Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱՂԸԴ ՍՊԱՍԵՔ»

Սեպտեմբեր 28,2011 00:00

\"\"«Առավոտի» ձայնագրիչը շպրտելով՝ սպառնում է ամբաստանյալը

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (Արտաշատի նստավայր), դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ ավարտվեց Արման Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արա Վարդանյանին ծեծի ենթարկելու, նրան ծանր գանգուղեղային վնասվածք հասցնելու եւ մահվան հասցնելու համար:
25-ամյա Արա Վարդանյանը 3 օր մնալով կոմայի մեջ, գիտակցության չգալով՝ մահացել է:
Երեկ մեղադրող Արսեն Արսենյանը հանդես եկավ մեղադրական ճառով եւ ասաց, որ նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները հաստատվել են դատարանում: Նա միջնորդեց, որպեսզի 9 տարվա ազատազրկման դատապարտվեն Կարեն Կարապետյանն ու Արման Հակոբյանը:
Տուժողի իրավահաջորդ Գեղամ Վարդանյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց նախաքննության մարմնի կողմից թույլ տրված մի շարք թերությունների վրա: Մասնավորապես, դեպքից 2 օր հետո է հարուցվել քրեական գործ:
Դեպքից 1 օր հետո ոստիկանության Արարատի բաժնում գտնվող կասկածյալներ Ա. Հակոբյանը եւ Կ. Կարապետյանը ոստիկանության կողմից բաց են թողնվել, որը, ըստ փաստաբանի, հնարավորություն է տվել, որպեսզի կասկածյալները ազատորեն հաղորդակցվեն իրար հետ, նաեւ «ռազբորկայի» կանչված եւ Արա Վարդանյանին ծեծի ենթարկածների հետ:
Այսպիսի բացթողումները շատ են, սկսած «ալկոհոլային թունավորմամբ» ախտորոշմամբ Արային հիվանդանոց տանելուց՝ մինչ նրան մահացու վնասվածք հասցնելը: Ըստ փաստաբանի, Արա Վարդանյանի դեմ կռվին մասնակցել են շատերը, բայց «խմբի մասին» գործի նյութերում անգամ ակնարկ էլ չկա: Փաստաբանն իր պաշտպանական ճառում տվեց մի քանի անուններ. Վահիկ, Մնացական Մկրտչյան: Փաստաբանն ասաց, որ ամբաստանյալները մեղավորության զգացում ցույց չեն տվել: Իսկ դա հաստատվեց դատական նիստերի դահլիճում, երբ «Մստո» մականունով Արման Հակոբյանը ոչ միայն սպառնաց լրագրողիս՝ «սաղըդ սպասեքով» եւ ձայնագրիչս շպրտելով կողքի սեղանի վրա, այլ տուժողի հորը վիրավորելով, ագրեսիվ կեցվածք դրսեւորելով որդեկորույս ծնողների եւ Վարդանյանների ընտանիքի նկատմամբ. «Փորձանք է, պատահել է, էլի» ասում էր նա:
Ի դեպ, մեր ձայնագրիչը զայրացրեց նաեւ ամբաստանյալ Կարեն Կարապետյանի փաստաբան Արթուր Սարգսյանին, որը դատարանին դիմելով հարցրեց, թե արդյոք դատարանը թույլատրե՞լ է, որպեսզի նիստը ձայնագրվի: Ստիպված էինք փաստաբանին իրավաբանական օգնություն ցույց տալ, ընդամենը հղում անելով «Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքից: Չնայած դրան, երբ ձայնագրիչը ստացա, այն անջատված էր:
Հիշողությամբ վերարտադրեմ, որ այս փաստաբանը պատժաչափի դեմ առարկեց, կասկած հայտնեց Արա Վարդանյանին բուժօգնություն ցույց տված անձնակազմի վերաբերյալ, ակնարկելով բժշկական սխալի հետեւանքով նրա մահվան մասին: Ամբաստանյալ Արման Հակոբյանի պաշտպանը ցավակցեց տուժողի հարազատներին, ասաց, որ իր պաշտպանյալի ընտանիքը փորձել է Վարդանյաններին նյութական օգնություն առաջարկել, ինչը մերժվել է: Նա խոստացավ, անկախ դատարանի դատավճռից՝ առաջարկել օգնություն եւ հարաբերությունները վերականգնելու համար բանակցություններ. «Արման Հակոբյանը չէր ցանկանա, որ լիներ դեպքը: Թե քանի հարված է եղել, չի կարող ասել, թե ում հարվածից է պատճառվել մահը, հայտնի չէ, քանի որ ցուցմունքները իրարամերժ են»:
Նա դատարանի ուշադրությունը գրավեց այն հանգամանքի վրա, որ Արա Վարդանյանը կռվից հետո ինքնուրույն հեռացել է, կապտուկներ կամ վնասվածքներ չեն եղել, որից իր պաշտպանյալը եզրակացներ, թե նրա վիճակը եղել է մտահոգիչ: Ի դեպ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանում խնայելով տուժողի մորն եւ հորը, չներկայացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Այնտեղ խոսք է գնացել բազմաթիվ վնասվածքների, հատկապես գլխին հասցված հարվածների մասին:
Դատավոր Խաչիկ Հովհաննիսյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, երկու ամբաստանյալներին դատապարտեց 7, 5 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել