լեւոն Մարտիրոսյանը մնալու են իրենց պաշտոններում, այն դեպքում, երբ Արմեն Գեւորգյանը շարունակելու է ղեկավարել նախագահի աշխատակազմը, իսկ Վիգեն Սարգսյանը մնալու է նախագահի խորհրդականի պաշտոնում, իսկ արդյունքում պարզվեց, որ Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին, իսկ վերջինս նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, փոխդեսպանն «անուղղակի ապացույց» է համարել այն բանի, որ նոր եւ նախկին նախագահների միջեւ կոշտ բանակցություններն ընթացել են ընդհուպ մինչեւ նշանակումների վերջին պահը: Փենինգթոնի մատուցմամբ՝ Գեւորգյանի նշանակումը նոր պաշտոնում նրա համար իրականում դիտվում է որպես խրախուսանք, մանավանդ, որ նա պահպանելու է նաեւ Լինսի հիմնադրամի նախագահի լրացուցիչ պաշտոնը: «Թեեւ Հովիկ Աբրահամյանի դիրքը սկզբունքորեն շատ ազդեցիկ է (եւ, իհարկե, Գեւորգյանը շատ հզոր էր այդ պաշտոնում), մենք ենթադրում ենք, որ Աբրահամյանը հայտնվել է լուսանցքում: Անակնկալ չի լինի կես կամ մեկ տարի հետո նրան տեսնել ամբողջովին մարգինալացված»,- նշել է Փենինգթոնը՝ հավելելով, որ Աբրահամյանը ՀՀ կառավարությունում ամենա ոչ միանշանակ համբավն ունի՝ որպես Սերժ Սարգսյանի ընտրարշավի ամենակեղտոտ մարտավարության գլխավոր կազմակերպիչ: «Թեպետ Գեւորգյանը շատ հաճախ կոպիտ եւ վիրավորական է պահել իրեն դիվանագիտական կորպուսի առջեւ Քոչարյանի անունից դեմարշներ անելիս (ինչը առավել վիրավորական էր դեսպանների համար՝ հաշվի առնելով Գեւորգյանի՝ դեռահասի տեսքը եւ մանկական դեմքը), նա ավելի քիչ բացասական ընկալում ունի, քան Աբրահամյանը»,- նշել է փոխդեսպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել