Կամ՝ ինչ են մտածում սփյուռքահայ մեր հայրենակիցները
Սարգիս Նիկողոսյանը չի սիրում ապազգային հայերին:
Սարգիս Նիկողոսյանը բուլղարահայ երգահան է, այժմ նաեւ բառեր է գրում իր իսկ երգերի համար: Ասում է՝ «պաշտոնապես» երաժշտական բուհում չի ուսանել, բայց «պատանեկան տարիներես ջութակ կնվագիմ, ջութակ սորված եմ Բուլգարիո ամենամեծ ջութակահարին եւ մանկավարժին քովը՝ անունն էր Հակոբ Աղասյան: Բուլգարիո ամենամեծ ջութակահարները անոր աշակերտները եղած են»: Մեր զրուցակիցը հիշում է 1947թ. մի լուսանկար՝ ուսուցչի հետ, որտեղ նաեւ ինքն է, ու հավելում, որ այդ նկարի մյուս հերոսները Եվրոպայի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերում են նվագել: Ասում է՝ ուսուցիչը խստապահանջ էր, հետեւաբար ինքը ընդունելի մակարդակի ջութակահար է: Ս. Նիկողոսյանի դուստրը՝ Լուչիան կամ Լուսինեն, Փարիզի Աստվածամոր երգչախմբի տաճարի փոխխմբավարն է եղել, այժմ Մորիս Ռավել երաժշտանոցում է դասավանդում:
Ինչ վերաբերում է պարոն Նիկողոսյանին, ժամանակին սովորել է Պլովդիվի Մխիթարյան հայկական վարժարանում, որը գործել է մինչեւ 1947 թվականը: Ասում է՝ համայնավարության շրջանում տեղի կաթողիկե վարդապետներին բռնել-տարել են իբրեւ իմպերիալիստական լրտեսներ: Երգահան-բանաստեղծը ցավում է, որ 40-ից ցածր տարիքի բուլղարահայերը մայրենի լեզվին լավ չեն տիրապետում, ստիպված բազմաթիվ հայկական երգեր թարգմանել է բուլղարերեն: Ափսոսում է, որ Բուլղարիայի հայերի մայրաքաղաք Պլովդիվը էլ առաջվանը չէ, հայեր կան, որ թաքցնում են իրենց ծագումը: Սիլվի Վարդանին ու Կիրկորովին էլ, ովքեր բուլղարահայ են, նույն պատճառով «աղտոտ հայեր» է անվանում: Նա փաստում է, որ Բուլղարիայում հայեր կան, որոնք այս կամ այն ոլորտում հաջողության հասնելու համար այլ քայլերի են դիմում: Նա հիշեց հատկապես երեք նշանավոր հայերի, որոնք բուլղարական բարձրաստիճան ԿԳԲ-ականներ են: Օրինակ՝ Ս. Նիկողոսյանի ասելով, ռեժիսոր, պրոֆեսոր Գրիգոր Ազարյանը ԿԳԲ-ի փոխգնդապետ է. «Երբ բուլգարները շատ կհարգին հայու մը համար, շատ կփառաբանեն, շատ կխոսին, կգրին անոր համար, ատոր մեջը ուրիշ բան մը կա»: Աստոր բեմական անվամբ (իսկական անունը՝ Անդրանիկ) անվանի աճպարարը, որի նկարներն ու պաստառները փակցված են ամենուր, ԿԳԲ-ի գնդապետ է: Հայտնի հեռուստալրագրող Գեւորգ Գեւորգյանն էլ, ըստ Նիկողոսյանի, փոխգնդապետ է ԿԳԲ-ի: 3-ն էլ փոխգնդապետ են: Երգահանը կարծում է, որ փառքի հասնելու ճանապարհին նրանք ավելին են կորցրել, քան պետք էր, մինչդեռ Բուլղարիայի մեջ հայերը հպարտանալու շատ առիթներ կարող էին ունենալ: Պարզվում է՝ 1953-ին Պլովդիվում վերջին անգամ հայերն են օպերա ներկայացրել. Ա. Տիգրանյանի «Անուշի» այն տարբերակը, որ 1905-ին Թիֆլիսում է բեմադրվել: Բուլղարահայ մյուս մտավորականը, ում հետ զրուցեցինք, Պլովդիվի քաղաքային խորհրդի անդամ, կլառնետահար Էդուարդ Սարաֆյանն է: Նա դասավանդում է տեղի Երաժշտական ակադեմիայում: Ի դեպ, Պլովդիվի քաղաքային խորհուրդը բաղկացած է 51 հոգուց, 10-ից ավելին ազգությամբ թուրք է: Բայց դա չի խանգարել, որ Պլովդիվի Հայ դատի պատասխանատու ու նորաստեղծ «Քաուզա Բուլգարիա» կուսակցության անդամ Էդուարդ Սարաֆյանը աշխատանքներ տանի Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու հարցում՝ քաղաքի մակարդակով: Ափսոսում է, որ Պլովդիվի հայկական համայնքը չունի նախկին մշակութային համբավը: Սարաֆյանի երազանքն է այցելել Երեւան, Բուլղարիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չեմպիոն դառնա: Ցանկանում է նաեւ, որ Պլովդիվում հայերն ավելի համախմբված լինեն եւ իրար չխանգարեն ազգանպաստ նախագծերում:
Հարի Նիկողոսյանը 20-ամյա «Վահան» թերթի խմբագիրն է: Թերթը ժամանակին «Զորավար Անդրանիկ» երիտասարդական կազմակերպությունն է հիմնադրել՝ «Արտույտիկ» անունով: Թերթի տպաքանակը 1200-1300 է, տարածվում է ողջ երկրում, լույս է տեսնում 24 էջով: Հ. Նիկողոսյանը ցավում է, որ թերթը վտարվել է տարածքից՝ եկեղեցական վարչության ատենապետ եւ Պլովդիվի պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանի ցանկությամբ ու դատարանի վճռով՝ նրան ոչ հաճո հոդվածներ տպագրելու համար: Հիշեցնենք, որ պլովդիվահայերին դուր չէին եկել պատվո հյուպատոսի ջերմ հարաբերությունները Գըրջալի թուրքաբնակ համայնքի ղեկավարի հետ, մասնավորապես այն, որ փոխանակ մայիսի 28-ին մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառմանը, պարոն Ուզունյանը ներկա էր գտնվել սրճարանի բացմանը՝ թուրք բիզնեսմենների հետ: