Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՍԻՐԱԾ ԵՎ ՉՍԻՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՆ»

Սեպտեմբեր 29,2011 00:00

\"\"Ամերիկյան սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  «Առավոտի» հարցերին պատասխանել են «չսիրողները» եւ «սիրողները»:

ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած այցելությունների եւ ՀՀ անկախության տոնակատարությունների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի հանդիպումներ է ունեցել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Իր ելույթներում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ճգնաժամերը ժամանակավոր են, մեր սիրած կամ չսիրած իշխանությունները ժամանակավոր են, իսկ մնայունն ու հավերժը մեր հայրենիքն է»: ՀՀ նախագահի հանդիպումների եւ հայտարարությունների մասին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները էականորեն տարբեր տեսակետներ են արտահայտում: Ընդդիմությունը պնդում է, թե այդ այցերը ոչինչ չտվող են, իշխանությունները պնդում են, որ, իհարկե, երկրի նախագահը անկախության տոնակատարությունների առիթով պետք է այցելեր Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին:
Ըստ ՀԱԿ անդամ Սմբատ Այվազյանի՝  մեր երկրի նախագահը «գնացել էր մի կորած-մոլորած հասարակական կազմակերպություն, որը 35 հոգու շքանշաններ է տալիս, գնաց-ստացավ, երեւի դրա համար էր գնացել, ինքը ճանապարհորդել սիրում է, գուցե սրանք վերջին ճանապարհորդություններն են»:
Սմբատ Այվազյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա. «Բացարձակ այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, Ռոբերտ Քոչարյանի վերադարձն անհնարին է, աբսուրդի թատրոն է, Էվանսի այցը նախատեսված էր վեց ամիս առաջ, լրագրողները գրում են, թե Էվանսը եկավ, որպեսզի Ռոբի լոբբինգն անի ԱՄՆ-ում, Էվանսը որտե՞ղ է աշխատում, որ լոբբինգ անի, կամ՝ Էվանսը վեց ամիս առաջ գիտե՞ր՝ ինչ է տեղի ունենալու, որ գար: Դրանք աբսուրդներ են: Եվ ամենակարեւորը՝ Սերժն ու Ռոբը նույն մարդն են, իրենց՝ աթոռը պահելու մոլուցքով, իշխանությունը շարունակելով»:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահի այցը ԱՄՆ եւ Ֆրանսիա բարձր է գնահատում եւ ամենեւին համամիտ չէ Սմբատ Այվազյանի գնահատականներին, բայց մի բանում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները համակարծիք են՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն անհնարին է: Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, թե չի ուզում այդ թեմայի շուրջ խոսել, բայց հարկ համարեց նշել ընդհանուր մոտեցումը. «Պետք չէ համեմատել Ռուսաստանի հետ: ՌԴ-ում իրականում բացահայտվեց, որ նրանք ի սկզբանե պայմանավորված են եղել, թե ով քանի տարի կլինի նախագահ, եւ ով կլինի վարչապետ, եւ սա այդ պայմանավորվածության արդյունքն էր, եւ մեր երկրի հանդեպ քաղաքականությունը լինելու է նույնը, ոչինչ չի փոխվելու: Իսկ որոշ վերլուծողների սցենարների մասին ասեմ, որ եթե նման բան լիներ, կլիներ դեռ 2008-ին, դա չի եղել, եւ պետք չէ Ռուսաստանում կատարվածը զուգահեռ տեղափոխել այստեղ, ես մտահոգ չեմ. չեմ հասկանում՝ ինչո՞ւ մամուլում այդպիսի մեծ աժիոտաժ առաջացավ»: Ռազմիկ Զոհրաբյանը ասաց, թե ՀՀ նախագահի այցը ԱՄՆ եւ ապա՝ Ֆրանսիա կապված չէր ռուսաստանյան համագումարի հետ եւ ծրագրված էր այդ համագումարից շատ առաջ. «Նկատի ունեցեք, որ եւ ԱՄՆ-ը, եւ ՌԴ-ն, եւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն են, եւ բնական է, որ այդ պետությունների ղեկավարների հետ մեր երկրի ղեկավարը խոսելու բան ունի»: Ռազմիկ Զոհրաբյանին փոխանցեցինք Սմբատ Այվազյանի այն միտքը, թե ՀՀ նախագահը գնացել էր շքանշաններ բաժանելու եւ ստանալու, եւ ուզեցինք իմանալ վերջինիս կարծիքը այս մասին: Ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Վերջին տարիներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դարձել է ամբողջ հայության լիդեր-խորհրդանիշը, որովհետեւ առաջինն ինքն է, որ միասնության, համերաշխության կոչերը ոչ միայն հնչեցնում է, այլեւ իրականացնում: Օրինակ, ԱՄՆ-ում մեր երկրի նախագահի ելույթներից մեկի ժամանակ սփյուռքահայերից շատերն են հայտարարել, որ եթե վտանգ սպառնա Հայաստանին եւ Արցախին, իրենք պատրաստ են ժամերի ընթացքում հայտնվել առաջին գծում եւ կռվել հանուն հայրենիքի: Եթե լսել եք նախագահի ելույթները, մեր հայրենակիցների հարցերը եւ ընդունելությունը, անշուշտ, տեսնում եք նաեւ գործունեությունը, ապա նկատել եք, որ դրանք միշտ միասնության կոչով են ավարտվում, եւ բոլոր քայլերն ուղղված են այդ միասնության ամրապնդմանը: Համոզված եմ, ընդդիմությունը շատ լավ էլ այդ ամենը տեսնում է, պարզապես չի ուզում խոստովանել: Իսկ մեդալների մասին ասեմ հետեւյալը՝ համոզված եմ, որ եթե մեդալներ եւ շնորհակալություններ չհնչեին, ապա նույն ընդդիմությունը, որն այդպես քմծիծաղով է խոսում դրա մասին, պետք է ասեր՝ անկախություն տոնեցին, մի մեդալ էլ չտվեցին արժանիներին: Հիմա էլ, երբ այդ մեդալները կամ շքանշանները տրվում են, հակառակն են ասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել