Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտների հավաքագրումը անբավարար վիճակում է

Սեպտեմբեր 28,2011 00:00

Սյունիքի մարզի համայնքները սեփական եկամուտները՝ 8 ամսվա համար նախատեսված 670,231 միլիոն դրամի փոխարեն, հավաքել են միայն 84.2 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 8,1 տոկոս աճ է արձանագրվել: Աճել է նաեւ համայնքի սեփականություն հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների հավաքագրումը: Սակայն Սյունիքի որոշ համայնքներում վարձավճարների հավաքագրումն անբավարար է: Բնունիս, Թասիկ, Ծղուկ, Նժդեհ, Տոլորս, Վարդավանք եւ Սվարանց համայնքներում եկամուտների հավաքագրումը 20%-ից ավելի չի կազմում: Անտառաշատ, Գեղանուշ, Դավիթ-Բեկ, Կաղնուտ, Սվարանց, Բնունիս գյուղերում 10 տոկոսից ցածր է գույքահարկի հավաքագրումը: Սյունիքի 109 համայնքներից 14-ում գույքահարկի հավաքագրումը չի գերազանցում նախատեսվածի 30 տոկոսը, 14 համայնքում էլ հողի հարկի հավաքագրումը 50-75 տոկոսի սահմաններում է: «Սեպտեմբերին հողի հարկի եւ գույքահարկի գծով համայնքների բյուջեներ մուտքեր են եղել ընդամենը 46 համայնքներում, իսկ մինչեւ եռամսյակի ավարտը մնացել է ընդամենը 1 աշխատանքային շաբաթ»,- մտահոգված է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը: Ի տարբերություն եկամուտների հավաքման, մի շարք գյուղերում հաջող են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն ու աշնանացանի ընթացքը: Սակայն, ինչպես սեպտեմբերի 9-ի «Հացի խնդիր» հրապարակման մեջ էինք նկատել, Սյունիքի գյուղերում՝ հատկապես Գորիսի տարածաշրջանում գերխոնավությունն արդեն իր «սեւ գործն» արել է: Մարդիկ չեն կարողացել բերքը հավաքել ու էլ չեն հավաքի, բերքը փչացել է: Նման վիճակ է Հարժիս, Հալիձոր, Տաթեւ եւ էլի այլ գյուղերում՝ մոտ 700-800 հետկար արտ բերք չի տվել: Այս տարվա հոկտեմբերի 12-21-ը մարդահամարին լիովին պատրաստ է միայն Քաջարան քաղաքը. փողոցներն ու շենքերը կրում են հասցեային ցուցանակները, մյուս համայնքներում մարդահամարի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են: Կապանի փողոցներում փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիները տեղյակ չեն, որ երեք շաբաթ անց բոլորիս հաշվելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930