Oրերս Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել էր իր դասարանի 6 տղաների մազերը: «Առավոտը» եղավ դեպքի վայրում: Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ինչի պատճառով 4-րդ դասարանի դասղեկ Գ. Թանգյանը նախ հեռացվել է դասղեկությունից, ապա անհարիր գործելաոճի համար ազատվել աշխատանքից: Օ. Պետրոսյանը մեզ ցույց տվեց նաեւ Գ. Թանգյանին աշխատանքից ազատելու մասին փաստաթուղթը, որը, ինչպես ինքն ասաց, ստորագրել է դժվարությամբ. «Համացանցում տարածված ինֆորմացիան, որ ընկեր Թանգյանին զրկել եմ միայն դասղեկությունից, սխալ է: Ես լուծել եմ նրա պայմանագիրը: Մեծ ցավով եմ դա արել, քանի որ նա իմ լավագույն մանկավարժներից էր: Բայց որպես դպրոցի տնօրեն՝ պարտավոր էի այդպես վարվել»:
Մեկնաբանելով ուսուցչուհու արարքը՝ տնօրենն ասաց. «Նա բազմիցս զգուշացրել է թե՛ աշակերտներին, թե՛ ծնողներին: Ծնողական ժողովին դիմել է ծնողներին, իրենք չեն արել, նա էլ մայրաբար կտրել է երեխաների մազերը: Հիմարություն… Երբեք մեր մտքի ծայրով էլ չի անցել, որ կարող էր նման բան պատահել»:
Տնօրենի հետ զրույցի պահին վերջինիս աշխատասենյակ մտան Գ. Թանգյանի դասղեկական դասարանի աշակերտների ծնողները: 9-ամյա Հարություն Հարությունյանի մայրը նշեց, որ 6 տղաներից մեկն իր որդին է. «Դասղեկը կտրել է նաեւ իմ տղայի մազերը, բայց ես պատմություն չեմ սարքել ու բողոքել»: Այս ծնողի ասելով՝ պետք չէր ուսուցչուհուն ազատել աշխատանքից, քանի որ «մեզ ոչ առողջական վնաս է հասցրել, ոչ ֆինանսական»:
Դպրոցականներից մեկը, ում մազերը եւս կտրել է դասղեկը, «հ2» հեռուստաընկերության լրագրող Արամ Գրիգորյանի որդին է: Լրագրողը զայրացել էր՝ երեխային ուղարկում է դպրոց եւ ոչ թե վարսավիրանոց:
Ինչպես պատահում է նման դեպքերում, այս անգամ էլ գտնվեցին ծնողներ, ովքեր սկսեցին գովել արդեն նախկին դասղեկի արժանիքները:
Հանդիպեցինք նաեւ Գ. Թանգյանին: Նա յուրովի հիմնավորեց, թե ինչու է կտրել տղաների մազերը. «Առաջին տարին եմ վերցրել այս դասարանը: Հենց սեպտեմբերի 1-ից նկատեցի, որ տղաների մազերը ձեւավոր են՝ երկար, ինչպես ասում են՝ «յոժիկ» արած: Իմ կարծիքով, մենք մեծացնում ենք հայրենիքի համար տղաներ, ոչ թե «չոլկաներով» չգիտեմ ինչեր: Սանրվածքը, հագուստը, կեցվածքը, ամեն ինչը նպաստում է լավ տղա, հայրենասեր լինելուն»: Նա ասաց, որ մինչ կտրելը բոլորին մի քանի անգամ զգուշացրել էր պատշաճ տեսքով դպրոց ներկայանալ, հետո էլ հավելեց, թե դեպքից հետո գնացել է Արամ Գրիգորյանենց տուն եւ ներողություն խնդրել կատարվածի համար: